ԿարևորՀասարակություն

Քարվաճառը հայրենիք է, իսկ հայրենիքը սակարկման ենթակա չէ

Հայկական հնագույն բնակավայրերից մեկը՝ Քարվաճառը, ադրբեջանական բռնատիրությունից ազատագրվեց 1993 թվականի ապրիլի սկզբներին: Քարվաճառի ազատագրումը համարում են  արցախյան պատերազմի մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը:

Դա այն շրջանն է, որը թույլ տվեց ամբողջությամբ ապահովել Արցախի անվտանգությունն ու այն դարձնել  անսասան։ Քարվաճառի շրջանում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի ոչնչացման, բռնազավթված բնակավայրերի ազատագրման և ադրբեջանական բանակի լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախման օպերացիան սկսվել է դեռ մարտից, իսկ ապրիլի 1-ին ազատ էր արդեն Քարվաճառը։

Ու թեև Արցախում այս հաղթանակը  նշում են  ապրիլի 4-ին՝ որպես գործողությունների  վերջնական ավարտ, բայց 2001-ից  Քարվաճառում վերաբնակություն հաստատած Ալեքսանդր Քանանյանը ապրիլի մեկն  է համարում հայրենիքում իր նոր բնակավայրի ազատագրման օրը։

1993 թվականի գարնանային այս օրը ազատագրվեց Արցախի կարևորագույն դիրքերից մեկըˋ  Քարվաճառը՝ նախկինում՝ Քելբաջար: Այն կարևոր է ռազմավարական տեսանկյունից՝ որպես աշխարհագրական բարձր դիրք ունեցող տարածք ու ջրային պաշարների սկզբնաղբյուր:

Ալեքսանդր Քանանյանի  համար Քարվաճառն այսօր նաև հայրենիք է, հայրենիք, որը բացառիկ է  իր գեղեցկությամբ, բնության՝ նմանը չունեցող հրաշալիքներով։  Թբիլիսում ծնված, հասակ առած երիտասարդը Քարվաճառում վերաբնակություն հաստատելու իր որոշումը կայացրեց 2001 թվականին և արդեն 19 տարի ապրում է իր վերագտած հայենիքի հոգսերով, ուրախութուններով։ Իսկ ապրիլի մեկը անպայման նշում են, որպես հայրենիքի ազատագրման օր։

«Ընկերական նեղ շրջապատով անպայման հավաքվում ենք, հարգանքի տուրք  մատուցում զոհվածներին։ Եվ ես ամեն անգամ վերահաստատում եմ տարիներ առաջ ընդունած իմ որոշումը։ Իսկ Քարվաճառի ընտրության պատճառը շատ պարզ էր․ ներկայիս Հայաստանում չկա երևի մի տեղ, որն այդչափ ներդաշնակորեն միահյուսում է հայոց լեռնաշխարհին բնորոշ գեղեցկագույն բոլոր հատկանիշները»,- ասում է Քանանյանը։

«Անդնդախոր ձորեր, արագահոս գետեր ու մարգագետիններ, բարեբեր անտառներ։ Քարվաճառում շատ քիչ սար կա, որի  գագաթին ես չեմ եղել, գրեթե չկա մի ձորակ, որտեղ  չեմ եղել։ Ես անսահման սիրով եմ վերաբերվում իմ այս փոքր հայրենիքին»,-ասում է Քանանյանը։ Նրա խոսքով՝ եթե մինչ Քավաճառի ազատագրումը արցախահայությունը մաքառում էր զուտ վերապրելու և ֆիզիկական գոյությունը պահպանելու համար, ապա դրանից հետո կարևոր գիտակցության հանգեց․

«Քարվաճառի ազատագրումն ինձ համար ցեղասպանությամբ կորսված հայրենիքի ազատագրության առաջին շատ խոշոր  և կարևոր ձեռքբերումն  ու քայլ էր, և հենց Քարվաճառի շրջանի ազատագրումն է թույլ տվել հաղթահարել ինքնավար մարզի տարածքից դուրս չգալու բարդույթը։  Դրանից հետո հայոց բանակն արդեն նոր տրամաբանությամբ առաջնորդվելով ազատագրել է մյուս շրջանները՝ ստեղծելով հնարավոր նվազագույն պաշտպանելի  սահման արցախյան հատվածում»,- ասում է Քանանյանը։

Արցախյան այս անկյունն այսօր բազմաթիվ դժվարություններով, բայց ապրում է ապագայի վառ երազանքներով։ Մեծ աշխարհի իր փոքրիկ անկյունը դրախտավայր դարձնելու հույսը երբեք չի կորցնում Քանանյանը։ Փոքր ՀԷԿ-երի շահագործումից տուժող բնությունը պաշտպանելու համար վերջերս անգամ հացադուլի դիմեց։ Հավատում է, որ միասնական ուժերով քարը տեղից մի օր շարժվելու է։

Զրուցակցիս լավատեսության հիմքում հատկապես Քարվաճառի այսօրվա երիտասարդությունն է՝ գիտակից ու իր ապագայի համար մաքառող։

Տեղի երիտասարդությունը նաև մշակութապես ակտիվ է՝ զինված քաղաքացիական ակտիվ գիտակցությամբ, նաև գիտակցությամբ, որ Քարվաճառը հայրենիք է, իսկ հայրենիքը սակարկման ենթակա չէ։

Back to top button