ԿարևորՀասարակություն

Կանխարգելիչ միջոցառումներ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

Այս օրերին նոր կորոնավիրուսով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։  Հակահամաճարակային միջոցառումները կատարվում են ընկերության ստորաբաժանումներում։  

Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատն արդեն մի քանի օր է իրականացնում է լայնածավալ հակահամաճարակային միջոցառումներ։ Կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանը նշում է՝ առաջնային են համարել մարդկանց իրազեկվածությունը։

Կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են  ձեռնարկության բոլոր ստորաբաժանումներում։

«Ախտահանվում են բոլոր աշխատատեղերը։ Սանհանգույցները, լոգախցիկները, աստիճանավանդակները, բազրիքները, վերելակների կոճակները, դռների, պատուհանների բռնակները, բոլոր այն մակերեսները, որոնց հետ մարդը առօրյա շփում ունի»։

Նոր հիվանդության տարածմամբ պայմանավորված նվազագույնի են հասցվել աշխատակիցների անմիջական շփումները։ Կայուն զարգացման տնօրենն ասում է՝ փաստաթղթաշրջանառությունն անցել է էլեկտրոնային տարբերակի։

«Գրասենյակային աշխատակիցների մեծ մասը անցել է հեռահար աշխատանքի, աշխատում են տնից, համակարգչով։ Մեկ այլ մասի՝ ներառյալ ռիսկային խմբերին, տրամադրվել է վճարովի արձակուրդ: Բոլոր տեսակի դասընթացները կասեցվել են ընկերությունում, ինչը վերաբերում է նաև ժողովներին։ Հիմնականում օգտագործում ենք կապի միջոցները։ Ժամանակավորապես կասեցվել է ճաշարանի գործունեությունը, սակայն շարունակելու է աշխատել ճաշարանին կից սառը սննդի պատրաստման տեղամասը և մատակարարելու է աշխատակիցներին փաթեթավորված սառը սնունդով, որը համապատասխանում է բոլոր հակահամաճարակային պայմաններին»։

Սամվել Ալեքսանյանը նշում է, որ արտադրամասեր միայն քլորամին լուծույթով չէ, որ ախտահանվում են, ձեռք են բերվել նաև ուլտրամանուշակագույն լամպեր։ Բացի այդ` ախտահանող աշխատակիցներին տրամադրվել են հատուկ դիմակներ ու ձեռնոցներ, այլ անհատական պաշտպանիչ միջոցներ։

 «Ձեռք են բերվել նաև ժամանակակից ջերմադետեկտորներ և լազերային ջերմաչափեր, որոնք տեղադրվելու և կիրառվելու են ընկերության անցակետերում և բոլոր ստորաբաժանումների նախամուտքերում։ Մարդկանց ջերմությունը չափվելու է օրը առնվազն երկու անգամ»։

Կազմակերպվածության ու համախմբավածության շնորհիվ կհաղթահարվի նաև այս փորձությունը, խոսքը եզրափակում է կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրենը։

Back to top button