ԿարևորՀասարակություն

Անհաջող դիվերսիոն փորձից հետո Ադրբեջանն անցել է տեղեկատվական գրոհի՝ սոցցանցերի հայկական տիրույթում

Երեկ Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, նրա կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:

Այս մասին ֆեյսբուքում գրել էր Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Ըստ նրա՝ թեթեւ վիրավորում է ստացել երկու հայ զինծառայող:

Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս եւ Ոսկեւան գյուղերը, վիրավորվել է ոսկեվանցի մեկ երեխա: Վիրավորում ստացած 14-ամյա երեխան հոսպիտալացվել է։ Միջադեպին կոշտ արձագանքել է նաեւ ՀՀ ԱԳՆ-ն՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը, դրանք համարելով նաեւ արհամարհանք ուղղված միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ այս ժամանակաշրջանում զինադադարն անվերապահ պահպանելու և սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալու կոչերին։

 Ոսկեւան համայնքի ղեկավար Վոլոդյա Ղազինյանը հայտնել էր, որ երեկ մոտավորապես 19:40-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեւան գյուղում ադրբեջանական զինված ուժերի կրակոցից վիրավորում ստացած երեխան 10-րդ դասարանցի է, երեխայի վիճակը նորմալ է եւ վտանգավոր բան չկա։

Գյուղապետը երեկ հայտնել էր. «Կրծքավանդակի հատվածում է բեկորային վիրավորում ստացել: Տանը երեխան կանգնած է եղել, փամփուշտը պատին է կպել և բեկոր է առաջացել, որն էլ պատահական դիպել է երեխային»։

Վիրավորված երեխային նախ հոսպիտալացրել էին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, այնուհետեւ տեղափոխել Երեւան։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ՖԲ-ի իր էջում ավելի վաղ տեղեկացրել էր, որ երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Այժմ երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:

Բուժհաստատության մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը մեզ հետ հեռախոսազրույցում այսօր նոր տեղեկություններ փոխանցեց երեխայի առողջական վիճակի մասին.

«Երեխան հակառակորդի կողմից հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում, տեղում իրականացվել էր անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել էր վիրահատություն։ Երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում։ Երկրորդ վիրահատության անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն տեսնում»,- ասաց Դերձյանը:

Այսօր հայտնի դարձավ նաեւ, որ Ոսկեվան համայնքի գնդակոծության հետևանքով 14-ամյա երեխայի վիրավորման փաստին կանդրադառնա նեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

ՖԲ իր էջում այդ մասին տեղեկացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։

«Ոսկեվան գյուղի գնդակոծության հետևանքով 14-ամյա երեխայի վիրավորման փաստն արձանագրվել է, և մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցներին կուղարկի հատուկ նամակ»։

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակն իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել էր, որ ժամը 19:00-ի սահմաններում էր ադրբեջանական կողմը ձեռնարկել դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:

Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Ավելի ուշ միջադեպի վերաբերյալ տարածվեց նաեւ ՊՆ հայտարարությունը։

«Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Մենք այսօր փորձեցինք ճշտել նաեւ, թե ի՞նչ իրավիճակ է այսօր սահմանամերձ բնակավայրերում։ Մասնավորապես Ոսկեւան համայնքից ասացին, որ այսօր իրավիճակը հանգիստ է։

 «Էրեկ կրակոցներ եղել են, լարված վիճակ է եղել, հիմա հանգիստ է։ Ես այսքանը կարող եմ ասել»։     

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր նաեւ գրել է, որ երեկ իրականացված անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում` այս անգամ թիրախավորելով Նոյեմբերյանի շրջանում տեղակայված զորամասերը։

«Հայկական ջարդված և կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություններ են տարածում, թե իբր Նոյեմբերյանի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում և ստորաբաժանումներում կորոնավիրուս է տարածվել։ Այս ապատեղեկատվությունը տարածում են տարբեր հայկական խմբերում։ Կոնկրետ սա տեղադրվել է արցախյան խմբերից մեկում, որը շատ արագ հեռացվել է խմբի ադմինի կողմից»,- գրել է Ստեփանյանը։

ՊՆ մամուլի խոսնակը խնդրում է լինել զգոն եւ ուշադիր, նման բովանդակությամբ նյութերի հանդիպելիս չտարածել և անհապաղ հայտնել խմբերի ադմիններին։

Back to top button