ԿարևորՀասարակություն

«Հեռախոսային» վերահսկում և դիահերձման սահմանափակում. ԱԺ արտահերթ նիստ

ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության հեղինակած նախագծերը, որոնք անմիջական կապ ունեն կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի հետ: Խորհրդարանն այսօր հավաքվել էր արտահերթ նիստի գործադիրի առաջարկով:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներով կառավարությունը միջամտելու իրավունք է ստանում մարդկանց անձնական տվյալներին: Այս կարգավորումը պատգամավորների մի մասը  վտանգավոր է համարել․ԱԺ 3 խմբակցություններից երկուսը դեմ են քվեարկել նախագծին։ 

Օրենքները խորհրդարան են բերվել միանգամից առաջին և երկրորդ ընթերցմամբ: ԱԺ-ն վաղը նույնպես հավաքվելու է արտահերթ աշխատանքի՝ նախագծերը վերջնական ընդունելու և դրանց օրենքի ուժ տալու համար:

Արտակարգ դրության պայմաններում հրավիրված արտահերթ նիստին մասնակցելու համար 132 պատգամավորից խորհրդարան գնաց 85-ը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը  խորհրդարանի ամբիոնին մոտեցավ առանց պաշտպանիչ դիմակի, բայց սև պաշտպանիչ ձեռնոցներով: Նկատելի է, որ փորձում է քիչ դիպչել ակնոցին: Կորոնավիրուսի հետ ուղիղ կապ ունեցող երկու նախաձեռնություններից մեկով փոխանցեց կառավարության առաջարկը. նշված հիվանդության հետևանքով մահացած անձանց չդիահերձել: Համապատասխան լրացումներ արվում են «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում:

«Նախագծի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում գործող անատոմիական ծառայություններ մատուցողները չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին։ Նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ, ինչպես նաև բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը»,- ասաց Արդարադատության նախարարը:

Կառավարության երկրորդ նախաձեռնությամբ արտակարգ դրության պայմաններում գործադիրին անհրաժեշտ է մարդկանց անձնական տվյալներին, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը, հաղորդակցության ազատությանը և գաղտնիության իրավունքներին միջամտելու իրավական հիմնավորում:

Ստեղծվել է միասնական մեկ հարթակ, որտեղ հավաքագրվելու են տվյալներ հաճախորդի (անկախ հանգամանքից՝ անձը վարակակիր է, թե կոնտակտավոր) հեռախոսահամարները` քաղաքացու տեղորոշման համար, անձանց հեռախոսային խոսակցության սկիզբը և ավարտը, բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները, անձանց հետազոտություն անցնելու մասին տվյալները:

Նախարարը հստակեցնում է. սահմանափակումները գործելու են բացառապես կորոնավիրուսի  հետ կապված արտակարգ դրության ժամանակահատվածում, դրանից դուրս՝ նոր փոփոխությունները չեն գործելու: 

«Անհրաժեշտություն է առաջացել օնլայն տարբերակով հավաքագրել բոլոր տեղեկությունները, որպեսզի հնարավորինս օպերատիվ կերպով՝ այն դեպքում, երբ հաստատվում է անձի մոտ վարակի առկայությունը, կանխորոշել, տեղորոշել այն անձանց շրջանակը, որոնք հնարավոր կոնտակտ են ունեցել տվյալ անձի հետ և  դրանից բխող միջոցառումներ իրականացնել: Ուզում եմ հատուկ շեշտել, որ հեռախոսային զանգերի կամ հաղորդագրությունների բովանդակությունը  հասանելի չի լինելու: Այսինքն՝ չի թույլատրվում համաճարակի կանխարգելման նպատակով բովանդակությանը ծանոթանալ: Այս օրենքով չսահմանված դեպքերում տեղեկատվության օգտագործման դեպքում առկա է նաև քրեական պատասխանատվություն ՔՕ մի շարք հոդվածներով»,- նշեց Բադասյանը:

Մարդկանց անձեռնմխելի իրավունքները, թեկուզ և կառավարության կողմից հաստատված կառույցին, հասանելի դարձնելու հնարավորության մեջ պատգամավորները բազմաթիվ վիճահարույց կողմեր գտան: Որոշ պատգամավորներ անգամ խորհրդակցել էին Մարդու իրավունքների պաշտպանի հետ, որը նույնպես վտանգավոր միտումներ և մարդու իրավունքներին հակասող դրույթներ է նկատել նախագծում: Վերապահումներ ունեին անգամ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները:

Գևորգ Գորգիսյան «Մենք գործ ունենք մարդկանց տվյալների տոտալ վերահսկողության գործիքների հետ, բայց չունենք վերահսկողության մեխանիզմներ, թե այն մարդիկ,  որոնք պահելու են այս տվյալները,  ինչ չափանիշների պետք է համապատասխանեն: ․․․ Շատ մտահոգիչ է նախագիծը, և պետք է մտածենք այս ամեն ինչը շտկելու ուղղությամբ»:

Արման Աբովյան «Յուրաքանչյուր գործողություն, որը թույլ կտա ավելի նվազեցնել կորոնավիրուսի տարածումը, իհարկե, ողջունելի է: Սակայն, օրինագիծը առաջացնում է ավելի շատ հարցեր, քան տալիս է լուծումներ»:

Էդմոն Մարուքյան ․ «Սա անիմաստ կարգավորում է, պարոն նախարար: Հիմա արդեն ուշ է»:

Աննա Կոստանյան «Կառավարության ինչին է պետք, թե ում եմ ես զանգահարել: Օրինակ` ես որպես պատգամավոր, հնարավոր է լինեմ նաև վիրուսակիր, սակայն մեկ օրվա ընթացքում խոսել եմ 125 ՀՀ քաղաքացիների հետ, ինչպե՞ս եք պարզելու, թե այդ մարդկանցից ում հետ եմ ես կոնտակտի դուրս եկել»։   

Վլադիմիր Վարդանյան ․ «Բոլորս հասկանում ենք, որ պանդեմիայից հետո մենք նոր իրավական իրականության մեջ ենք լինելու: Կարծես թե որևէ մեկը այստեղ չի վիճարկի, որ մարդու իրավունքների սահմանափակման կոնցեպտը ևս փոփոխությունների է ենթարիկվելու, և արդեն իսկ ենթարկվում է, որովհետև մենք ունենք իրավական տեսանկյունից աննախադեպ գործընթացի հետ»:

Այս պայմաններում խորհրդարանի ղեկավարությունն անգամ փորձեց միջանկյալ լուծման տարբերակ գտնել: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկն ուղղեց արդարադատության նախարարին:

Արարատ Միրզոյան․ «Ի՞նչ եք կարծում, ինչքանով կսահմանափակի կառավարության հնարավորությունը, եթե այս մասով, օրինակ, ԱԺ-ն առաջարկի առայժմ ձեռնպահ մնալ այս կարգավորումից»:

Ռուստամ Բադասյան․ «Որքանով ինձ համար ընկալելի էր իրենց լեզուն՝ ՏՏ ոլորտի մասնագետների, այս երկու  կետի համադրումը էական նշանակություն ունի, որովհետև եթե միայն տեղորոշումը ֆիքսվի՝  պատկերացնենք  ես եմ վարակակիրը, պոտենցիալ կոնտակտավոր 10 հոգի կա, որոնց փոխանցել եմ: Բայց եթե ես չունեմ զանգը, «պիկ դատա»  կոչվածը, ես ինչպե՞ս եմ որոշելու  կոնտակտավոր անձանց, որպեսզի կոնտակտավոր անձանց տեղորոշումը ֆիքսեմ»:

Այստեղ նժարին դրված է մի կողմից մարդու կյանքն ու առողջությունը, մյուս կողմից՝ այո, ազատությունը: Այո, այս սահմանափակումները լրջագույն սահմանափակումներ են ենթարկում մարդկանց իրավունքներին և ազատություններին, բայց առանց սրա հնարավոր չէ հասնել այն իրավաչափ նպատակին, որին մենք ուզում ենք հասնել»:

Իրավունքները սահմանափակող նախագծին դեմ քվեարկեցին խորհրդարանական 3 խմբակցություններից երկուսը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը և «Լուսավոր Հայաստան»-ը: «Իմ քայլը» խմբակցությունը կողմ քվեարկեց հստակ մտադրությամբ՝ մինչև երկրորդ ընթերցում՝ առաջիկա 24 ժամվա ընթացքում, կառավարությանը առաջարկներ ներկայացնել հավաքագրված տվյալների ոչնչացման և վերահսկողական գործիքների ներդրման ուղղությամբ:

Back to top button