ԿարևորՏնտեսական

Որքանով է հավանական գազի գնի բարձրացումը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  ստացել է  «Գազպրոմ Արմենիա»–ի հայտը, որով ընկերությունը, ըստ էության,  կապույտ վառելիքը հուլիսի 1-ից թանկացնելու հայտ է ներկայացրել։

Սրան զուգահեռ Հայաստանի կառավարությունը բանակցելու է մայր Գազպրոմի հետ՝ սահմանին գազի գինը նվազեցնելու համար։ Ինչպես հայտնի է՝ այս հարցով նամակ է հղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հետաքրքիր է, որ այս երկու գործընթացները մեկնարկել են գրեթե զուգահեռ։ Եթե գազի գինը չհաջողվի նվազեցնել եւ բավարարվի սակագինը բարձրացնելու Գազպրոմ Արմենիայի հայտը, ապա պետությունը կմիջամտի՝ մեղմելով սոցիալապես անապահով խավերի վրա դրա ազդեցությունը՝ վստահեցնում են իշխանության ներկայացուցիչները։

 «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նախատեսում է բնական գազի գինը բնակչության համար բարձրացնել: Մասնավորապես, ընկերությունն առաջարկում է հուլիսի 1-ից ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար, որոնք տարեկան մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազ են օգտագործում, մեկ խորանարդ մետրի համար 100 դրամի սակագնից բարձրացնել 135.9 դրամ:  

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որ նամակով դիմել է ռուսական Գազպրոմին՝ սահմանին գազի գինը նվազեցնելու համար, երեկ Հ1-ին տված հարցազրույցում Գազպրոմի հայտը որոշ չափով սպասելի է համարել։

«Այս պահին միջին սակագինը 255 դոլարին համարժեք է։ Երբ այս սակագինը հաստատվել է, գինը սահմանին կազմել է 150 դոլարին համարժեք։ Այսինքն՝ այդ մարժայով Գազպրոմն աշխատել է, որից հետո գինը սահմանին 15 դոլարով աճել է, բայց սակագինը չի աճել՝ Գազպրոմի մարժան կրճատվել է։ Բնականաբար Գազպրոմը՝ հայկական, ադեկվադ ցանկություն ունի կոմպենսացնել իր մարժայի նվազեցումը»,- ասաց փոխվարչապետը։

Սակագնի ու մարժայի շուրջ քննարկումները ընթանալու են զուգահեռ։ Մհեր Գրիգորյանն ասում է, որ հայտը դեռևս գազի թանկացում չի նշանակում։ Հանձնաժողովը դեռ պետք է քննարկի, ուսումնասիրի, փորձագետների ու մասնագետների լսի, հետո միայն որոշում կայացնի։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հույս ունի, որ լուծում կգտնվի՝ ՀԾԿՀ-ում հարցի քննարկման համար առկա 90 օրվա ընթացքում։  

«Եթե ժամանակին գազի գնի բարձրացումները, բացի բուն սոցիալական նշանակությունից, բողոքի առարկա էին դառնում այն պատճառով, որ մարդիկ համոզված էին, որ պետությունը իրենց շահերը չի պաշտպանելու, այս դեպքում, կարծում եմ, այդ մտավախությունը չկա։ Այսինքն, օբյեկտիվ վերլուծություն է լինելու»,- նշեց Թունյանը։    

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նույնպես ուսումնասիրության արդյունքներն ու որոշումն ավելի կարեւոր է համարում, քան բուն հայտը։ Մհեր Գրիգորյանն առաջարկեց սպասել՝ մինչեւ գազի թանկացման կամ չթանկացման, առավել եւս՝ դրա չափի ու 5 խմբերի միջեւ բաշխվածքի մասին դատողություններ անելը։ Նա նկատեց, որ 36 տոկոս բարձրացման մասին խոսակցություններ են շրջանառվում, մինչդեռ հայտով, կարծես թե, 11 տոկոսի մասին է։

«Իհարկե, բոլորիս հստակ եւ միանշանակ նպատակն է, որ առնվազն սակագնի թանկացում տեղի չունենա եւ ավելին, իհարկե, ցանկություն կա, որպեսզի գազի գինը եւ գազի սակագինը նվազի»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Միաժամանակ նա շեշտեց, որ դրամատիզմ պետք չէ տեսնել անգամ վատագույն սցենարի դեպքում։ Ասաց, որ ներքին բաշխումների հնարավորությունները շատ են եւ բալանսավորման տարբերակներ կգտնվեն, որպեսզի այդ բարձրացումը ծանր հետեւանքներ չունենա տնտեսության կամ սոցիալական խավերի համար։

Վստահեցրեց, որ նեգատիվ հետեւանքները կկոմպենսացվեն։

«Եթե նույնիսկ իրադարձությունները վատագույն սցենարով զարգանան, այսինքն՝ սահմանին գինը մնա նույնը, հայտով ներկայացված մարժան ամբողջությամբ բավարարվի, մենք շատ մեծ, այսպես ասած, թվային, համակարգային խնդիր չունենք եւ այդ խնդիրները լուծելի են։ Պարզապես մեր ցանկությունն է, բնականաբար, որ այդ խնդիրները լուծվեն հենց գների գործիքակազմով, այլ ոչ թե հավելյալ բյուջետային գործիքներով»,- ասաց փոխվարչապետ Գրիգորյանը։

Անդրադառնալով Հայաստանին մատակարարվող գազի գինը սահմանին նվազեցնելու կառավարության նախաձեռնությանը՝ «Օրբելի» վերլուծական կենտրոնի էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը կարծիք հայտնեց, որ նախաձեռնությունը տեղին է եւ ժամանակին.

«Կարծում եմ, որ այս ուղղությամբ հնարավոր են խելամիտ լուծումներ, և շատ կարևոր է, որ այդ լուծումներն ունենան ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ հեռանկար»,- նշեց փորձագետը։

Նրա դիտարկմամբ՝ գազի գնի նվազման համար իրական հիմքեր կան։ Մասնավորապես՝ շոշափելիորեն նվազում են նավթի համաշխարհային գները, ինչը  միջնորդավորված ազդում է գազի գների վրա։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նույնպես կարծում է, որ նավթի շուկայում տեղի ունեցող զարգացումներից ակնկալվում էր գազի գների նվազում, ինչը տրամաբանական կլիներ։

«Սակայն  դրա փոխարեն մենք տեսնում ենք ոչ միանշանակ դրսեւորում եւ ոչ ադեկվադ։ Այս պարագայում , կարծում եմ, որ դժվար է լինելու հայկական կողմի գործը, բայց,  այնուամենայնիվ, պետք է պատրաստ լինել այդ բանակցություններին եւ լուրջ փաստարկներ բերել առ այն, որ տնտեսական համագործակցության մեջ միակողմանի շահեր չեն կարող լինել»,- ասաց տնտեսագետը։  

Պետք է հաշվի առնվեն երկու կողմերի՝ ե՛ւ  գազ մատակարարող ընկերության, ե՛ւ սպառողների շահերը՝ եզրափակում է տնտեսագետը։      

Back to top button