ԿարևորՀասարակություն

Որքան աջակցություն կստանան օրավարձով կամ չգրանցված աշխատողները

Հայաստանում սկսվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի մի մասի հայտերի ընդունման գործընթացը։ Սրան զուգահեռ գործադիրում այսօր  նոր փաթեթ են հաստատել ՝այս անգամ այն վերաբերում է չգրանցված կամ  օրավարձով աշխատողներին։

Աջակցությունը միանվագ է, կստանան մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները՝ յուրաքանչյուր երեխայի համար 26500 դրամի չափով։ Սա Հայաստանում նվազագույն նպաստի ու կենսաթոշակի չափն է։ Սա կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու 9-րդ ծրագիրն է։ Դրանց մի մասն արդեն սկսել է գործել, մյուսները՝ ապրիլի 9-ին են սկսվելու։

Անչափահաս երեխաներ ունեցող, սակայն, եկամուտ  չունեցող, օրավարձով  կամ  չգրանցված  աշխատանք ունեցող   ընտանիքներին կառավարությունը միանվագ գումար կտրամադրի յուրաքանչյուր երեխայի համար 26500 դրամի չափով։

 «Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը. երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Սա վերաբերում է չաշխատող, միայնակ ծնողներին»,- ասաց Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի  Բաթոյանը։

RA Minister of Labor and Social Affairs Zaruhi Batoyan gives a press conference at the RA Government’s press hall

Աջակցությունից կարող են օգտվել նաև այն ընտանիքները, որոնք անապահովության նպաստառուների համակարգում ներառված չեն։  Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով  էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա: 

Միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների  տվյալները հրապարակվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց ՝ կառավարությունը  խնդիր էր դրել գտնել կարիքավոր խմբերի, որպեսզի աջակցությունը հասցեական լինի․

«Չենք կարողանում հասնել մի սոցիալական  շերտի, որի մի մասը մեր    լավագույն ցանկության դեպքում պետք է այդ կարգավիճակը չունենար։ Խոսքը աշխատող, բայց աշխատանքը չգրանցած անձանց մասին է, և ընդհանրապես որևէ տեղ  չաշխատող ու ընտանեկան նպաստի համակարգում չընդգրկվածների մասին է։ Մենք որոշեցինք, որ հասցեականության և գաղափարականության առումով շատ ճիշտ է, որ այս աջակցությունը երեխաներին տրամադրենք։ Ըստ էության այս ծրագրի իրական շահառուները ոչ թե ծնողներն են, այլ՝ երեխաները»,- նշեց վարչապետը։

Ընտանիքը չի կարող հանդիսանալ շահառու, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի, կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը։

Կառավարությունը միանվագ 100 հազար դրամ սոցիալական աջակցություն  կտրամադրի  նաև  մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող  այն ընտանիքներին, որոնց  ծնողները ազատվել են աշխատանքից այս տարվա մարտի 13-25 ընկած  ժամանակահատվածում։ Աշխատանքից զրկված ծնողի աշխատավարձը վերջին երեք ամսվա ընթացքում 500 հազար դրամը չպետք է գերազանցի։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի կառավարությունը  կորոնավիրուստի տնտեսական հետևանքները  չեզոքացնելու նպատակով այս  պահին աջակցության ինը ծրագիր է հաստատել։ Տնտեսական ուղղվածություն ունեցող ծրագրերի հայտերն ապրիլի 1-ից  արդեն ընդունվում են։ Աջակցություն ՓՄՁ-ին,  կորոնավիրուսից ամենաշատը տուժած ոլորտներին ու ոչ միայն։

Մշակող արդյունաբերության, հանրային սննդի , զբոսաշրջության    ոլորտների  այն տնտեսվարողները, որոնք  2019թվականին  24-500 մլն դրամ  շրջանառություն են ունեղել նույնպես աջակցություն կստանան՝ երեք տարի ժամանակով։ Այստեղ կարևոր պայմանը 2019-ին  հարկային ու վարկային կարգապահությունն է։ Գումարը տնտեսվարողները կարող են ծախսել  աշխատողների աշխատավարձերի, կուտակված հարկային պարտավությունների կամ կոմունալ վճարումներ կատարելու  նպատակով։  Էկոնոմիկայի նախարար  Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց՝ ավելի շատ խորհրդատվական բնույթի զանգեր են ստացել, հայտեր՝ նույնպես․

«Ստացել ենք 10-ից ավելի դիմումներ, դրանք բոլորը բովանդակային առումով   համապատասխանում են այն պահանջներին, որոնք մենք կազմել ու հրապարակել ենք։ Այսօր արդեն ՊԵԿ կուղարկենք թվով հինգ փաթեթ՝ հաստատումը ստանալու համար»,- ասաց Խաչատրյանը։

«Տնտեսվարողները վարկավորվում են առանց բանկ հաճախելու, ավտոմատ»,- նշեց  Էկոնոմիկայի նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց՝ բարեխիղճ տնտեսվարողները ֆինանսական նոր միջոցներ ներգրավվելիս գրավի առարկա ներկայացնելու  կարիք չունեն։

«Պետությունը ձեր փոխարեն երաշխավորում է ձեզ, և դուք կարող եք  անտոկոս վարկ ստանալ, որի առաջին վեց ամիսը ընդհանրապես որևէ ձևով չի սպասարկվի, առաջին երկու  տարին կլինի առանց տոկոսի։ Կարծում եմ, որ սա գործընկերության շատ լավ ձևաչափ ու ցուցանիշ է, նաև մեր շնորհակալությունն է ձեռնարկություններին՝ օրենքով սահմանված իրենց պարտավորությունները պատշաճ կատարելու համար»։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրեց՝ 2-50 աշխատող ունեցող ձեռնարկություններից  միանվագ աջակցություն տրամադրելու փաթեթը նույնպես ապրիլի մեկից գործում է։

Տնտեսվարողները պետք է ներկայացնեն իրենց վճարած եկամտային հարկի մասին տեղեկատվություն․ «Ապրիլի 1-ին ներկայացվել է 1239 հաշվետվություն, այսօր արդեն  տնտեսվարողները, որոնք բավարարում են չափանիշներին, այսօր հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ծանուցումեր կստանան այն մասին, որ իրենք  շահառու են և այսպես ամեն օր մինչև ապրիլի 20-ը»,- ասաց Անանյանը։

«Սա էլ շնորհակալությունն է այն տնետսվարողների, որոնք  աշխատողներին ու աշխատավարձի ֆոնդը չեն կրճատել»,- ասաց վարչապետը։ Կառավարությունը, ընդհանուր առմամբ, մոտ 25 մլրդ դրամ   նախատեսում է  կորոնավիրուսի սոցիալական, նույնքան էլ տնտեսական հետևանքները մեղմելու համար։  80 մլրդ դրամ  նախատեսվում է ծախսել  տնտեսության վերաձևավորման ծրագրերի նպատակով։ Գործադիրում պահուստային գումար էլ կա՝ մոտ 20 մլդր դրամ ՝ անհրաժեշտության դեպքում վերաբաշխումներ անելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close