ԿարևորՀասարակություն

Ռադիոականների «նոր սերնդի» ձայնագրման տաղավարները

Լրատվական կյանքի ռիթմը՝ արտակարգ պայմաններոյմ: Ռադիոլուրը նույնպես արդեն մեկ շաբաթ է՝ անցել է աշխատանքի հեռավար ռեժիմի: Գործընկերներիս տների ննջասենյակները, հյուսենյակներն ու անգամ խոհանոցը դարձել են նոր սերնդի ձայնագրման տաղավարներ:

Ծածկոց, գուլպա, սրբիչ. սրանք այն աքսեսուրաներն են, որ այս օրերին տնից աշխատող ռադիոլուրականներն օգտագործում են ռեպորտաժներ պատրաստելու համար։ Գուցե ձեզ համար զարմանալի թվա, թե այս ապրանքները  ռադիոռեպորտաժ պատրաստելու հետ ինչ կապ ունեն։ Բացատրեմ՝ դրանք ձայնամեկուսիչ են, ու ձայնագրությունն ավելի որակյալ է լինում։

Արտակարգ դրություն հայտարարելուց դեռ երկու օր առաջ Հանրային ռադիոն անցավ տնից աշխատելու ռեժիմին։ Ռադիոլուրում աշխատող  մեծ կոլեկտիվից այսօր  աշխատավայրում են մի քանի հոգի։

Մինչեւ արտակարգ դրությունը, ամեն օր թարմ տեղեկություն էինք ստանում Հասմիկ Դիլանյանից, թե ինչպես է այդ օրն աշխատել Երևան–Արարատ  երթուղին, վարորդը ծխում էր, արագ էր վարում, ավտոբուսի մեջ  նախատեսվածից շատ մարդ կար, խախտվել էր արդյոք երթուղային ցուցակը։

Արարատի մեր դեսպան Հասմիկ Դիլանյանը, երբ սկսեց տանից աշխատել, այս ինֆորմացիայից, այսպես ասած, զրկվեցինք։ Ինչպես ասում են՝ Արարատի հետ իրական կապը խզվեց։  Փոխարենը մեր  գործընկերն  ամեն օր Արարատից՝ տանից պատրաստում է մի քանի նյութ ու մեզ թարմ տեղեկատվություն  տրամադրում, թե Ռադիոտան շենքից երեւի կես կիլոմետր հեռավորությամբ գտնվող կառավարության շենքում՝ հայկական միասնական  տեղեկատվական կենտրոնում հյուընկալված պաշտոնյաներն ինչ նոր  որոշման մասին են բարձրաձայնում։

Հասմիկն ասում է, որ առաջին օրերին չէր պատկերացնում, որ կարող է տնից աշխատել, թեեւ տեխնիկական հնարավորությունները թույլ էին տալիս։ Պատմում է, որ տնից աշխատելն իր հետաքրքությունն  ունի։

«Համակարգիչը հեռավար եղանակով կարգավորել, ծրագրային լուծումներ տալ օգնեցին, որ ավելի հեշտ աշխատենք տնային պայմաններում։ Ասեմ, որ բավականին  հետաքրքիր է։ Փոխվել է նաև աշխատելու ժամանակահատվածը։ Նախկինում եթե ես ռադիոյից դուրս էի գալիս ու իմ աշխատանքն ավարտվում էր, հիմա այդպես  չէ։ Եթե  երեկոյան կա որևէ միջոցառում, որ դու պետք է լուսաբանես, ապա լուսաբանում ես»,- ասում է Հասմիկը։

Հարցին, թե զարմիկները թողնո՞ւմ են հորաքրոջն աշխատել․ «Այ  հենց  դրանում է առանձնահատկությունը, որ աշխատավայրում  փոքրիկ երեխա չի կարող դուռը բացել ու ասել, բայց ես ուզում եմ քո հետ աշխատել։ Տանը  ստիպված ես ոչ միայն հետևել օնլայն  ասուլիսներին, ոչ միայն ռեպորտաժ գրել, այլ անընդհատ փորձել փոքրիկներին չնեղացնել ու անընդհատ պատմել, թե ինչ ես անում»։

Համացանցը ցնցեց Լենա Բադեյանի «նոր սերնդի»  ձայնագրման տաղավարը։ Մեր գործընկերը եթերային ձայնի որակը ապահովելու համար մի քանի հնարքների էր դիմել, բայց փոքրիկ աղջկա՝ Եվայի գուլպան ու ծածկոցն ապահովեցին հենց ռեպորտաժի եթերային  ձայնի լավ որակը։ Լենան պատմում է, որ տանը չնայած կա երկու համակարգիչ,  բայց օգտվողները շատ են։ Ու, մեղմ ասած, կռիվ է լինում թե ո՞վ պետք է առաջինը սկսի իր  աշխատանքը։ Իհարկե, միշտ շահում են  երեխաները․

«Փորձում եմ համատեղել, հենց այս պահին էլ կրկին աշխատանքային միջավայր է, նաև կողքից  առօրյա գործերն են խառնվում մեր գործերին։ Մի կողմից մոնտաժ է արվում, մյուս կողմից ես նյութն եմ  պատաստում, բնականաբար  ճաշ եփում, իսկ երեխաներն էլ դաս են անում։ Այդ ամեն ինչի ընթացքում  ժամանակ  է պետք  գտնել երեխաների հետ  հեռավար դասերը կազմակերպելու համար»,- ասում է Լենան։

Զանգահարում  ենք մեր մյուս  գործընկերոջը՝ Սոնա Հակոբյանին։ Երկու տարեկան փոքրիկ Արփին անգամ այդ պահին չի թողնում նրան պատասխանել հարցերին։ Սոնան ասում  է, որ իր ձայնագրման ստուդիան տան այն հատվածն է, որտեղ չի լսվում Արփիի ձայնը, իսկ այդպիսի հատված գտնելը դժվար է։

«Փորձում ենք աշխատել իրար խանգարելով, տանը էքստրիմն ավելի շատ  է։ Ու հիմա էլ խոսում եմ  հեռախոսը ձեռքիցս խլում է, չի թողնում խոսեմ։ Խաղալիքները բերում ասում է խաղա ինձ հետ»,-ասում է Սոնան։

Տնից աշխատող մեր մյուս գործընկեր Աննա Նազարյանն է, որ արտաքին քաղաքականություն է լուսաբանում։ Զանգահարում ենք ու լսում  նման պատասխան․

«Ո՞վ ա, հիմա չեմ կարող խոսել, քանի որ ձայնագրության եմ։ Ու ես պահին էլ ինտերնետի հետ խնդիր կա, բայց ռեպորտաժը պետք է հասցնեմ»,- ասում է Աննան։

Ռեպորտաժն արդեն եթերում է, ու մենք կրկին փորձում ենք զրուցել Աննայի հետ։ Ասում է, որ տան անդամներն իր առաջին ունկնդիրներն են։ Ավելին, նրան օգնում են սկեսրայն ու սկեսուրը, եթե լրագրող հարսը ինչ-որ մի բան բաց է թողնում․

«Հեռուստացույցը միշտ միացված է, ու եթե ես ինչ որ մի բան բաց եմ թողնում, ընտանիքս անդամները շատ են օգնում։ Տեղեկացնում են անմիջապես ու ես խոհանոցից միանգամից գալիս եմ հյուրասենյակ ու նստում համակարգչիս առաջ»։

Աննան ասում է, որ այս ընթացքում վերջապես իրականացրել է իր մեկ այլ երազանքը։ Դա լրագրություն հետ բացարձակապես  կապ չունի։

«Միշտ ուզում էի կրեմներ պատրաստել բժշկական ու այս ընթացքում, երբ ավելի ազատ ժամանակ ունեի, վերջապես պատրաստեցի»։

Երեկ մեր գործընկեր Աիդա Ավետիսյանի մասին տեսանյութ էր հրապարկվել,  թե ինչպես է  փոքրիկն տղան  ներխուժում  մայրիկի աշխատասենյակ դարձած ննջասենյակ ու պահանջներ ներկայացնում։

Աիդան ասում է, որ երկու փոքրիկ երեխաները մինչեւ հիմա չեն կարողանում պատկերացնել, որ մայրիկի ննջասենյակը ստուդիա է.

«Շատ հոգնած եմ, առավոտյան տղայիս հետ հեռավար դասերն ենք պատրաստում, տան գործեր, իսկ փոքր տղաս այդպես էլ չհասկացավ, թե մայրիկն ինչ է անում սրբիչը գլխին գցած, նրան թվում է, թե մենք  պահմտոցի ենք խաղում, ու ձայնագրման ժամանակ կարող է ներս մտել ու ասել, մամ ես քեզ գտա, հիմա քո հերթն է։ Այնպես որ՝ չի բացառվում, որ մի օր ռեպորտաժների մեջ Դավիթի ձայնը լսվի»։

Որքան էլ հաճելի է  տանից աշխատելը, սակայն մեր գործընկերները  պնդում էին, որ նրանք անհամբեր սպասում են կորոնավիրուսի նահանջին ու արտակարգ  դրության ավարտին։

Back to top button