ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսով հիվանդներին բուժող հիվանդանոցների ցանկն ընդլայնվում է

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն այսօր քննարկվել է նաև կառավարությունում։ Արսեն Թորոսյանն ասել է, որ այսօրվա  հայտանաբերված դեպքերը նախորդ օրերի համեմատ շատ են՝ միանգամից 92 դեպք։  Հաշվի առնելով դեպքերի աճը՝  կորոնավիրուսով  վարակակիրներին բժշկական օգնություն կցուցաբերի նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ » ԲԿ–ն։  

Այս պահին կա մոբիլիզացված արհեստական շնչառության 55 սարք, ևս 20 սարք կա  Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ում։ Չինաստանից սպասվում է ևս 100 սարք։ Իսկ ևս 50 սարք առողջապահության  նախարարությունն արդեն պատվիրել է։  

Կորոնավիրուսի դեպքերն այսօր շատացել են:  Երեկ իրականացվել է 328 նմուշի հետազոտություն, որից  92–ի մոտ արձանագրվել է դրական պատասխան, կառավարության նիստում հայտարարեց նախարար Արսեն Թորոսյանը։ Նրանց մեծ մասը կարանտինում են եղել։ Սակայն կան նաև բերովի դեպքեր, որոնց շփման շրջանակը պարզվում է։  Այսօր կա 16 հաստատություն, որտեղ պահվում են  հիվանդության թեթև ընթացք ունեցող քաղաքացիներն ու  հաստատված դեպքերի հետ շփվածները։

9 բժշկական հաստատություն  զբաղվում է  գրեթե միայն կորոնավիրուսով պացինետների բուժմամբ, տեղեկացրեց նախարարը։ Դրանք են՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։

«Հաշվի առնելով թվերի մեծացոումը, մենք որոշել ենք, որ ՀՀ ամենամեծ ԲԿ–ը   նույնպես պետք է զբաղվի այս խնդրով։ Դա գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ն է, որն այսօրվա ընթացքում ամբողջությամբ կդատարկվի և կծավալվի կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց՝ ունենալով ամենամեծ մահճակալային ֆոնդը։ Այնտեղից ռեամնիմացիոն հիվանդները կտեղափոխվեն այլ ԲԿ–ներ, որպեսզի նրանց կյանքին վտանգ չսպառնա  և մենք կսկսնեք ընդունելությունն այնտեղ»,- նշեց նախարարը։

Վաչապետ  Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին  նշեց, որ մեկ օրվա տվյալով պետք չէ հետևություն անել, բայց մենք դեպքերի աճի տեմպի որոշակի վտանգի առաջ ենք կանգնած: Նա կարևորեց  թեստավորման քանակների ավելացումը  և նշեց, որ իրենց ցանկությունն է ախտորոշել հնարավորինս շատ դեպքեր։  Վարչապետի խոսքով՝ իրավիճակը դեռևս վերահսկելի է:

«Կա երկու ծայրահեղություն, մեկը խուճապն է,  որն անթույլատրելի է և որի կարիքը չկա, երկրորդ ծայրահեղությունը համատարած հանգստությունն է: Մենք սկզբնական շրջանում կարողացանք կանխել խուճապային երևույթները, բայց ոնց հասկանում եմ, չափից ավելի շատ ենք կանխել և հիմա չենք կարողանում հանրությանը հետ բերել հավասարակշիռ վիճակի, քանի որ երկրում տիրում է համատարած հանգստություն, որը  սոցիալ- հոգեբանական  տեսակետից լավ է, սակայն համաճարակային տեսակետից պրոբլեմ է: Սիրելի՛ հայրենակիցներ, ես խնդրում եմ այդքան հանգիստ մի վերաբերվեք այս պրոբլեմին»,- ասաց Փաշինյանը։

Հիվանդների 80 տոկոսը չի ջերմում  և  նրանք, ըստ էության,  բուժում չեն ստանում, սակայն պահվում են, որպեսզի չվարակեն մյուսներին, ասաց վարչապետը։  Երկու առողջացած քաղաքացի էլ երեկ է դուրս  գրվել հիվանդանոցից։ Նախարարը հույս ունի, որ  առողջացած դեպքերի թիվը կշատանա։  Սակայն սրան զուգահեռ ունենք 5 ծայրահեղ ծանր պացիենտ, բոլորը  միացված են արհեստական շնչառական ապարատին։  4-ը տարեց քաղաքացիէներ են, որոնք ունեն  նաև քրոնիկ հիվանդություններ,  մեկը՝ երիտասարդ։  

« Նրա հիվանդությունների  շրջանակը պարզման ընթացքում է, քանի որ   շատ ատիպիկ թոքաբորբ է տանում։ Վիճակը ծայրահեղ ծանրն է։ Բժիշկները   բոլորի կյանքի համար պայքարում են»,- ասաց նախարար Թորոսյանը։

Այս հայտարարությունից քիչ անց տեղեկություն ստացանք առողջապահության նախարարությունից, որ «Նորք» ինֆեկցիոն  հիվանդանոցում մահացել է   ինտուբացված  68–ամյա տղամարդ։ Վերջինս ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ։

Երեկ լուր տարածվեց, որ 50 տարեկան հասակում թոքաբորբից  մահացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ  խոսել է երգչուհու հարազատների հետ։ Պարզվել է, որ  գրանցվել է շտապօգնության կանչ և բժիշկները հորդորել են Սարդարյանին տեղափոխվել հիվանդանոց  և թեստավորել, սակայն վերջինս հրաժարվել է։  Հաջորդ օրը Աննա Սարդարյանը մահացել է։ Մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ դիահերձումից հետո պարզ կլինի, նրա մոտ թոքաբորբ եղե՞լ է, թե՞ ոչ։

«Իրենց շրջանակը պարզվում է։ Քույրը վատառողջ է։ Մեր բժիշկները կապ են հաստատել վերջինիս հետ»,- ասաց Նիկողոսյանը։

Բուժանձնակազմից վարակվածներ կան  և ավելանում են։ Դա անխուսափելի է, ասաց նախարարը և փոխանցեց, որ նրանք  երբեմն ոչ թե աշխատանքի վայրում են վարակվում,  այլ   կենցաղային շրջանակներում։ Կոնտակտավորներին  պարզում են ու մեկուսացնում։  Իսկ  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի   վարակված 14 աշխատակիցներն իրենց լավ են զգում։  Նրանց փոխարինում են այլ մասնաճյուղերի աշխատկիցները։      

Համացանցում երեկ տարածվեցին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում  մահճակալներով լցված   նկարներ, որոնք իրարանցում են առաջացրել  հանրության շրջանում։ Արսեն Թորոսյանն  ասաց, որ մահճակալներ են նախատեսվում ոչ միայն մարզահամերգային համալիրում, այլև Հայաստանի բոլոր մարզերում  առանձնացվել են մարզադահլիճներ, դահլիճներ,  որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների՝ միջին ծանրության և միգուցե նաև ծանր պացիենտներին բուժելու  համար։     

«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Եվ դրա մեջ որևէ տարօրինակ բան չկա։ Տարօրինակ կլիներ, եթե այդպիսի սցենարներ չքննարկվեին։ Քննարկվում են նաև ավելի վատ սցենարներ, ինչպես  շատ երկրներում, երբ որ հնարավոր է ընդհանրապես հիվանդանոցներում , այդ թվում մարզադահլիճներում տեղ չլինի պացիենտնմերին բուժելու համար և հենց դրանով է կարևոր մեր բոլորի բարձր պատասխանատվության զգացումը, որ դա թույլ չտանք»,- նշեց Առողջապահության նախարարը։  

Նախարարն ասել է, որ իրականում կարող է լինի այնպիսի մի իրավիճակ, երբ հնարավոր չի լինի գնալ նոր դեպքի հետքերով։ Բայց Հայաստանը դեռ հեռու է այդ ճանապարհից։ Սակայն վիրուսը  հիմնականում  տարածվում է անսիմտոմ եղանակով և դժվար է լինում  հայտնաբերել բոլոր հիվանդներին։ Այդ դեպքում առողջապահական համակարգը զբաղվելու է միայն միջին եւ ծանր  պացիենտներով և թեթև հիվանդներին խորհուրդ է տրվելու բուժվել տանը։ Նման մոտեցում որդեգրել են աշխարհի շատ երկրներ։

«Մեր խնդիրն է չհասնել այդ կետին»։

Հարևան Վրաստանում կորոնավիրուսով դեպքերի թիվը չի գերազանցում  150–ը։ Ցածր ցուցանիշը, ըստ Արսեն Թորոսյանի,  պայմանավորված է  երջանիկ պատահականությամբ։ Իրենց  մոտ 500 հոգանոց արտադրամասում և 100 հոգանոց խնջույքում վարակի դեպք չի գրանցվել։   

Ցուցադրել ավելի
Back to top button
Close