Հասարակություն

Հիմա համայնքի ղեկավարներից է կախված, թե ինչքա՛ն հող կմշակի համայնքի ժողովուրդը. ԱԺ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի համայնքների ղեկավարներին ուղղված բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով ինքնակազմակերպվել, դուրս գալ դաշտերը, գործի դնել տեխնիկան և լծվել գյուղատնտեսական աշխատանքներին:

«Սիրելի ընկերներ, գյուղատնտեսական աշխատանքների սկիզբն է։ Մի տեղում ցորեն ու գարի են ցանում, մեկ այլ տեղում՝ ելակ ու գազար, անասուն են պահում, այգի խնամում կամ ջերմատուն։

Այսօր ժամանակն է, երբ համայնքը կազմակերպվի որպես մեկ տնտեսական միավոր ու լծվի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը։

Հիմա յուրաքանչյուր համայնքի ղեկավարից է կախված, թե ինչքա՛ն հող կմշակի համայնքի ժողովուրդը։ Հավաքե՛ք մարդկանց, հանե՛ք դաշտերը, պահանջե՛ք կառավարությունից աջակցություն, եթե դրա կարիքը կա։ Կառավարությունը լսում է հիմա ու ձեր կողքն է։

Արդա՛ր եղեք, եթե պետք է բաշխեք ինչ-որ բան՝ հող, միջոց… Ինքնակազմակերպվե՛ք։ Մեր փոխարեն ոչ ոք այս գործը չի կարող անել։ Հերթի տակ դրեք տեխնիկան, գտեք սերմացու ու բերեք համայնք, հավաքեք ժողովրդի գումարն ու միանգամից գնեք պարարտանյութ։

Կապ պահեք ԱԺ և Կառավարության հետ, դուք եք գյուղացու հետ առաջինն աշխատող մարդիկ, դո՛ւք գիտեք՝ ի՛նչ է պետք, որ մի թիզ հող պարապ չմնա։

Անձամբ ինձ ընդունեք որպես ձեր աշխատող ու միջնորդ։ Ձեր վրա է այս հարցի ողջ պարտավորությունը։ Ամեն ինչ չէ, որ օրենքով պետք է սահմանվի, օրենքը մեր հավաքական խիղճն է ու մեր պարտավորությունը մեր ժողովրդի ու ապագա սերնդի առջև»,- գրել է նա։

Back to top button