ԿարևորՀասարակություն

Լոռիում անմշակ հողեր պետք է հնարավորինս քիչ լինեն

Լոռու մարզում գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են մեծ թափով, և հողագործությամբ զբաղվող լոռեցիների վստահեցմամբ՝ այս տարի առավել ինտենսիվ են զբաղվելու գյուղատնտեսական աշխատանքներով բնակչության պարենային պահանջարկը ապահովելու համար, առավել ևս, որ պետության կողմից մեծ հնարավորություններ են ընձեռվում դրա համար:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները եղել են Լոռի բերդ, Կողես և Օձուն համայնքներում՝ ծանոթանալով գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին և բնակչությանն իրազեկելով ՀՀ կառավարության 2020թ. մարտի 26-ի թիվ 356-Լ որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման» երկրորդ միջոցառմանը, որի նպատակն է օժանդակել ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսվարողներին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու համար:

Ինչպես հայտնի է, օժանդակության նպատակն է տնտեսվարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու համար:

Հընթացս գյուղական համայնքները պատրաստվում են նաև ոռոգման սեզոնի մեկնարկին և դրա համար իրականացվում են մայր ջրամբարի մաքրման ու վերանորոգման աշխատանքներ:

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանի խոսքով՝ հիմա առավել քան կարևոր է գյուղատնտեսությանը մեծ թափ հաղորդելը:
-Մարզի ղեկավարի դիրքորոշումն է՝ անմշակ հողեր Լոռու մարզում պետք է հնարավորինս քիչ լինեն,-ասում է նա:

Ա. Շահվերդյանի վստահեցմամբ՝ շրջայցերը և իրազեկման աշխատանքները մարզի համայնքներում շարունակվելու են: Մարզի ղեկավարի ցուցումով պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերից օգտվել ցանկացող գյուղատնտեսներին մարզպետարանը կցուցաբերի նաև մեթոդական աջակցություն:

Back to top button