ԿարևորՀասարակություն

Սահմանային կետերից 172 հոսպիտալացվածների մեջ եղել են վարակակիրներ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը  մինչ կներկայացներ մշտադիտարկման արդյունքները, ասաց, որ  վարակի դեպքեր հայտնաբերվել են նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների մոտ։

Հատված Ռադիոլուրի 18․00-ի թողարկումից

«Աշխատակիցները վարակվել էին մարտի 1-ից հետո, երբ միացել էին  «Զվարթնոցի» հերթապահներին՝ օգնելու մեծ թռիչքների ժամանակ։ Այդ ժամանակ էլ Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ-համաճակաբաններից մեկի մոտ հայտնաբերվեց վարակը: Երեկ նա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել է մեկուսացման, մյուս աշխատակից մոտ էլ կասկածել են թոքաբորբ, և երեկ, բարեբախտաբար, հերքվել է  ու, նրա վիճակն այժմ լավ է»,–ասաց Ավագյանը։ 

Իսկ մշտադիտարկման արդյունքները այսպիսին էին․

Մարտի 24-ից մինչ այսօր  257 կազմակերպությունում իրականացվել է մշտադիտարկում, 38-ի դեպքում հայտնաբերվել են խախտումներ, և պարետի ցուցմանը համաձայն՝ 6 ժամով դադարեցվել է այդ կազմակերպությունների գործունեությունը: Դրանից հետո գործունեությունը թույլատրվել է, եթե խախտումը վերացված է եղել։ Մինչև կանոնավոր ուղևորափոխադրումների դադարեցումը մշտադիտարկում է իրականացվել նաև ուղևորափոխադրողների մոտ՝ պարզելու՝ իրականացվո՞ւմ են արդյոք ախտահանման աշխատանքները: 64 կազմակերպությունից խախտում է արձանագրվել 2-ի մոտ, որոնք արդեն հաջորդ երթից շտկվել են:

7 սահմանային հսկիչ կետերն անցել են ուժեղացված հսկման ռեժիմի դեռ հունվարի 24-ից, և այն երկրները, որոնք այդ պահին համարվում էին «անապահով», ժամանողների համար լրացվում էին հարցաթերթիկներ։

Հսկողություն էր իրականացվում՝ արդյո՞ք այդ քարտերը լրացված են, թե՞ ոչ: Խոսքը նաև հեռահար ջերմաչափման, արտաքին զննման մասին է: Ընդհանուր առմամբ, հունվարի 24-ից մինչ այսօր հասցեական 24 172 քարտ է լրացվել, մարտի 19-ից սկսած նաև ինքնամեկուսացման ծանուցագրեր են լրացվել:

Մարտի 22-ից արգելվող 16 երկիրը դարձել 42 երկիր, այդտեղից ժամանողների համար ինքմեկուսացման 11 895 ծանուցագիր է լրացվել, որոնք ուղարկվում են առողջապահության նախարարություն, ոստիկանություն ու պարետատանը կից գործող խմբին։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ մեծ թվով հիվանդացության դեպքերը բերվել են տարբեր երկներից։  ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը տեղեկացրեց, որ 172 հոսպիտալացվածների մեջ եղել են վարակակիրներ, որոնք հոսպիտալացվել են հենց սահմանային կետերից։

 «Հոսպիտալացվել են հենց սահմանային կետերից՝ Զվարթնոց օդանավակայանից, Բագրատաշենից, հետո մենք իմացել ենք, որ այդ մարդկանց մոտ հաստատվել է վարակի առկայություն։ Ուղևորափոխադրման քանակը կտրուկ նվազել է, երեկ «Զվարթնոցում» արձանագրվել է 0 ուղևորափոխադրում։ Հիմա առաջատարը Բագրատաշենն է։ Երեկվա հերթափոխով  186 մարդ է անցել, այդ թվում՝ բեռնատար մեքենաների վարորդներ։ Նրանց մոտ եղել են դեպքեր, որ օտարերկրացիներ են եղել, որոնց մոտ հայտնաբերվել են   վարակի ախտանշաններ, և նրանք հոսպիտալացված են ԲԿ-ներում»,- նշեց ԱԱՏՄ ղեկավարը։

Թեև բժշկական դիմակների վերահսկողությունը մարմնի գործառույթներից դուրս է՝  բայց լրագրողների հարցին ի պատասխան Ավագյանը նշեց, որ մի քանի օր առաջ Պարետատան  նիստին առաջարկվել է համակարգել, այժմ էլ դիմակների ստանդարտն է մշակվում, որից հետո կհաստատվի տեխնիկական կանոնակարգը։ Հակոբ Ավագյանը ասում է, որ իրենց մշտադիտարկումների ընթացքում հաճախ են  ականատես եղել, որ սուպերմարկետներում հենց այցելության պահին գործատուները երբեմն ձևական բնույթ կրող դիմակներ են տալիս աշխատողներին։  Ի դեպ աշխատողները չեն կարող դա մեկ ժամից ավել կրել, քանի որ դրանք պատրաստված են եղել այնպիսի նյութով, որով շնչել հնարավոր չէ։

Back to top button