ԿարևորՍպորտ

Արտասահմանցի մասնագետների աշխատավարձերը համահունչ չեն մեր երկրի հնարավորություններին․ Թովմաս Գրիգորյան

«Լոռիի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր և հիմնադիր Թովմաս Գրիգորյանը կոչով դիմել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի կորոնավիրուսով պայմանավորված` վերանայեն Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչին և ֆեդերացիայի արտասահմանցի մյուս աշխատակիցներին հատկացվող գումարների չափերը:

Ռադիոլուրին տված հարցազրույցում Գրիգորյանը նշել է,  որ հավաքականի մարզչին և արտասահմանցի մասնագետներին 6-7 ամիս աշխատըավարձ վճարելը, այն էլ պարապուրդի ընթացքում, լուրջ վնաս կհասցնի հայկական ֆուտբոլին: Գրիգորյանը նաև ընդգծել է, որ բազմաթիվ արտասահմանցի մասնագետներ ներգրավելը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նպատակային չէ:

Գրիգորյանը, ով նախորդ տարի իր թեկնածությունն էր դրել Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում, նշում է, որ արտասահմանցի մասնագետներին պարապուրդի համար վճարվելիք գումարները կարող են ուղղվել հայկական ֆուտբոլային ընտանիքի կարիքներին:

Կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը նույնպես դադարեցված է: ՀՖՖ մշակել է առաջնությունը վերսկսելու մի քանի տարբերակ կախված, թե երբ այն կվերսկսվի՝ մայիսի 1-ին, մայիսի 15-ին, թե հունիսի 1-ին:

ՀՖՖ-ն աշխատում է նաև ճգնաժամային փաթեթի վրա, որը կկիրառվի այն պարագայում, եթե կորոնովիրուսի համաճարակի պատճառով առաջնությունը հնարավոր չլինի վերսկսել նշված ժամկետներում։

Back to top button