ԿարևորՔաղաքական

Թուրքիայի հայտարարությունն այդ երկրի թշնամական քաղաքականության հերթական արտահայտությունն է. ՀՀ ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրությունների վերաբերյալ հայ ժողովրդի հանդեպ այդ երկրի թշնամական քաղաքականության հերթական արտահայտությունն է: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում, որով Հայաստանի արտաքին գերատեսչությունը պատասխանում է Արցախում անցկացվող ընտրությունների վերաբերյալ Թուրքիայի արած հայտարարությանը:

«Հավատարիմ լինելով միջազգային փաստաթղթերի ընտրովի մեկնաբանության իր ավանդական դիրքորոշմանը՝ Թուրքիան մի կողմից վկայակոչում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը, մյուս կողմից՝ անտեսում վերջիններիս՝ անմիջականորեն տարածաշրջանի երկրներին ուղղված կոչը՝ ձեռնպահ մնալու ղարաբաղյան  հակամարտության համատեքստում որևէ թշնամական գործողություններից։ Մինչդեռ հենց նույն Թուրքիան է տասնամյակներ ի վեր ցամաքային շրջափակման ենթարկում Հայաստանի Հանրապետությանը և աջակցում է Արցախի ժողովրդի դեմ սանձազերծվող ագրեսիվ և վայրագ գործողություններին՝ այդ թվում 2016 թ. ապրիլին», — նշված է հայտարարությունում:

Նույնքան անհիմն է Թուրքիայի արտգործնախարարության կողմից ԵԱՀԿ սկզբունքների և Մինսկի գործընթացի վկայակոչումը. «Հիշեցնում ենք, որ 1992թ. մարտի 24-ի ԵԱՀԿ/ԵԱՀԽ այն որոշումը, որով հիմք է դրվել Մինսկի գործընթացին, հղում է կատարում Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներին` որպես այդ գործընթացի մասնակից: Ընտրյալ ներկայացուցիչներ ունենալու համար պետք է ունենալ ընտրություններ, և այդ տեսակետից Արցախում անցկացվելիք ընտրությունները ոչ միայն չեն հակասում այլ բխում են խաղաղ կարգավորման տրամաբանությունից և դրա հիմքում դրված փաստաթղթերից: 

Թուրքիայի փորձերը հանդես գալու միջազգային իրավունքի պաշտպանի դերում և նրա կոչերը միջազգային համայնքին առավել քան սնանկ են՝ այդ երկրի կողմից ժողովուրդների իրավունքների և հարևան երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակական ոտնձգությունների և միջազգային իրավունքի ու ժողովրդավարության նորմերը ոտնահարող ագրեսիվ քաղաքականության իրականացման լույսի ներքո»:

Թուրքիան նախօրեին արձագանքել էր Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Արցախում ընտրությունները համարելով «միջազգային իրավունքի նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարում»: «Թուրքիան չի ճանաչում այս անօրինական ընտրությունները»,-նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Պաշտոնական Անկարան միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է անում չճանաչել Արցախի ընտրությունների արդյունքները:

Back to top button