ԿարևորՀասարակություն

Սոցիալական շտապ օգնություն՝ Գյումրիում

Արտակարգ դրության հետևանքով հանապազօրյա հացը վաստակելու հնարավորությունից զրկված Գյումրեցի սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք ընդգրկված չեն պետական աջակցության որևէ ծրագրում ինչպե՞ս ապրեն։ Այս հարցով մտահոգ համախմբվել են գյումրեցի շուրջ 5 տասնյակ կամավոր ու Գյումրին առանց տնակների հիմնադրամի և Շիրակի մարզպետարանի հետ միասին նախաձեռնել «Սոցիալական շտապ օգնություն»։

Շփումները նվազեցնելու համար օնլայն հարթակ են պատրաստել և գրանցումներ են ստանում։ Նախաձեռնության համահեղինակ Կարեն Պետրոսյանն օնլայն ձևաչափը լրացնելու ձևերն է ներկայացնում։

«Այստեղ ընտանիքի անդամներն են, մենք կարող ենք ավելացնել այլ անդամներ, տարիքը, զբաղվածությունը։ Հիմա պետությունը այն ընտանիքներին, ովքեր ունեն  մինչև 14 տարեկան երեխաներ և աշխատանք են կորցրել՝ փոխհատուցում է տալիս, բայց մեծ թվով մարդիկ դուրս են մնում այս ծրագրից, որովհետև իրենք գրանցված աշխատող չեն եղել, բայց փաստացի կորցրել են աշխատանք, ինչպես և օրավարձով աշխատողներն այժմ կորցրել են իրենց աշխատանքն ու այլ եկամտի աղբյուրներ չունեն»,- ասում է Պետրոսյանը։

shtapognutyun.am կայքում «Գյումրին առանց տնակների» կազմակերրպության կայքում առանձին հավելվածով թեժ գծի հեռախոսահամարներ ու նաև հաշվեհամարներ կան, որ բարի կամքի տեր մարդիկ, գործարարներն իրենց նվիրատվությունն անեն։ Առաջին նվիրատվությունը Շիրակի մարզպետի կողմից է. նախաձեռնողները նոր արձագանքի են սպասում։

«Նվիրատվություն անելու 3 ձաչափ կա․ մեկը փոխանցում անել «Գյումրին առանց տնակների հիմնադրամի համապատասխան բաժնին, հաջորդը՝ դուք ինքներդ մեր մոտից վերցնելով տվյալները՝ օգնություն տանեք այդ ընտանիքին և երրորդն էլ մենք մի փոքր պահեստ ենք պատրաստել, տարբեր կազմակերպություններ և անձիք կարող են իրենց սննդի տեսքով նվիրատվությունները բերեն, մենք 1 օր կթողնենք ախտահանվի, հետո մեր կամավորները կհասցնեն հասցեատիրոջը»,-նշում է «Սոցիալական շտապ օգնություն» նախաձեռնության համահեղինակը։

Նախաձեռնության հեղինակները նաև հացի և այլ գործարաններից են ակնկալում աջակցություն սննդի տեսքով, 10- 12 000 դրամ արժողությամբ առաջին անհրաժեշտության սննդի զամբյուղը կազմելիս։ Սոցիալական հարթակում անապահով ընտանիքի տվյալները հասանելի կլինեն միայն նրանց համար, ովքեր կցանկանան աջակցել, իսկ նվիրատվությունների ցանկն ու հաշվետվությունը կլինի առավելագույնս թափանցիկ։

Back to top button