ԿարևորՏնտեսական

Բիզնեսի աջակցության նոր փաթեթներ կլինեն

Կառավարությունն աջակցության նոր գործիքներ է մշակում՝ բիզնեսի աջակցության համար։  Մինչ նոր գործիքների  ներդրումը, արդեն հաջորդ շաբաթվանից բանկերի կողմից  հաստատված հայտատուների համար ֆինանսական միջոցները հասանելի կլինեն։ Մանրամասներն այսօր լրագրողներին է փոխանցել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա նաև նշել է, որ  տարվա կտրվածքով դեռ վաղ է տնտեսական աճի կանխատեսումներ  անելու համար։ Նաև հայտնել է, որ կառավարությունը նախատեսում է ավելացնել ծախսերը, նաեւ՝ պարտքը, բայց խելամիտ սահմաններում։

Կառավարության մշակած կորոնավիրուսի  տնտեսական  հետևանքները չեզոքացնող  աջակցության   չորս ծրագրերի հայտերի ընդունումն արդեն սկսվել   է։ Ծրագրերի նպատակը, ըստ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի,  արագ եղանակով ֆինանսական միջոցները հասանելի դարձնելն է  այն կազմակերպություններին, որոնք առևտրային բանկերի համար հուսալի գործընկեր են։ 

Հայտերի ընդունումը նոր է սկսվել, սակայն ՓՄՁ –ին առաջարկող գործիքից օգտվելու համար 120-ից ավելի հայտ է ստացվել՝ 1․4 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։ Դրանք այն կազմակերպություններն են, որոնք 2019-ին ունեցել են 24 մլն -500 մլն դրամ շրջանառություն, օրինապահ հարկ վճարող ու վարկառու են։ 

«Դիմումները ստանալուց  հետո ենք պարզում արդյո՞ք այդ կազմակերպությունները ունեցել են հարկային ու վարկային կարգապահություն։Սկզբում ենթադրում էինք, որ դիմորդները գիտեն, որ պետք է ստուգումը կատարվի՝ չեն դիմի, եթե   ակնհայտորեն այդ շրջանակի մեջ չեն։ Այնուամենայնիվ ստուգում ենք»,- ասաց Էկոնոմիկայի նախարարը։

Գյուղոլորտում իրականացվող աջակցության ծրագրերը նոր չեն, նոր են աջակցության ծավալները։

Ուղղությունները գրեթե նույնն են, ունեն մեկ կարևոր նորություն․

«Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողները կարող են  դիմել ու մինչև 1 մլն դրամ միկրովարկեր ստանալ։  Կարծում ենք, որ սա էապես կավելացնի ծավալները։ Առանձնահատոկ ծրագրեր ունենք գյուղատնտեսական կոոպերատիվների համար։ Կարծում ենք, որ այդ հնարավորությունը բավականաչափ պարզաբանելու ճանապարհ պետք է անցնի»,-նշեց նախարարը։

2019 թ ընթացքում գյուղոլորտում ավելի քան 9 հազար շահառու  53 մլրդ դրամի վարկային կամ լիզինգային միջոցներից  է օգտվել։  Ակնկալվում  է, որ   2020-ին գումարը 1․5 անգամ ավելի կլինի. առնվազն 10 հազար շահառու և  60 մլրդ դրամից  ավելի գումար։ Աջակցության նոր գործիքներ նույնպես կլինեն։ Կառավարությունը նախատեսում է ավելացնել ծախսերը, նաեւ արտաքին պարտքը, սակայն խելամիտ սահմաններում։

«Պարտքը նույնպես մեր ժողովուրդը և հասարակությունն է վերադարձնելու։ Ինչպես ցանկացած անհատ կվարվեր նման դեպքում, պետք է հաշվի առնել, որ այսօր այդ միջոցները, եթե անրաժեշտ են, պետք է վերցնել, ծախսերը կատարել, սակայն  գալու է նաև այդ վարկերի վերադարձման ժամանակը»,- ասաց Խաչատրյանը։

Կենտրոնական բանկի գնահատականների համաձայն՝ կորոնավիրուսի տարածումը և դրա դեմ ուղղված հակահամաճարակային միջոցառումները 2020-ին զգալիորեն կճնշեն տնտեսական ակտիվությունը։ Գլխավոր դրամատան կանխատեսումներով՝ 2020թ. տնտեսական աճը կկազմի 0․7 %։

Տնտեսական ակտիվության դանդաղումը ակնհայտորեն կազդի հարկերի հավաքագրման վրա և ԿԲ-ն գնահատել է պահպանողական սցենար, ինչը ենթադրում է 2019 թ. հարկեր/ՀՆԱ ցուցանիշի պահպանում։ Միևնույն ժամանակ Կենտրոնական բանկն ակնկալում է, որ տնտեսական աճը կվերականգնվի արդեն 2021-ին և կարող է կազմել 7,2%:  Նախորդ տարեվերջին ԿԲ-ն այս տարվա համար կանխատեսում էր 5,3% տնտեսական աճ, իսկ Կառավարությունը՝ 4,9%։ 

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այս  պահին  տարվա համար տնտեսական կանխատեսումներ չի անում․ 

«Բնականաբար արտահանողներն են դժվարություններ կրում, նույն շուկաներում, նույն պատճառով։ Նաև ներքին  շուկայի կազմակերպություններն ունեն այդ դժվարությունները։ Դա կոնկրետ իրավիճակի գնահատական է։ Մենք գտնում ենք, որ այս տարին այն տարին է լինելու, որ էական է  լինելու տնտեսական արդյունքի կրճատումը այն կանխատեսումների համեմատությամբ, որոնք տարվա սկզբին էին արված։ Մենք վաղ ենք համարում տարվա կտրվածքով հաշվարկենր հրապարակելու համար։ Այդ ամենը կախված է նրանից, թե մենք որքանով կվերաբերենք  մեր այն պարտականությունենրին, որոնք այսօրվա իրավիճակով թելադրված են»,- նշեց նախարար Խաչատրյանը։

Ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների՝  մասնավոր տրանսֆերտների կրճատման կանխատեսումներում թե՛ Տիգրան Խաչատրյանը,  թե՛ ԿԲ-ն համակարծիք են։ Տնտեսության ոլորտի պատասխանտուները վստահ են՝ սա նաև նոր հնարավորություն է տնտեսության վերաիմաստավորման համար․

«Սա մեկ բան է ցույց տալիս, որ մենք կարող ենք արտադրել , ունենալ այնպիսի տնտեսություն, որն աճում է  բարձր  տեմպերով։  Չնայած 2020-ի դժվարություններին՝  մենք արագ կվերականգնենք տնտեսական ակտիվությունն ու պոտենցիալը»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

Տնտեսության վերաձևակերպման, նոր ոլորտների մասին այս պահին կանխատեսումներ չեն ներկայացվում։ Նախարարը հորդորում է  սպասել․  դժվար ժամանակը կանցնի, կներկայացնեն կանխատեսումներն ու հաշվարկները։

Back to top button