ԿարևորՏնտեսական

Անտոկոս վարկեր գյուղացիներին. ինչ պայմաններ է առաջարկում պետությունը

Կառավարությունն օրերս հաստատեց կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրն ու տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները:

Երեկվանից մեկնարկած կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու միջոցառումների համատեքստում պետությունը քննարկում է տարբերակներ՝ միկրոձեռնարկություններին աջակցելու համար, այդ թվում խոսվում է նաեւ գյուղատնտեսությանն աջակցելու մասին:

Ինչ է առաջարկում պետությունը գյուղատնտեսությանը եւ ինչ են ակնակալում ոլորտի ներկայացուցիչները:  

Կառավարության հաստատած միջոցառումներում ՓՄՁ-երին առաջնային օժանդակություններից մեկն անտոկոս վարկերն են կամ աջակցության վարկերը: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը հայտնելով այդ մասին, նաեւ հստակեցնում է, թե ինչ են նշանակում դրանք.  

«36 ամսով տրամադրվող վարկերն են, որոնց առաջին երկու տարիների՝ 24 ամսվա համար վարկը գործում է անտոկոս պայմանով: Վերջին երրորդ տարվա համար վարկը գործում է 12 տոկոս պայմանով: Վարկը տրամադրվում է անկանխիկ միջոցով»,- նշեց Մարգարյանը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի փոխանցմամբ՝ նրանց համար, ովքեր չեն ցանկանում վարկ վերցնել, նախատեսվում է աջակցության այլ գործիք:

«Նման մարդկանց համար մենք առաջարկում ենք մի քանի տարբերակներ: Օրինակ, եթե ջերմոցային տնտեսությունների կառուցման համար ցանկություն կա, խելացի անասնագոմերի, ինտենսիվ այգիների, ոռոգման համակարգերի ներդրում, տոհմային ոչխարաբուծության նպատակով  արտադրություններ են, ապա այդ տեսակների համար մենք առաջարկում ենք փոխհատուցման տարբերակներ: Յուրաքանչյուրի համար սահմանված է տարբեր տոկոսադրույքներ՝ ըստ հաշվարկների, ըստ վերլուծությունների: Օրինակ եթե խելացի անասնաշենքի կառուցում է, մեր գնահատմամբ 1-ին մոդելը 11 մլն դրամ է, ապա մենք փոխհատուցում ենք 5.5 մլն դրամը»,- ասաց Խոջոյանը:              

Ակնհայտ է, որ ներկայիս ռիսկային ժամանակահատվածում ոչ բոլորը կցանկանան մտնել  նոր վարկերի բեռի տակ: Մանավանդ նրանք, ում համար արդեն իսկ ունեցած վարկերն են խնդրահարույց: 

Իմ զրուցակիցը ֆերմեր Արմեն Մկրտչյանն է.

«Ամեն դեպքում, անտոկոս վարկերը պետության կողմից ձեռք մեկնել է այս դժվար իրավիճակում: Ես արդեն երեք գործող վարկ ունեմ եւ, որպես ֆերմեր, դժվար թե կարողանամ օգտվել այս ծրագրերից: Թեկուզ միայն մայր գումարն էլ որ պետք է վճարվի երկու տարվա մեջ, դա արդեն էլի ռիսկային է՝ չիմանալով, թե վաղն ինչ կլինի: Ի վերջո, քո արտադրանքը պետք է գնի  ժողովուրդը եւ կարող է վաղը նա գնողունակ չլինել՝ այդ հնարավորությունը չունենա ու դու էլ մայր գումարն էլ չկարողանաս վերադարձնել: Բայց եթե, տա Աստված, որ էս ամեն ինչը վերջանա, իհարկե, անտոկոս վարկը գյուղացու համար փրկություն է էս նեղ պայմաններում, էս  նեղ պահին»,- ասաց ֆերմերը:

ՓՄՁ-երի աջակցության այս միջոցառումների ծրագիրը երեկվանից՝ ապրիլի մեկից մեկնարկել է: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր կառավարության նիստում տեղեկացրեց, որ 24-500 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող կազմակերպություններից, որոնք համապատասխանում են սահմանված չափորոշիչներին եւ կարող են վարկավորվել, արդեն 10-ից ավելի դիմումներ են ստացվել:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում անտոկոս վարկավորման գործընթացին. Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց, որ նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են.    

«Բանկերն այսօրվանիս սկսած, ըստ էության, գյուղացիական վարկերի մասով  նոր պայմաններին համապատասխան գործիքներ կարող են առաջարկել»,- նշեց Խաչատրյանը: 

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը մեզ հետ հեռախոսազրույցում կարծիք հայտնեց, որ կառավարության այս աջակցությունը գյուղատնտեսությանը փոքր-ինչ ուշացած է:

Նման որոշում հարկ էր ընդունել դեռեւս հունվար ամսին՝ ասաց. «Արարատյան դաշտում, նոյեմբերյանում արդեն գյուղատնտեսական եռուզեռ է: Բացի այդ՝ պարզ չէ այդ վարկերի նպատակային ուղղվածությունը: Ինքը գաղափարը լավն է, բայց հապճեպ ընդունված որոշում է: Մտածում ենք՝ նախորդ որոշումների նման չմնա թղթի վրա: Էս տարվա համար փորձում են փրկել այն, որն առանց իրանց էլ ժողովուրդը կանի»:            

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, սակայն, այսօր ասաց, որ գյուղացիական տնտեսություններից արդեն կան ստացված հայտեր: Նա նաեւ մինչ այս պահը ստացված հայտերի քանակը հստակեցրեց.

«Գյուղացիական տնտեսությունների մասով արդեն ունենք 100-ից ավելի հայտեր եւ այսօրվանից սկսած բանկերից մեկն արդեն ակտիվ սկսել է գործունեությունը: Կարծում եմ, շուտով այդտեղ բավականին մեծածավալ վարկեր կգնան»,- նշեց Ջավադյանը»:

ԿԲ նախագահը նաեւ առանձնակի շեշտադրեց հայտերից մեկը, որը վերաբերում է խաղողագործության ոլորտին: Խոշոր եւ շատ հետաքրքրական հայտ է՝ բնութագրեց ԿԲ նախագահը, ապա նաեւ պարզաբանեց, թե ինչու է այդպես գնահատում.

«Շատ հետաքրքրական հայտ է, որովհետեւ լրիվ նոր ինվեստոր է, եւ խաղողագործության մեջ՝ լրիվ նոր տարածքների վրա, ցանկանում է բավականին լուրջ ներդրումներ անել ու դրա արդյունքը ստանալու է մի քանի տարի հետո»,- ասաց ԿԲ նախագահը:

Դա նշանակում է հավատ դեպի մեր տնտեսությունը եւ որ մեր գործարարները նաեւ երկարաժամկետ պլանավորում են անում՝ իր խոսքը եզրափակեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close