ԿարևորՀասարակություն

«Տարեցների անձնական տվյալները սոցիակալան բաց հարթակներում մի՛ տեղադրեք»․ «Հայ տարեց» նախաձեռնություն

Մնացեք տանը․ շարունակ հնչող կոչին հետևելու համար սոցիալական ամենախոցելի խումբը՝ միայնակ ու խնամակալ չունեցող տարեցները, օժանդակության կարիք ունեն։ Հենց այդ կարիքը բավարարելու անհրաժեշտությունից դրդված «ՀԱՅ» Ասոցիացիան նախաձեռնել ու իրականացնում է  «Հայ տարեց» նախագիծը։ Կամավորներն այս օրերին արդեն մեկ ամսվա սնունդ ու անհրաժեշտ պարագաներ է  բաժանել շուրջ 600 տարեցի։ Գործը շարունակելու համար նոր հանգանակությունների կարիք կա։ Տարեցներին օգնելու համար` շատերը նրանց անձնական տվյալներն են հրապարակում սոցիալական բաց հարթակներում։ Նախաձեռնության անդամները կոչ են անում  հրաժարվել տվյալների հանրայնացումից և չվնասել մեր տարեց  հայրենակիցներին։

Տարեցների շրջանում կորոնավիրուսի տարածումը  կանխելու նպատակով «ՀԱՅ» Ասոցիացիան իրականացնում է «Հայ տարեց» նախագիծը, որի շրջանակում կամավորները մեկ ամսվա համար սնունդ ու անհրաժեշտ պարագաներ են  բաժանում միայնակ բնակվող  կամ խնամակալ չունեցող տարեցներին։ Ասոցիացիայի հիմնադիր տնօրեն Տիգրան Հակոբյանի խոսքով` նպատակը մեկն է, որպեսզի տարեցները դուրս չգան տնից, չվտանգեն իրենց առողջությունը։

«Տարեցների մասին տվյալները  ձեռք ենք բերում  հիմնականում թաղապետարանների սոցիալական բաժիններից։ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունն ունի բարեգործական ճաշարաններ, որտեղ մարդիկ սնվում էին, և որոնք համաճարակի պատճառով փակվել են։  Մենք ունենք նաև այդ կազմակերպությունում գրանցված մարդկանց ցուցակները։ Այս պահին ունենք գրանցված 2000  տարեց»։

Նախաձեռնության կամավորներն այցելել ու փաթեթներ են բաժանել արդեն 600 տարեցի։ Փորձում են թիվը հասցնել առավելագույնին, բայց դրա համար նոր միջոցներ են անհրաժեշտ` ասում է Հակոբյանը ու շեշտում` կամավորների մասով խնդիր չունեն։  

«Կամավորների խնդիր, փառք Աստծո, չունենք։ Երեկ նույնիսկ մի տարեց մարդ մոտեցավ՝ առաջարկելով իր օգնությունը որպես կամավոր։ Ասացինք՝ կներեք, բայց չենք ուզում ենթարկել ձեզ նման ռիսկի։ Շատ երիտասարդ կամավորներ ունենք, կան կազմակերպություններ, որոնք ոչ գումար, բայց օրինակ ձու, թեյ, անհրաժեշտ պարագաներ են տրամադրում։ Հավաքագրված գումարը փոխանցումների տեսքով հիմնականում մուտքագրվել է Ռուսաստանից և Միացյալ Նահանգներից։ ԱՄՆ-ում մեր հայրենակիցները հավաքել են շուրջ 10 հազար դոլար, որը շուտով կլինի մեր հաշվեհամարի վրա»։

Ի դեպ, ծրագրի մեկնարկի համար լուրջ խթան է դարձել մոսկվաբնակ հայ գործարար, «Ռութցոկ ինվեստ»    կազմակերպության նախագահ Ռուբեն Գրիգորյանի փոխանցած  4 միլիոն 905 հազար դրամը։ Տիգրան Հակոբյանի խոսքով, նախաձեռնությանն առայժմ չի օժանդակել  հայաստանյան որևէ խոշոր գործարար։ «16 տարի ապրելով Իսպանիայում և համեմատականներ անցկացնելով` կարող եմ ասել, որ համախմբվածության մասով Հայաստանում գործակիցը գերազանցում է 100 տոկոսը։ Այս պահին մենք չունենք որևէ  կարիք ֆինանսական հանգանակություններից բացի»,-ասում է «Հայ տարեց» նախաձեռնության համահեղինակ Տիգրան Հակոբյանը։

«Ես ձեզ խնդրում եմ հայտարարել, որ մենք միայն հանգանակությունների կարիք ունենք ։  Մենք ունենք և՛ կամավորական ուժ, և՛ նրանց կողմից տրամադրվող մեքենաները, միայն գումարի կարիք ունենք, որպեսզի կարողանանք շարունակել գործը»։

Եվս մեկ կարևոր հայտարարություն, որը  Տիգրան Հակոբյանը «Ռադիոլուրի» միջոցով  ցանկացավ փոխանցել  մարդկանց, որոնք տեղեկություններ են հայտնում   միայնակ ու խնամակալ չունեցող տարեցների վերաբերյալ․  «Տարեցների անձնական տվյալները ոչ մի դեպքում սոցիակալան բաց հարթակներում մի տեղադրեք»,-ասում է։

«Խնդրում եմ բոլորին, որպեսզի մեկնաբանությունների դաշտում չգրեն մեր տարեցների հասցեն, հեռախոսահամարը։ Եթե ինչ որ բան ցանկանում եք փոխանցել, գրեք մեր ֆեյսբուքյան էջին՝ փակ նամակով։ Ճիշտ է, շատերը ուզում են օգնել, բայց անձնական տվյալներ հրապարակելով կարող են վնասել»։

Դե  ինչ, վարվենք խելամիտ, որպեսզի մեր բարի ցանկությունները չվնասեն  տարեցներին։

Back to top button