ԿարևորՀասարակություն

Նոր զարգացումներ գազի սակագնի շուրջ

Գազի սակագնի հնարավոր փոփոխության վերաբերյալ հարցերին վերջին շրջանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մշտապես պատասխանում էր, թե ամեն ինչ պարզ կդառնա բանակցությունների ավարտից հետո:

Հայաստանի համար գործող սակագների պայմանավորվածության ժամկետն ավարտվում է ապրիլին, և նոր պայմանների ձեռք բերման շուրջ պետք է սկսվեն նոր բանակցություններ: 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը պահպանվել է 2019 թվականի մակարդակում ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար՝ 2018 թվականի 150 դոլարի փոխարեն։

Ընդ որում, Հայաստանի ներսում սպառողների համար սակագինն արդեն երկրորդ տարին է, չեն փոխվում. տնային տնտեսությունների համար գազի գինը նախկինի պես 139 հազար դրամ է՝ հազար խորանարդ մետրի դիմաց կամ մոտավորապես 290 դոլար: Երեկվանից զարգացումները նոր փուլ են մտել թե հայկական կողմից, թե ռուսական: Երկուսն էլ ունեն հստակ ասելիք:

Երեկվանից սկսած գազի գնի հետ կապված նոր զարգացումներ կան թե հայկական կողմից, թե ռուսական: Երկուսն էլ ունեն հստակ ասելիք:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի սակագինը վերանայելու հայտով դիմել է  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, մինչդեռ երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության անունից նամակով դիմել էր «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ գազի գնի փոփոխության վերաբերյալ բանակցություններ սկսելու համար:

Երկու տեղեկությունն էլ պաշտոնական է: «Գազպրոմ»-ին ուղղված նամակի մասին տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, իսկ գազի սակագնի փոփոխության հայտը արդեն տեղադրված է պաշտոնական հայտարարությունների azdarar.am հարթակում:

Ի՞նչ հերթականությամբ են զարգացել իրադարձությունները՝ հայտն է եղել՝ հետո՞ նամակը, թե՝ հակառակը: Ըստ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի՝ ստեղծված իրավիճակում դա արդեն էական էլ չէ:

«Ես հակված եմ կարծելու, որ այդպիսի մտադրություն կառավարությունն ուներ, բայց բանակցություններն այժմ անխուսափելի են, որովհետև մենք չենք կարող նախկինում ընդունված սխեմայով շարժվել: Մեզ հիմա պետք է սակարկել և կարծում եմ, որ դա հեշտ գործընթաց չի լինելու»,-ասաց տնտեսագետը:

«Գազպրոմ Արմենիա»-ի հայտի համաձայն՝ սակագնի փոփոխության համար ներկայացված է տարբերակված մոտեցում: Որոշակի նվազում ենթադրվում է մի քանի դեպքում. ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բաժանորդների համար, այս խմբի մեջ հիմնականում բնակիչներն են, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման համար: Բնակչության համար նախատեսվող նվազեցումը 1000 խմ դիմաց 3 հազար դրամի չափ է:

Մնացած մյուս դեպքերում, ներկայացված հայտի համաձայն՝ նախատեսվում է թանկացում 30 տոկոսից ավելի սահմաններում: Այն առնչվելու է տարբեր՝ մեծ և փոքր բիզնեսին:

Տնտեսագետի ներկայացմամբ՝ հայտը բարդ է ձևակերպված.

«Այն տեսքով, ինչ հիմա արդեն ներկայացված է միանշանակ չի կարելի գնահատել, որովհետև մի քիչ խրթին է ներկայացված: Այնուամենայնիվ, նկատելի է միտումը, որ կա բարձրացման ձգտում  «Գազպրոմ»-ի կողմից: Եվ դա բնավ չի կարող բնակչության համար նպաստավոր լինել, ոչ էլ՝ հատկապես տնտեսվարողների, որովհետև ուղղակիորեն դա անդրադառնում է տնտեսության մրցունակությանը՝ առանձին ճյուղերի, ովքեր ավելի շատ են գազ սպառում: Դա անդրադառնում է և ինքնարժեքին, և գնին, որը կարող է աճի միտում արձանագրել»,- նշեց Թաթուկ Մանասերյանը:

Ալեքսեյ Միլլերին ուղղված երեկվա նամակում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակին: Կատարաված հաշվարկների հիման վրա կանխատեսել. վարակի հետևանքները բացասական ազդեցություն կունենան երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա:

«Դա կհանգեցնի էներգառեսուրսների սպառման ծավալի անկմանը»,-գրել է փոխվարչապետը:

Ցանկացած արտադրության խթանում և մրցակցային միջավայրի ապահովումն առաջին հերթին պայմանավորված է հենց էներգառեսուրսների սակագներով: Հատկապես Հայաստանի դեպքում գազի գինը այս իմաստով շատ մեծ նշանակություն ունի:

«Մենք հասկանում ենք, որ մեր երկրների բարեկամական հարաբերությունների մասշտաբներն ու մակարդակը թույլ են տալիս մեզ և պահանջում են մեզնից ժամանակին բարձրացնել և քննարկել մեր երկրների՝ այդ թվում առևտրատնտեսական համագործակցության կայուն զարգացման համար համակարգային նշանակություն ունեցող հարցեր»,- աված էր փոխվարչապետի նամակում:

Թաթուլ Մանասերյան. «Այս պարագայում կարելի է հասկանալ այն դրդապատճառները, որով «Գազպրոմ»-ը փորձում է իրավիճակը իր օգտին հանգուցալուծել:  Դա նավթի գների պատճառով Ռուսաստանի տնտեսությանը հասցված վնասն է և բնականաբար՝ նաև գազի գներին: Սա պետք է բերեր տրամաբանորեն գազի գնի անկման և Ռուսաստանի ներքին շուկայում, և վաճառվող սակագնի վրա պետք է ազդեցություն ունենար: Ակնկալվում էր սակագնի անկում, որը շատ բնական և տրամաբանական արդյունք կլիներ համաշխարհային տնտեսական զարգացումների: Սակայն, դրա փոխարեն մենք տեսնում ենք ոչ միանշանակ դրսևորում և ոչ ադեկվատ: Այս պարագայում, կարծում եմ, որ դժվար է լինելու  հայկական կողմի գործը, բայց պետք է պատրաստ լինել այդ բանակցություններին և լուրջ փաստարկիներ բերել առ այն, որ տնտեսական համագործակցության մեջ  միակողմանի շահեր չեն կարող լինել: Պետք է հաշվի առնվեն երկու կողմերի՝ և գազ մատակարարող ընկերության, և սպառողների շահերը: Իհարկե, իրավիճակը բավական բարդ է այս դեպքում: բայց ես կարծում եմ, որ պետք է հայկական կողմը անպայման պետք է իր շահերը առաջ տանել: Նաև խնդիրն այն է, որ ձմեռային սեզոնից հետո պահանջարկի որոշակի նվազում կա և  գազի հանդեպ պահանջարկի անկումը ևս կարող է բերել բնականորեն գազի սպառման անկման: Սրանք ևս պետք է հաշվի առնել բանակցությունների ժամանակ»:

Ինչի՞ շուրջ է առաջարկում բանակցություններ սկսել Հայաստանը: Ալեքսեյ Միլլերին ուղղված նամակում այս հարցի մոտավոր պատասխանը նույնպես կարելի է գտնել:  Հայաստանը պատեհաժամ է համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը:

Ենթադրվում է, որ Հայաստանյան տնտեսության խթանումը ինչ որ չափով պետք է հետաքրքրի նույն Ռուսաստանին, որի համար ձեռնտու է ԵԱՏՄ կառույցի բնականոն աշխատանքը:

Էներգառեսուրսների շուկայում տիրող ներկայիս վիճակը ուշագրավ է: Նավթի գների անկումը ամենառեկորդայինն է 1991 թվականից ի վեր՝ Պարսից ծոցում պատերազմի ավարտից հետո։ Նավթի գները նվազել են 30%–ով:

Back to top button