ԿարևորՀասարակություն

Միայնակ տարեցները մենակ չեն. Աջափնյակում թոշակառուներին պարենով են ապահովում

Այս օրերին տարեցների նկատմամբ հոգատարությունը հատկապես առաջնային է դարձել, երբ աշխարհում ու նաև մեր երկրում նոր տիպի կորոնավիրուսի  հետևանքով ճգնաժամ է առաջացել ու այն հաղթահարելու նպատակով նաև պահանջվում է մնալ տանը՝ նվազեցնելու համար վարակվելու ռիսկերը։

Նման պարագայում բնականաբար առավել խոցելի են հենց տարեցները, առավել ևս միայնակ տարեցները։ Այս օրերին տարբեր կամավորական նախաձեռնությունների էլ կարելի է հանդիպել, որոնք գալիս են ասելու մեր միայնակ տարեցներին՝ «դուք մենակ չեք»։

Հայտնի է, որ տարեցներն առավել խոցելի են հիվանդության տեսակետից, ուստի և նրանց՝ տանը մնալն առավել քան կարևոր է նաև այլոց համար։ Դրանով նվազեցվում է հիվանդանալու ռիսկը: Հենց այս գործին ծառայելու նպատակ ունեն նաև հանրապետությունով մեկ կազմավորված կամավորական խմբերը։ Նրանք աջակցում են բոլոր նրանց, ովքեր տանը մեկուսացած են ու սոցիալապես խոցելի։  

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ժամանակավոր պարենային պահեստավորման կետում սկսվել են փաթեթավորման աշխատանքները։ Կամավորներն ասում են՝ հեշտ ու անվտանգ չէ տարեցների համար այս օրերին դուրս գալը տանից, ուստի հենց դա հասկանալով պետք է օգտակար լինել նրանց։ Ապրանքները փաթեթավորելու, ապա նաև՝ հասցեատերերին հասցնելու ամբողջ ընթացքում պահպանվում են բոլոր կանխարգելիչ միջոցները։

Աջափնյակ համայնքում տանը մնացած ծերերի սնունդն ապահովելու աշխատանքները համակարգում է վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը։ Մինչ փաթեթավորման մեկնարկը, հենց նա էլ կամավորների համար հստակեցրեց փաթեթներում ներառվելիք պարունակությունը։

«150 փաթեթ պետք է ստանանք։ Ներառում ենք հետևյալ պարենները՝ մակարոն, ալյուր, կարմիր բիբար, ձեթ, կիլկի, գրեչկա, 4 կգ կարտոֆիլ, կաղամբ, վարունգ»։   

Նման դժվար ժամանակահատվածում հանրության համար կարևորագույն խնդիրներ լուծելիս մեծապես կարևորում ենք համայնքին մաս կազմող ամենախոցելի խավի կողքին կանգնելը՝ մեզ հետ կարճ զրույցում շեշտեց Թելման Թադևոսյանը։    

«Էս պահին մենք կազմակերպել ենք, ապրանքներն ինքներս բերել-պահեստավորել ենք և հիմա արդեն բաշխումն ենք կատարում, որպեսզի մեր անապահով միայնակ տարեցներին արդեն սկսենք մատակարարել։ Ցուցակները կազմվել են մեր սոցիալական բաժնի, համատիրության և ՍԱՏԲ-ի հետ համատեղ։ Դրանք մի քանի անգամ ֆիլտրվել են և, կարելի է ասել, գրեթե, լիարժեք ցուցակներ ունենք։ Այս պահին համայնքում ապրող միայնակ ծերերի թիվը մոտ 350- 400 է, բայց մենք, այսպես ասեմ, առաջին փուլով կարողանում ենք 170-200-ին ապահովել»,- ասաց Թադևոսյանը։ 

Աշխատանքները, սակայն, շարունակվելու են և միայնակ բոլոր տարեցներն էլ առաջնահերթությամբ ապահովվելու են նվազագույն սննդամթերք պարունակող փաթեթներով։ Հետագա փուլերով նաև առաջին անհրաժեշտության տնտեսական ապրանքների բաշխում են իրականացնելու։ Առայժմ կազմակերպվում է այդպիսի ապրանքների պահեստավորումը։ Համայնքի ղեկավարը կարևորում է այս գործում յուրաքանչյուրի աջակցությունը։  

Back to top button