ԿարևորՀասարակություն

Օնլայն դասարանի դուռը փակ պահեք․ փորձագետները՝ աշակերտներին ու ուսուցիչներին

Արդեն երկրորդ շաբաթն է Հայաստանում դասերը հեռավար են ու օնլայն։

Ամեն երկրորդն արդեն  գիտի Zoom ծրագրի մասին, որը դարձել է  դասերն օնլայն անցկացնելու հիմնական հարթակը արտակարգ դրության պայմաններում ։

Տեղեկատվական անվտանգության մասնագետները, սակայն,  խոսում են ծրագրից օգտվելու հնարավոր վտանգների մասին։ Նշում են  մի քանի հստակ քայլեր, որոնք պետք է պահպանել մինչև օնլայն դասասենյակ մտնելը։ Կանոնները, ի դեպ, վերաբերում են և՛ ուսուցիչներին, և՛ աշակերտներին։

Եթե ձեր հեռավար դասի ժամանակ լսվեն անհասկանալի ձայներ, էկրանին հայտնվեն ոչ պակաս անհասկանալի նկարներ, արտահայտություններ ու հաղորդագրություններ, ուրեմն ձեր Zoom-ում Zoom bombing կա։ Ավելի պարզ՝ հակերները կարողացել են մուտք գործել ձեր դասասենյակ։

Կամ գուցե հակերներ չեն, այլ նրանք, որոնց մոտ պատահականորեն հայտնվել է ձեր դասասենյակի ID կոդն ու գաղտնաբառը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը անցանկալի հյուրերից խուսափելու համար թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար մի քանի խորհուրդ ունի։

Դրանցից  առաջնայինը՝ ոչ մի դեպքում դասասենյակի մուտքի տվյալները չտեղադրել բաց, բոլորին հասանելի խմբերում։

Տեղեկատվական անվտանգության հարցը հեռավար լայնածավալ այսպիսի գործընթացի պարագայում առաջնային է ու շատ կարևոր՝ ասում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը. «Մենք այս խնդիրը բարձրաձայնել ենք և նաև դիմել իրավապահ մարմիններին՝ խնդրելով ընդհանուր առմամբ հեռավար ուսուցման կազմակերպման գործընթացում համագործակցել մեզ հետ, քանի որ այս իրավիճակում երեխաներն ակտիվ օգտվում ենք համացանցից»։

Երեխաների անվտանգության պահպանումը համացանցային տիրույթում ամենակարևոր հարցերից է՝ հեռավար ուսուցում կազմակերպելիս, ասում են կրթական գերատեսչությունից։

Ու ավելացնում, որ դեռ 2018–ին նախարարությունը հաստատել է երեխայի անվտանգության կանոնների ուղեցույց, որը թույլ է տալիս և՛ ծնողներին, և՛ երեխաներին հասկանալ, թե որոնք են համացանցում հանդիպող հիմնական ռիսկերը։

Ասում են՝ ուղեցույցի լեզուն պարզ է, մատչելի, հասանելի ԿԳՄՍ կայէջում։

Ուղեցույցից բացի՝ տեղեկատվական անվտանգության փորձագետը հիշեցնում է՝ քայլերը բարդ չեն, դրանց հետևել է պետք։ Օնլայն դասարանի դուռը պահել փակ ու ներս թողնել միայն աշակերտներին։ Աշակերտներն էլ պետք է այլ մարդկանց օնլայն դասի չհրավիրեն։

Մեզ դպրոցում հաճախ էին ասում՝  դասի ժամանակ դասարանից դուրս չգալ։ Ըստ էության՝ շատ բան չի փոխվել։ Մնացե՛ք տանը, մնացե՛ք ձեր դասարանում՝ ուսուցչի հետ, իսկ դասարանում եղածը  թող մնա դասարանում։

Ցուցադրել ավելի
Back to top button