ԿարևորՀասարակություն

Աջակցության նոր փաթեթներ կառավարությունից

Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել ու կորոնավիրուսի  հետևանքների չեզոքացման ևս երեք ծրագիր հաստատել։ Հինգ ծրագիր գործադիրում հաստատվել էր նախորդ հինգշաբթի՝ կառավարության հերթական նիստի օրը։ Այսօր հաստատված նախագծերից երկուսը սոցիալական ուղղվածություն ունեին, մեկը՝ տնտեսական։

Ութ փաթեթների  մի կեսը` տնտեսական, մյուսներն էլ սոցիալական բնույթ ունեն։ Կառավարությունը շարունակում է աշխատել հակաճգնաժամային միջոցառումների ուղղությամբ։  

Կառավարությունը, ընդհանուր առմամբ, մոտ 25 մլրդ դրամ կտրամադրվի սոցիալական, նույնքան էլ տնտեսական հետևանքները մեղմելու համար։  80 մլրդ դրամ  նախատեսվում է ծախսել  տնտեսության վերաձևավորման ծրագրերի նպատակով։ Գործադիրում պահուստային գումար էլ կա՝ մոտ 20 մլրդ դրամ ՝ անհրաժեշտության դեպքում վերաբաշխումներ անելու  համար։

Հստակ գնահատականներ, թե կորոնավիրուսի հետևանքով տնտեսական ինչ վնասներ կլինեն, դեռ չկան։ Հստակ է, սակայն, թե ամենաշատն այս պահին որ ոլորտներն են տուժում կորոնավիրուսից՝ հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ, հանրային սննդի, զբոսաշրջային ծառայություններ, վարսավիրանոցներ և գեղեցկության սրահներ, հագուստի, կոշիկի, կենցաղային  ապրանքների վաճառքով զբաղվող  առևտրի կետեր։  Հենց այս ոլորտների գրանցված աշխատակիցները կառավարությունից միանվագ աջակցություն կստանան։

«Վարձու աշխատողների համար հունվար և փետրվար ամիսներին հաշվարկված միջին աշխատավարձի   կեսի չափով  կլինի աջակցություն, բայց ոչ պակաս՝ քան 68 հազարը, և ոչ ավելի՝ քան նվազագույն աշխատավարձի  կրկնապատիկը՝ 136 հազարը։  Եթե վերջին երկու ամիսներին միջին աշխատավարձը կլինի ավելի պակաս, քան նվազագույն աշխատավարձն է, այն դեպքերն են, երբ քառորդ կամ կես դրույքով են աշխատողները աշխատում, նրանք կստանան վերջին երկու ամիսներին միջին աշխատավարձի չափով գումար»,- ասաց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց․ «Մենք աջակցում ենք աշխատողներին։ Գումարը տալիս ենք նպաստի կարգով, եկամտահարկ չի հաշվարկվում»։

Անհատ  ձեռնարկատերերի  համար նույնպես աջակցության գործիք  կա՝  2019 թ չորրորդ եռամսյակի իրացման շրջանառության տասը տոկոսի չափով  գումար  կտրամադրի կառավարությունը։ Ծրագրի շահառուները մոտ 100 հազարն են, այս նպատակով կառավարությունը կծախսի 10 մլրդ դրամ։ Աջակցությունը տրամադրվում է շահառուի կողմից www.online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի տեղեկացմամբ՝  «Կայքն իրենց անմիջապես տեղեկացնելու է՝ արդյո՞ք շահառու են, թե՞ ոչ։ Եթե շահառու են, նշելու են իրենց հաշվեհամարը, որի վրա 1-2 օրվա ընթացքում կնստի գումարը։ Կարևոր է, որ դիմող քաղաքացին համաձայնություն է տալիս, որպեսզի իր տվյալները հրապարակվեն աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության կայքում, ինչպես տեղի է ունենում այսօր բոլոր նպաստների դեպքում»։

ՊԵԿ-ում առկա տեղեկատվության հիման վրա է անձը համարվելու շահառու, այսինքն՝ քաղաքացին գրանցվա՞ծ աշխատող է, թե՞ ոչ։   Աջակցության այս փաթեթը կգործի ապրիլի 9-ից։ Արդեն ապրիլի 2-ից  մեկ այլ փաթեթ է առաջարկում աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը։  

 «Շահառուներ են  ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք  աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ առնվազն 2020թ. հունվարի 1–ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում (կամ հունվարի 1-ից  մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը), սակայն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13–ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում»,- ասաց Սոցած նախարար  Զարուհի Բաթոյանը։

Աջակցությունից չեն կարող օգտվել նրանք, ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը, 2020 թվականի մարտի 30-ի   դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա։

«Մեր այն հայրենակիցները, որոնք մարտի 13-ից հետո են  աշխատանքը կորցրել և այլ աշխատանք չեն գտել, նախորդ ծրագրի շահառու չեն։ Նրանց մենք նվազագույն աշխատավարձի չափով օգնություն ենք տրամադրում։ Կարևոր է, որ նրանք էլեկտրոնային եղանակով դիմեն աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը մեկ այլ առաջարկ էլ ունի հղի կանաց համար։ Միջոցառման շահառու է հանդիսանում հղի կինը, որը  2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից  2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում: Աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով: Աջակցությունը տրամադրվում է հղի կնոջը՝ 100 000 ՀՀ դրամի չափով:

Ամփոփելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝  «Մենք վերջին մեկ շաբաթվա ընթացքում ընդունեցինք հակաճգնաժամային ութ միջոցառում, որոնցից չորսն ունեն տնտեսական աջակցության բնույթ, չորսը՝ սոցիալական։ Առաջիկա օրերին կզբաղվենք այդ ծրագրերի իրագործման մեխանիզմերը հստակեցնելով և մոնիթորինգով։ Կանենք հետևություններ, որոնք են էֆեկտիվ, որոնք ՝ ոչ»։

Ընդհանուր առմամբ մոտ 25 մլրդ դրամ կառավարությունը կտրամադրվի սոցիալական, նույնքան էլ տնտեսական հետևանքները մեղմելու համար։  80 մլրդ դրամ  նախատեսվում է ծախսել  տնտեսության վերաձևավորման ծրագրերի նպատակով։ Գործադիրում պահուստային գումար էլ կա՝ մոտ   20 մլրդ դրամ ՝ անհրաժեշտության դեպքում վերաբաշխումներ անելու  համար։

Back to top button