ԿարևորՄիջազգային

Թրամփը պատրաստվում է դժվարին օրերի. կորոնավիրուսը ԱՄՆ-ում

Միացյալ նահանգներում վերջին մեկ օրում  830 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Սա ամենաբարձր  ցուցանիշն է ԱՄՆ-ի համար՝  վարակի տարածումից ի վեր։

Ջոն Հոփքինսի համալսարանի հրապարակած  վերջին տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ  արդեն մահացել է 3 հազար 900 ամերիկացի։

ԱՄՆ-ն արդեն մի քանի օր է՝ մոլորակի առաջատարն է վարակակիրների և երրորդը՝ մահվան դեպքերի թվով։ 

Երկուշաբթի ուշ երեկոյան Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը մամուլի ասուլիս էր հրավիրել։ Առաջինն, ինչ նկատել էին ներկա լրագրողները,  նախագահի դեմքի չափազանց մռայլ արտահայտությունն էր։

Արված հայտարարությունը  բացատրեց Թրամփի մռայլ լինելու պատճառը։ Նա հայտարարեց, որ Ամերիկան պետք է պատրաստվի դժվարին օրերի։ Առաջիկա երկու շաբաթները լինելու են շատ, շատ ցավագին։

Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով  Սպիտակ տան հատուկ հանձնախմբի համակարգող, նախկինում բժիշկ և դիվանագետ Դեբորա Բիրքսը նույն ասուլիսի ժամանակ հայտնեց, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով մահերի  ընդհանուր թիվը Միացյալ Նահանգներում  կարող է հասնել 240 հազարի, իսկ վարակը Միացյալ Նահանգներում գագաթնակետին կհասնի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։

Դոնալդ Թրամփը շարունակեց տիկին Բիրքսին․ թվերն, իհարկե, ճնշող են, պատկերն ավելի սարսափելի կլինի արտակարգ միջոցներ չձեռնարկելու դեպքում. 

«Խոսում եք 2 միլիոն 200 հազար մահերի մասին: Եթե մենք կարողանանք այս թիվն իջեցնել, ասենք, մինչև 100 հազար, ես կասեմ, որ բոլորս միասին շատ լավ ենք աշխատել։ Միայն պատկերացրեք՝  հնարավոր է 2 միլիոն 200 հազար մահ»։

Նախագահ Թրամփի խոսքով՝  կորոնավիրուսի տարածումը զսպելու համար դաշնային իշխանության մակարդակով սահմանված արգելքները կերկարաձգվեն մինչև ապրիլի վերջ:

Հայաշատ Գլենդելում ընտանիքի հետ արդեն հինգ տարի բնակվող Նարինե Գաբրիելյանը պատմում  է, որ  մի քանի շաբաթ է, ինչ ապրում են արտակարգ պայմաններում՝ փակ են կրթական հաստատությունները ռեստորանները, սրճարանները և զվարճանքի վայրրերը։ Երկրում արտակարգ  դրություն հայտարարված չէ, և ամեն ինչ խնդրանքի ու հորդորի մակարդակով  է։ Գլենդելում քաղաքապետ Արա Նաջարյանի կարգադրությամբ ներքին արտակարգ դրություն է սահմանվել։

«Երբևէ չէի պատկերացնի, որ Միացյալ Նահանգների պես հզոր  երկրում ականատեսը կլինեմ խանութների առջև գոյացած հսկայական  հերթերի, երբ մարդիկ կշտապեն խանութներ՝ կուտակելու սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների պաշարներ։ Խանութները կիրառեցին սահմանափակումներ։ Չէինք կարողանում ձեռք բերել մեկից ավելի տուփ ձու, երկուսից ավելի հաց։ Ու խանութներից ընդհանրապես  անհետացել էր «բրենդ» դարձած զուգարանի թուղթը, որի շուրջ հյուսվեցին այդքան զվարճալի պատմություններ ու անեկդոտներ»,- ասում է Նարինե Գաբրիելյանը։

Նարինեն ասում է, որ հիմա խանութներում ավելի հանգիստ իրավիճակ է։ Գլենդելի հայությունը հարմարվում է նոր իրողություններին։  Եթե օրեր առաջ հայերը փողոց էին դուրս գալիս, խանութ գնում՝ առանց դիմակների ու ձեռնոցների, հիմա պատկերը ամբողջությամբ փոխվել է։

«Կարանտինի հայտարարման նախնական փուլում ես չէի տեսնում մեր հայրենակիցներին, հատկապես՝ տղամարդկանց, որոնք կրեին դիմակներ ու ձեռնորցներ։ Բայց հիմա, երբ գնում եմ գնումների, տեսնում եմ դիմակներ կրող մեր բազմաթիվ հայրենակիցների։ Չեի կարող նաև պատկերացնել, որ «ֆրի ուեյները»` արագընթաց ճանապարհները բառացիորեն դատարկ կլինեն»,- նշում է մեր զրուցակիցը:

Միացյալ Նահանգները խիստ կարանտինային պայմաններում կապրի մինչև ապրիլի 30-ը, թեև անցյալ շաբաթ Թրամփն ասել էր, թե երկրի տնտեսական ակտվիվությունը վերականգնելու համար ճիշտ կլինի սահմանափակումներից հրաժարվել մինչև ապրիլի 12-ը, այլապես մոլորակի թիվ մեկ տնտեսությանը կսպառնա կաթված` դրանից բխող քաղաքական, տնտեսական և սոցիալական ծանր հետևանքներով։

Այնուամենայնիվ, վարակը թելադրում է իր կանոնները, և ԱՄՆ նախագահը ստիպված եղավ վերանայել է իր մոտեցումը: Թրամփի խոսքով՝ մինչև հունիսի 1-ը երկիրը արդեն  կլինի վերականգնման ճանապարհին:

Back to top button