ԿարևորՀասարակություն

Ապրիլյանի բովով անցածները

2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2–ի  գիշերը  հակառակորդը,  խախտելով հրադադարի ռեժիմը, լայնածավալ հարձակում  սկսեց  Արցախի մի շարք բնակավայրերի ուղղությամբ, որը հետո պիտի ստանար «քառօրյա» կամ  «ապրիլյան պատերազմ» անվանումը։

Հերոսների մասին պատմելու շատ բան կա։  Վերջերս  հերթական այցս  էր   Պաշպանության  բանակի  դիրքեր։ Զինվորների օգնությամբ բարձրանում ենք առաջնագիծ։ Ամբողջ ճանապարհին նրանք  լուռ են, հարցերիս պատասխանում  են կցկտուր։  Բարձրանում ենք  այն վայրը, որտեղ  սկսվել էր ապրիլյան պատերազմը։

«Չենք ընկճվում  ոչ մի բանից,  մեր ժողովրդին ուզում եմ ասել , որ մեր զորքերը շատ ամուր են ու մեր տված փոքր հատվածը նորից հետ ենք վերադարձնելու»։

Հիշում եմ ՝  4 տարի առաջ, երբ զինադադարից հետո   այցելեցի դարձյալ նույն վայրը, այնտեղ օդում կանգնած լռություն կար։  Այդ օրերին դժվար էր մոտենալ ու զրուցել տղաների հետ, բայց նրանց ինքնավստահ ու խրոխտ  տեսքը ուժ էր տալիս ու հարցազրույցը սկսվում էր  այսպես․ «Ի՞նչպես սկսվեց, որտե՞ղ էիք»։  Պատասխանները գրեթե նույնն էին, պատմում էին շատ հանգիստ, կարծես ոչ թե թշնամու հետ կենաց ու մահու պայքար էին մղել, այլ պարզապես, ինչպես իրենք էին ասում, «իրենց առջև դրված խնդիրն են կատարել»։

Առավել դժվար է, երբ զրուցակիցդ որդի կորցրած ծնողներ են։ Բայց  երբեմն   հենց նրանք  են  օգնում հարցերդ շարադրելու ու զրուցելու հարցում։ 

Զրուցակիցս Բենիամին –Մոնթե  Եղոյանի ընտանիքի անդամներն են ։  Հայրը  արցախյան ազատամարտի մասնակից, զինվորականների շրջանում հայտնի Բատյան է, Վազգեն Սարգսյանի ընկերը,  ՀՀ ՊՆ ֆիզպատրաստության բաժնի պետը:  Բանակում ծառայել է 1995-2011 թթ: Որդին՝ ավագ լեյտենանտ, տանկիստ  Մոնթե — Բենիամին Եղոյանը   զոհվել է  ապրիլի 3-ին: Նա  ռազմական գործողությունների ժամանակ օգնության էր  գնացել Ջաբրայիլի զորամաս:

 «Այլ մասնագիտություն չէր կարող ընտրել իմ Բենոն», — ասում է  Ներսես Եղոյանը, հավելում՝  1994-ին իրենցով պատերազմը կավարտվեր, բայց հակառակորդը կռիվ մոգոնեց և իր երիտասարդ տղան 2016 թվականի ռազմական գործողությունների ժամանակ զոհվեց։  Մայրը պատմում է, որ ամուսնու ընկերները,  երբ գալիս էին որդուն տեսության,  կրակված փափուշտներ էին բերում։

Քառօրյա պատերազմից   հետո դիրքերն  ավելի  են ամրապնդվել  ՝ ասում  է քառօրյա պատերազմի  մասնակից  Դանիել Դավթյանը։ Պատերազմի ժամանակ նա լուրջ վնասվածքներ էր ստացել: Հիշում է, որ  4 տարի առաջ այս  օրը անձրևում էր,  անձրևը  դադարեց ու սկսվեց մարտը։ Հայկական զինուժը առաջին մի քանի ժամից հետո կարողացավ առավելության հասնել, նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը եւ հակառակորդին կրկին զինադադար պարտադրել։  Դանիելն այսօր արդեն  ծաղկիկները ձեռքին բարձրանում է  Եռաբլուր պանթեոն։

Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ 4 կրակոցով 3 տանկ խոցած, գյումրեցի «ապրող ու ապրեցնող հերոս» ․ այսպես  բնութագրում են   Շուլի  Հակոբյանին։ Նա Արցախի Հանրապետության ՊԲ նախկին զինծառայող է,  ավագ սերժանտ, 2016 թ-ին պարգևատրվել է  «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:  Պատմում է, որ քառօրյա պատերազմը շատ բան է փոխել իր մեջ: Ապրիլի 4-ի առավոտյան, երբ Շուլին արդեն Թալիշի ամենավտանգավոր դիրքերից մեկում էր, երևացին հակառակորդը տանկերը ։ Որոշելով  կրակել ոչ թե խրամատից, այլ ավելի բարձրից՝ Շուլին դուրս է գալիս խրամատից ու արձակում առաջին հարվածը: Մի քանի րոպեում 3 տանկի խոցվելուց հետո թշնամին հասկանում է, որ անզոր է:

Զրուցակիցներս  ապրիլյան պատերազմի բովով անցած մարդիկ են։ Մեկն  այսօր էլ սահման է պահում, մյուսը հերոսի մայր է, մյուսը պատերազմը հաղթած, վիրավոր վերադարձած զինվոր, մյուսն էլ՝ ապրիլյանից  հետո զինված ուժերի շարքը համալրած։ Հենց այս մարդկանց շնորհիվ մենք կարողացանք  պարտադրել խաղաղությունը ՝ զենքով ու խելքով։ Իսկ հիմա, ինչպես  զրուցակիցս  է նշում,  հայրենասիրությունից  պետք է անցնել հայրենաշինության։

Back to top button