ԿարևորՀասարակություն

Աջակցություն՝ ըստ կառավարության և «Ֆորտ Բոյար»՝ ըստ Մարուքյանի

Կորոնավիրուով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կառավարության կողմից մշակված հակաճգնաժամային փաթեթն արդեն հաստատված է: Մի քանի ծրագիր արդեն գործարկվում է և գործադիրը նշում է՝ սա դեռ ամբողջը չէ, աջակցությունը շարունակական է լինելու: Մյուս կողմից՝ խորհրդարանական ընդդիմությունը դժգոհում է՝ աշխատում են, առաջարկներ և ծրագրեր մշակում, բայց գործադիրը իրենց չի լսում:

Ընդդիմությունից, օրինակ, բարձրաձայնում են 1 միլիոն 650 հազար վարկառուի խնդիրը: Պնդում են՝ այդ մարդկանց վարկերը անհրաժեշտ է սառեցնել, իշխանական պատգամավորները գործընկերերին ուղղում են՝ ներկայացվող թիվը սխալ է և մանիպուլյատիվ: Այդքան վարկառու Հայաստանում չկա՝ ներկայացված թիվը վարկային հաշիվների թիվն է, ինչը նշանակում է, որ նույն մարդը կարող է մի քանի վարկ ունենալ:

Փորձենք հասկանալ, թե հակաճգնաժամային փաթեթը ինչպես է ընկալվում խորհրդարանական ուժերի կողմից:

Քաղաքացիներին աջակցության 8 ծրագիր՝ 4-ը սոցիալական, 4-ը տնտեսական բնույթի: Սա կառավարության կողմից արդեն ընդունված, այսպես ասենք, հակաճգնաժամային ծրագրերն են: «Չի լինելու ճգնաժամից տուժած որևէ քաղաքացի կամ ընկերություն, որին պետությունը չի աջակցի»,- անընդհատ հավաստիացնում են իշխող ուժի ներկայացուցիչները՝ նշելով, որ քայլերը չեն սահմանափակվելու հաստատված 8 ծրագրերով: Աշխատանքը շարունակական է:

Ճգնաժամն ինչ-որ առումով կարող է դրական հետևանք ունենալ պետական կառավարման ոլորտի համար, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Իրավիճակը նա համեմատում է սթրես-թեստի հետ:

«Այս ճգնաժամը ցույց տվեց, որ մենք ունենք օղակներ ու համակարգեր, որոնք հրատապ փոփոխությունների կարիք ունեն, որ կան ռեֆորմներ, որոնք մենք մտածում էինք մի քիչ ավելի սահուն կերպով կամ մի քիչ ավելի երկարաժամկետ հեռանկարում անել, բայց դրանք հարկավոր է օր առաջ իրականացնել: Օրինակ՝ մենք խոսում էինք եկամուտների ու ծախսերի համատարած հայտարարագրման մեխանիզմի մասին։ Վերջին տարիներին միշտ դրա մասին խոսվել է և միշտ ասվել է, որ հասարակությունը դրան պատրաստ չի, բայց եթե մենք ունենայինք այսօր այդ համակարգը՝ մեզ համար այդ որոշումների կայացումը՝ նույն սոցիալական բնույթի, թիրախային խմբերին օգնելու, շատ ավելի հեշտ ու արագ էր լինելու»,- նշում է Թունյանը:

Պատգամավորը նշում է, որ բոլոր հաստատված ծրագրերը փոխկապակցված են, իրար լրացնող, քանի որ մեկ գործիքով հնարավոր չէ լուծումներ տալ առաջացած խնդիրներին:  Մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունից «Բարգավաճ Հայաստան»-ի և «Լուսավոր Հայաստան»-ի գործընկերները գործադիրի քայլերը բավարար չեն համարում: «Բարգավաճ Հայաստան»-ը կուսակցական քննարկումների ժամանակ առնվազն 27 անհապաղ առաջարկ էր առանձնացրել, որից 7 կետը ներկայացրել էր կառավարությանը:

«Լուսավոր Հայաստան»-ի անդամները առաջարկների թիվը չեն հստակեցնում, բայց պարբերաբար առաջարկներով են հանդես գալիս: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը օրեր առաջ հայտարարեց, որ այս փուլում ձեռնպահ են մնալու կառավարության քայլերին գնահատակ տալուց, բայց արտակարգ դրության ավարտից հետո պատրաստվում են վերլուծել բոլորի քայլերը:

«Պետական բյուջեն պետք է, այո, այս պահին սուբսիդավորի, աջակցություն ցուցաբերվի պետական բյուջեից և երկրորդ՝ բանկերն էլ պետք է վերաիմաստավորեն իրենց շահույթների չափը: Միայն շահույթների, դա չի խանգարի, վերաիմաստավորել, նշանակում է հօգուտ ժողովրդի: Սա արդեն ԿԲ և բանկային համակարգի փոխադարձ համաձայնությամբ պետք է լինի: Պետք է այս փուլում ամեն մեկը, սկսած հեռավոր սահմանամերձ գյուղում ապրող մեր քաղաքացիներից մինչև ԿԲ և մնացած բոլոր պաշտոնյաներ, այս իրավիճակին ադեկվատ վարքագիծ ցուցաբերեն:  Դա չի բերի ինֆլյացիայի, որովհետև մենք գիտենք, որ մեր պահուստները 2.8 միլիարդ է»,-ասում է ԲՀԿ –ից Միքայել Մելքումյանը։

«Մի քաղաքացի էր զանգել, ասում էր՝ դա նմանեցնում եմ «Ֆորտ Բոյարի» պայմաններին՝ ինչ արգելանքներ պետք է անցնենք, որ այդ գումարը ստանանք: Իրապես փաթեթները խորությամբ չեն մտածվել, որի պատճառով բազմաթիվ մարդիկ դուրս են մնում փաթեթների աջակցությունից: Ես ձեզ ասեմ՝ կառավարությունն աշխատում է ինքն իր հետ: Այդ քննարկումների նկարները բացեք նայեք՝ միայն «Իմ քայլ»-ի պատգամավորներն են հրավիրվում, իրենք իրենցով: Դուրս է գալիս, որ իրենք ամեն ինչ գիտեն և որևէ մեկի կարիքը չունեն: Մինչդեռ կարելի էր ավելի ներառական լինել, հրավիրել տարբեր ուժերից, այս առաջարկները լսել»,- նշում է «Լուսավոր Հայաստան»-ից Էդմոն Մարուքյանը:

Ընդդիմադիրներն իրենց առաջարկներում խոսում են վարկերի սառեցման մասին, պարգևավճարների ֆոնդը վերացնելու և պետբյուջե ուղղելու մասին, արտագնա և չգրանցված աշխատողներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու մասին: Առաջարկները կարելի է երկար թվարկել: Դրանց բոլորին իշխանական թևում ծանոթ են, բայց առաջնորդվում են հստակ հաշվարկներով:  

«Այստեղ պետք է անկեղծ լինել ու չփորձել ականջահաճո հայտարարություններ անել: Իհարկե, հասարակության և վարկ ունեցողների համար շատ հաճելի է լսել, որ հնարավոր է, որ իրենց վարկերը սառեցվեն կամ տոկոսները կանգնեցվեն և այլն, բայց այստեղ կան որոշակի օբյեկտիվ սահմանափակումներ:  Եթե մենք բանկի եկամուտը փակում ենք մի կողմից, մյուս կողմից այդ բանկը խնդիր է ունենալու ավանդները վճարելու հետ կապված: Նման հարցերում շատ զգույշ է պետք է մոտենալ, որովհետև դա կարող է բերել ֆինանսական համակարգի կայության խախտմանը, իսկ նման բան որևէ մեկը չի ցանկանում անել»,- ասում է Բաբկեն Թունյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հավաստիացնում է՝ պետությունն այս պահին գումարի խնդրի չունի: Պարզապես անհրաժեշտ է այդ գումարը խելքով ծախսել:

«Պետք է հասկանանք՝ աշխարհը որ ուղղությամբ է գնում ու ոչ թե հետևից գնալ, այլ՝ այդ թրենդները հասկանալով փորձենք ինչ- որ մի տեղ նաև առաջամարտիկ լինել, այսինքն՝ մի քանի նիշաներ հաստատ ազատվելու են: Մենք պետք է հասկանանք, թե մեր ռեսուրսներն ու հնարավորությունները որտեղի համար են հերիք ու այդտեղ գնալ առաջ: Իմ կարծիքով, մեր տնտեսվարողները այդ առումով բավականին ճկուն են, խելացի են, ավելի շատ գիտելիք ու հոտառություն ունեն, քան՝ կառավարությունն ու որոշում կայացնողները եւ կոնսենսուսային կամ համագործակցային ձևով, եթե ինչ որ ուղղություններ այդպիսի կլինեն, կառավարությունն ինքն էլ կամ կհուշի, կամ կաջակցի»,- ասում է Թունյանը:

Մի հարցում բոլոր տնտեսագետները համամիտ են՝ կորոնավիրուսից հետո ամբողջ աշխարհում թե հանրային, թե կառավարման վարքագիծը փոխվելու է: Այնպես որ, շահած դուրս գալու համար առաջին հերթին անհրաժեշտ են ոչ թե պահի լուծումներ, այլ՝ ճշգրիտ հաշվարկներ:

Back to top button