ԿարևորՀասարակություն

Տեղաշարժի սահմանափակումներն ավելի կխստացվեն

Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից Հայաստանն ամբողջապես կվերադառնա կյանքի բնականոն հուն, եթե շղթաների կանխարգելման ու անձանց մեկուսացման աշխատանքները կարողանանք իդեալական իրականացնել՝ ասել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։  Նա անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պայքարի վերջին զարգացումներին և ներկայացրել  հետագա քայլերը։

Մարտի 31-ին լրացավ  արտակարգ դրության խստացված ռեժիմի նախապես հայտարարված ժամկետը։ Արդյո՞ք խստացված ռեժիմը կերկարաձգվի։ Օդում կախված ու  շատերիս հուզող հարցի պատասխանը տվեց նախ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ապա ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ինչո՞վ  է պայմանավորված հետագա սահմանափակումների անհրաժեշտությունը։ Պարետը պարզաբանում է․ «Եվս տասը օրով երկարաձգելը մեզ հնարավորություն է տալիս ամբողջապես ծավալել  մեկուսացման և կանխարգելման աշխատանքները։  Օգնել համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին էֆեկտիվորեն հայտնաբերել այն անձանց, ովքեր վարակակրի հետ ունեցել են շփումներ և մեկուսացնել նրանց»։

Եթե կառավարությունը որևէ սահմանափակում չձեռնարկեր, մարտի մեկից հետո 75-ից 80 օրվա ընթացքում Հայաստանի բնակչության մոտ 89 տոկոսը վարակված կլիներ՝ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետը։Նրա խոսքով՝ միայն Երևանում կունենայինք 8200 ծանր հոսպիտալացված դեպք։ Ավինյանը նշեց, որ կառավարությունը նպատակ ունի ավելացնել թեստավորումների  քանակը, միաժամանակ ընդգծեց՝ սահմանափակումներն առաջիկայում ավելի են խստացվելու։

 «Կիրառելու ենք տարբեր տույժեր ու տուգանքներ», — ասաց Ավինյանը։ Ինչ վերաբերում է նախորդ օրերին գրանցված տույժ–տուգանքներին․

«Եթե մարդիկ հույս ունեն, որ այդ գումարները չեն գանձվելու, ես նման բան չեմ կարող ասել։  Իրականացվելու են վարչական վարույթներ։ Ամեն դեպքով  կայացվելու է անհատական որոշում։  Այս տուգանքները ինքնանպատակ չեն»։

Ինչ վերաբերում է նախորդ օրերի սահմանափակումներին, ապա Ավինյանն ընդգծում է՝ դրանց արդյունքը ամենացայտուն կերպով տեսանելի  էր կիրակի օրը, երբ մարդկանց տեղաշարժը  խիստ սահմանափակ էր։ «Հույս ունենք, որ ապրիլի կեսերին, մայիսի սկզբին Հայաստանը կվերադառնա բնականոն կյանքին։ Սա այն դեպքում, եթե կանխարգելման ու անձանց մեկուսացման աշխատանքները կարողանանք իդեալական իրականացնել»,-ասաց  Տիգրան Ավինյանը։ Փոխվարչապետը հավելեց, որ ԱԺ-ում քննարկված ու երկրորդ ընթերցմամբ չընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»  օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը թույլ էր տալու ավելի արդյունավետ հայտնաբերել վարակակիրների հետ շփված անձանց շրջանակը։

«Մեր նպատակը միայն այն է, որ կարողանանք էֆեկտիվ և արագորեն կանխարգելել հիվանդության տարածումը՝ հայտնաբերելով այն անձանց, որոնք ունեցել են շփում վարակակրի հետ։ Մեզ չի հետաքրքրում հեռախոսային խոսակցությունների բովանդակությունը»։

Back to top button