ԿարևորՄիջազգային

ՌԴ-ն անցավ կոշտ կարանտինի

Ռուսաստանում կտրուկ աճում են կորոնավիրուսի տարածման տեմպերը` վերջին մեկ օրվա ընթացքում 302 նոր դեպք։ Դաշնությունում հիվանդների ընդհանուր թիվը մարտի 30- ի դրությամբ 1836 է, 9-ը՝ մահվան ելքով։ Դեպքերի մեծ մասը գրանցվել է բազմամիլիոնանոց Մոսկվայում, որտեղ այսօրվանից անցել են կարանտինային կոշտ միջոցների։ Դրանք առաջիկա օրերին արդեն կկրեն համառուսաստանյան բնույթ։

Մոսկվայի քաղաքային և մարզային իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարին միտված կոշտ գործողությունների մասին հայտարարեցին երեկ երեկոյան: Դրանց համաձայն, Ռուսաստանի մայրաքաղաքի և հարակից շրջանների բնակիչները տնից կարող են դուրս գալ միայն խիստ սահմանափակ դեպքերում` նախապես քաղաքապետարանի կայքում գրանցվելուց և QR կոդի տեսքով համապատասխան թույլտվություն ստանալուց հետո: Պարտետային ժամ է սահմանվել երեկոյան 8-ից առավոտյան 8-ը։

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր Մոսկվայում կայացած խորհրդակցության ժամանակ չի բացառել, որ մայրաքաղաքի իշխանությունների ձեռնարկած կարանտինային միջոցառումները կարող են տարածվել երկրի ողջ տարածքում:

«Ռուսաստանի կազմում գտնվող տարածքային կազմավորումների ղեկավարներին խնդրում եմ քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարի նույնատիպ միջոցառումների իրականացումը», — այսօր ասել է  Ռուսաստանի գործող վարչապետը:

Նախկին վարչապետ ու այս տարվա հունվարից ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող  Դմիտրի Մեդվեդևն այսօր ուղերձով է դիմել ռուսաստանցիներին։ Նա ասել է, որ նոր կորոնավիրուսը լուրջ վտանգ է ներկայացնում մարդկության համար:  «Սա ոչ թե հոլիվուդյան ֆիլմի սցենար է , այլ իրականություն, և անհրաժեշտ է խստորեն պահպանել բոլոր սահմանափակումները»,- հորդորել է նա։

Մոսվայում բնակվող Իզաբելա Աթաջանյանը «Ռադիոլուրին» պատմում է, որ, որպես կանոն, մարդաշատ մոսկովյան փողոցներն այսօր դատարկ են։ Բակերում խաղացող երեխաներ չկան՝  խաղահրապարակները փակված են հատուկ ժապավեններով։

«Աննախադեպ տեսարան է մեր բակի համար, որի շուրջը 25 հարկանի 8 շենք կա՝ յուրաքանչյուրը մի քանի  մուտք ունի։  Անցուդարձ  չկա ընդհանրապես,  դա շատ անսովոր է»։

Իզաբելան իր երեխաների հետ երեկ երեկոյան է վերադարձել  Սոչիից, որտեղ անցկացնում էր դեռ մինչև կորոնավիրուսը ծրագրած արձակուրդը։  Պատմում է, որ  երեկ գիշեր Մոսկվա վերադառնալիս, երբ Ռուսաստանում հայտնի դարձավ, որ նոր վարակի դեպքերի թիվը սրընթաց աճում է,  օդանավակայանները դեռ ապրում էին բնականոն կյանքով՝ առանց սահմանափակումների իրականացնելով ներքին չվերթերը։

 «Մենք դիմակներով և ձեռնոցներով էինք, իրականացրեցինք բոլոր պրոֆիլակտիկ միջոցառումները։ Բայց բորտուղեկցորդներն առանց դիմակների էին, ինքնաթիռը՝ լիքը։ Խուչապ չկար, օդանավակայանում մարդիկ քիչ էին»:

Ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ այսօր փորձում են հասկանալ, թե ինչու ՌԴ իշխանությունները անսպասելիորեն կարատինային կոշտ ռեժիմի մասին խոսեցին՝ երեկ Մոսկվայի քաղաքապետը, իսկ այսօր երկրի վարչապետը։ Ընդամենը երկու օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ առաջիկա շաբաթը ուղղակի ոչ աշխատանքային է լինելու։

Ինչպես BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել է Մոսկվայի քաղաքապետարանի աղբյուրը՝  իշխանությունները կարանտինի որոշել էին անցնել շաբաթվա վերջին։ Սակայն ամեն ինչ փոխել է մոսկվացիների պահվածքը։ Քաղաքապետարանում  խիստ զայրացել են՝  России-24-ի եթերում տեսնելով համատարած փողոց դուրս եկած և քաղաքից դուրս խորոված անող մոսկվացիներին։

Կրեմլն այսօր արդադրացված է համարել մոսկովյան իշխանությունների անակնկալ որոշումը։  ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ  պետական իշխանության մարմինները շարունակում են բնականոն աշխատանքը։

Back to top button