ԿարևորՀասարակություն

Արմավիրը Երևանին ու մի քանի գյուղերին կապող միակ տրանսպորտը մնացել է գնացքը

Արմավիրի մարզում արդեն 5 օր չի գործում ավտոմոբիլային տրանսպորտը, տեղաշարժման միակ փոխադրամիջոցը մնացել է գնացքը, որի չվացուցակում փոփոխություն չկա: Օրվա ընթացքում գնացքը 4 անգամ մեկնում է Երևան և վերադառնում, 4 անգամ ՝Գյումրի: Առավոտյան ջերմոցների գյուղմթերքի  մի մասը  շուկա է հասնում գնացքով:

Մարտի 25-ից Արմավիրի մարզում դադարեցվել է միջմարզային, ներմարզային, ներհամայնքային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գործունեությունը: Մայրաքաղաքի և մի քանի համայնքների հետ միակ կապող տրանսպորտը մնացել է գնացքը:

Արաքս-Երևան  էլեկրագնացքը առավոտյան ժամը 7:20  Արմավիրից ուղևորվում է Երևան: Հենց այս փոխադրամիջոցով էլ գյուղացիներն իրենց գյուղմթերքը հասցնում են շուկա: Արմավիր կայարանի մերձակա տարածքում է գտնվում գյուղմթերքի  «Սադախլու» կոչվող մեծածախ շուկան:


«Հիմա  շուկան լիարժեք  չի գործում, առավոտ շուտ գյուղացիները կանաչի են բերում  ժամը 7-ին, 6-ին, 5-ին, երբ հարմար է լինում, մենք էլ գնում ենք իրենցից ու վաճառում, ամեն ինչ էլ բերում են»:

Մինչև բնակչության տեղաշարժի սահմանափակումն առավոտյան այստեղ աշխույժ առևտուր էին անում գյումրեցի վաճառականները, ինչպես նաև Արմավիրի տարածքի  գյուղացիները, ապա առավոտյան ժամը 9-ի սահմաններում Երևան-Գյումրի էլեկտրագնացքով  մեկնում Գյումրի: Արմավիրը Երևանին ու Գյումրիին կապող միակ փոխադրամիջոցի չվացուցակում փոփոխություններ չկան: Երկաթուղով Արմավիր են հասնում  մարզի 5-6 գյուղերի, ինչպես նաև Արագածոտնի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ, որոնց կապը հիմնականում Արմավիրի հետ է:  

Երեկոյան ժամը 19:21-ին Գյումրի մեկնող վերջին գնացքը ժամանեց Արմավիր: Վագոններում  ուղևորները քիչ էին: Էլեկտրոգնացքի մեքենավարն էլ փաստեց, որ փոքր-ինչ  նվազել է ուղևորահոսքը.

«Նորմալ է, համեմատաբար պակասել է, բայց ընդհանուր՝ վատ չէ»:

Այս  գնացքում Արմավիրից միայն մեկ ուղևոր բարձրացավ, մեկն էլ իջավ: Արմավիր կայարանի գանձապահ Արեգնազ Հովհաննիսյան օրվա ընթացքում 8 անգամ է բացում դրամարկղը, գնացքի ժամանելուց կես ժամ առաջ: Կարանտինի պատճառով հանվել է Երևան-Թբիլիսի գնացքը և Երևան-Գյումրի՝ արագընթացը:

«Այսօր 6 տոմս եմ վաճառել,  մեկը նոր գնաց Արագածավան, 2-ը՝ ցերեկն էին գնացել էլի Արագածավան, 4-ն էլ՝ Երևան: Էս պահի դրութամբ բոլորն էլ վախենում են երթևեկել, թե՛ գնացքով, թե՛ ավտոբուսով»:


Երևան-Գյումրի էլեկտրոգնացքը ճանապարհելուց հետո Արեգնազը մեկ ժամից պատրաստվում էր դիմավորելու հանդիպակած Գյումրի-Երևան և Երևան-Արաքս գնացքները: Ասում է, որ տոմսերի վաճառքի ընթացքում պարտադիր կրում է  ձեռնոց և  դիմակ.

«Ալկոգել էլ ունեմ, ճիշտն ասած՝ սպիրտ էլ եմ բերել, դիմակ, ունեմ թաց անձեռոցիկ, որ ստացել եմ, մեր երկաթգիծն է տվել, ունեմ նաև ձեռնոցներ, ամեն գնացքից հետո փոխում եմ, որպեսզի ավելի ապահով լինի»:

Արեգնազը ըմբռնումով է մոտենում բնակչության սահմանափակված տեղաշարժին, ասում է, որ սա ավելի ճիշտ է, և արվում է վիրուսի տարածումը կանխելու նպատակով: Արմավիր կայարանի սպասասրահն ամեն առավոտյան մաքրում են ու ախտահանում:

Back to top button