Կապանում հաստատվել է կորոնավիրուսի 9 դեպք, Մեղրիում՝ 8
Ապրիլի 2-ի ժամը 10։00-ի դրությամբ Սյունիքի մարզի Կապան համայնքում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 9 դեպք, իսկ Մեղրի համայնքում՝ 8 դեպք, հայտնում են Սյունիքի մարզպետարանից:
«Վարակի տարածման հետագա միտումը նվազեցնելու և տարածման շղթաները կոտրելու նպատակով՝ հորդորում ենք խստորեն հետևել հանրապետությունում արտակարգ դրության պայմաններում պարետատան սահմանած սահմանափակումներին, մնալ տանը՝ ինքնամեկուսանալ, տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության պարագայում, պահպանել անձնական հիգիենայի բոլոր կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մարզպետարանից հիշեցնում են, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար պատասխանատվություն է սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 182.3-ով։
Մասնավորապես՝ որպես սահմանափակում
նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու
իրավունքի այլ սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝
100-250 հազար դրամի չափով: