ԿարևորՀասարակություն

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և «Armenian Wounded Heroes Fund» հիմնադրամը բժշկական պարագաներ են նվիրել Արցախին

Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Հայաստանում գործող «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունն ու «Armenian Wounded Heroes Fund» հիմնադրամը համատեղ նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը տրամադրել են բժշկական պարագաներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանն ասել է, որ ծրագրի շրջանակներում տրամադրել են 87 հատ բարձրորակ պաշտպանիչ բժշկական արտահագուստ (կոմբինեզոն), 100 հատ հատուկ պաշտպանիչ ակնոց և 100 սաղավարտ, 10 հատ սրսկիչ (դեզինֆեկտոր), ինչպես նաև դիմակներ և ձեռնոցներ:

«Մենք կարևորում ենք այս ծրագրի իրականացումը, և, Արցախում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման ու անհրաժեշտ այլ գործողությունների մեծածավալ բնույթից ելնելով, չենք բացառում, որ առաջիկայում կրկին հանդես կգանք նման նախաձեռնությամբ»,- նշել է Դ. Թորոսյանը:

Back to top button