ԿարևորՀասարակություն

Զանգերը ֆիքսելու փաստը կարևոր է համաճարակի դեմ պայքարի հարցում. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ զանգերը ֆիքսելու փաստը կարևոր է, քանի որ, եթե ֆիքսվեն վարակակրի զանգերը վերջին 14 օրվա ընթացքում (բովանդակությունը հասանելի չի լինելու) և դրանք համադրվեն տեղորոշման հետ, համաճարակի դեմ պայքարի հարցում այս տեղեկությունը չափազանց կարևոր և արդյունավետ կլինի։

«Օրինակ՝ վարակակիրը խոսել է 10 անձի հետ, 10-ից հինգի հետ նաև պարբերաբար նույն տեղանքում է եղել։ Սա նշանակում է, որ այդ 5 անձինք, մեծ հավանականությամբ, շփվել են վարակակրի հետ։ Այս գործիքակազմի կիրառման արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերջիններիս նկատմամբ, լրացուցիչ ստուգողական գործողություն կատարելով (օրինակ՝ զանգի միջոցով) հայտնաբերել, անհրաժեշտության դեպքում մեկուսացնել և թույլ չտալ նշված անձանց շփումը այլ քաղաքացիների հետ (կստուգվեն նաև այդ հինգ անձանց կոնտակտները և այդպես շարունակ)։ Մյուս հինգ անձինք, ում հետ վարակակիրը խոսել է և նույն տեղանքում չի գտնվել, այլևս «հետաքրքրություն» չեն ներկայացնի։

Կարծում եմ՝ մարդկանց կյանքն ու առողջությունը ամենակարևոր արժեքներն են, և համաճարակի հիմքով արտակարգ դրության ժամանակ իրականացվող նման միջամտությունը ամբողջությամբ համաչափ է։
‼️Սա չի նշանակում, թե 100 տոկոսով կկարողանանք վերահսկել իրավիճակը, բայց ավելի թիրախային կդարձնենք մեր գործողությունները և մյուս սահմանափակումների հետ ի զորու կլինենք փրկել կյանքեր։ Նման գործիքների կիրառումն արդյունավետ է եղել Չինաստանում, Հարավային Կորեայում, Իսրայելում։ Տեղեկացնեմ նաև, որ Եվրոպական միության երկրներում ներկայումս որոշ գործիքներ արդեն իսկ կիրառվում են, և այժմ էլ քննարկվում է ավելի լայն սահմանափակումների կիրառման հարցը՝ հիմք ընդունելով նշածս երկրների օրինակները։

Հ․Գ․ Վստահ եմ՝ նման գործիքների մշակմամբ զբաղվող մասնագետներն ավելի մանրամասն կներկայացնեն գործիքների արդյունավետությունը»,- գրել է նախարար Բադասյանը։

Back to top button