ԿարևորՀասարակություն

Հեռախոսազանգերը ֆիքսելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

69 կողմ ձայնով, առանց դեմի և ձեռնպահի, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության մասին» և «էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը: Դարձյալ 69 կողմով «Իմ քայլի» պատգամավորները ընդունեցին նաև Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում փոփոխությունների նախագիծը՝ երկորդ ընթերցմամբ: Առաջինը վերաբերում է հեռախոսազանգի միջոցով քաղաքացիների տեղորոշմանը, երկրորդը՝ կորոնավիրուսի հետևանքով մահացած քաղաքացիների դիահերձմանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, ու հարցի երկրորդ ընթերցումը կկազմակերպվի այսօր՝ 21․30-ին։

ԱԺ նախագահը կոչ արեց պատգամավորներին ներկա գտնվել հարցի քննարկմանը։

Խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ներկա չէին մարտի 31–ին, ժամը 17:30–ին մեկնարկած ԱԺ արտահերթ նիստին։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ հետեւել է սոցիալական ցանցերում նախագծի առնչությամբ հնչող քննադատություններին եւ պարզաբանումներ ներկայացրել: Նա հիշեցրել է, որ սահմանափակումները վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը, դրանից հետո որեւէ սահմանափակում չի գործելու: Նա հստակեցրել է, որ որեւէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվում եւ մշակվում, այլ օպերատորների մոտ առկա տվյալները համատեղվելու են մեկ միասնական բազայում` համաճարակի դեմ պայքարելու համար:

Այդ տվյալները ոչնչացվելու են արտակարգ դրության ավարտից հետո, դա վերաբերելու է ոչ միայն անձնավորված, այլ նաեւ ապանձնավորված տվյալներին: Նախարարի հավաստմամբ` այս ամենը չի ենթադրում հեռախոսային խոսակցությունների բովանդակության բացահայտում, կարեւոր է զանգի կատարման եւ տեղակայման փաստը: Տվյալների մշակումը կարող է իրականացվել սահմանված նպատակին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն քանակով, այսինքն եթե անձը ռիսկի գոտում չէ, ապա մշակված տվյալների հիման վրա չի կարող վերլուծություն կատարվել, դա կհանգեցնի քրեական պատասխանատվության:

Ռուստամ Բադասյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկների հիման վրա լրամշակվել է փաթեթը: Բացառվել է հեռախոսային խոսակցությունների ավարտի մասին տվյալներ ստանալու հնարավորությունը, հստակեցվել է առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմիններից տվյալներ պահանջելու եւ ստանալու հնարավորությունն ու կարգը, բացառվել է ապանձնավորված տվյալները պահպանելու հնարավորությունը. բոլոր տվյալները պետք է ոչնչացված լինեն արտակարգ դրության ավարտից հետո ոչ ուշ, քան մեկ ամիս հետո: էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառման հետ կապված կարգավորումներն այնպես են վերաձեւակերպվել, որ հստակ լինի դրանց կիրառման այլընտրանքային բնույթը:

Back to top button