ԿարևորՀասարակություն

Յուրաքանչյուրը մեկուսանում է յուրովի

Կյանքն արտակարգ իրավիճակի պայմաններում. ինչպես են ինքնակազմակերպվում ու նոր իրավիճակին հարմարվում մեր հայրենակիցները, օրինակ, Գավառում կամ երեք մանկահասակ երեխա ունեցող ընտանիքում։ Հոգեբաններն ասում են, որ մարդու համար արտակարգ իրավիճակը նշանակում է սովորական, հարմարված կյանքի ու կենսագործունեության կտրուկ փոփոխություն: Յուրաքանչյուր փոփոխություն սթրեսային հոգեվիճակի առաջացման նախապայման է: Որոշ մարդկանց մոտ այն ուղեկցվում է ներքին կենսական ռեսուրսների հավաքագրմամբ, մյուսների մոտ հնարավոր են  աշխատունակության անկում, հոգեբանական խնդիրներ։  Ինչպե՞ս խուսափել ինքնամեկուսացման բացասական հետևանքներից , ինչպե՞ս օգտագործել իրավիճակը առավել արդյունավետ։

Գավառը արտակարգ դրության պայմաններում․ իրավիճակի մասին տեղի բնակիչ տիկին Սոնիկն է մեզ տեղեկացնում․«Ես մեր տան մասշտաբով ասեմ․ ամուսինս 80 տարեկան է, ես՝ 70։ Առավոտյան արթնանում ենք, մի բաժակ սուրճ ենք խմում, գնում ենք գոմ, կովերին կթում, հորթերին կաթ տալիս, վերջը՝ աշխատում ենք։ 12-ին գալիս ենք, ձեռքերս բժշկական օճառով լավ լվանում ենք, հաց ուտում։ Այսօր մեր բարեկամներից էր մահացել, վախեցանք, չգնացինք։ Ասում են այդ վիրուսը  70- 80 տարեկաններին է շատ կպնում։ Սպիրտով ձեռքերս մաքրում  ենք, սխտորով սպիրտը դնում ենք պատուհաններին։

Սպիրտով Գավառում ոչ միայն ձեռքերն են մշակում, այլև խմում են։ Ինչպես տիկին Սոնիկն է ասում՝ մինչև կորոնավիրուսի գյուտն էլ օղիով տարբեր վարակների դեմ պայքարելն այստեղ ընդունված էր. «Ընդհանրապես մենք խմում ենք հացի հետ, մինչև այս հիվանդությունը տղես թույլ չէր տալիս, որ առանց օղի սեղան  նստենք, հիմա օղի էլ ենք խմում, կոնյակ էլ։ Տղես գնացել 60, թե 70 գրադուսանոց սպիրտ է բերել։ Դրանով ենք ձեռքներս մշակում։ Շատ ուշադիր ենք, շատ ուշադիր»։

«Շատ լավ ենք, հարևաններով, բարեկամներով , մեր մեջ նման բան չկա։  Շատ ուշադիր ենք, ոնց ասում են, այնպես անում ենք»,-ասում է տիկին Սոնիկը։ Իսկ տեղեկատվության ինչպիսի՞ աղբյուրներից են հատկապես օգտվում Գավառում, հարցին պատասխանում է․«Ամբողջ օրը հեռուստացույցը միացրած է, հարսները հեռախոսները բացում կարդում են։ Հեռախոսների մեջ ինչպես գրում են, այնպես անում ենք»։

Երեք անչափահաս երեխաների մայր Անահիտի ընտանիքում կորոնավիրուսի դեմ պայքարն ու ինքնամեկուսացումն այնքան թեթև չի անցնում, որքան  Գավառում ապրող տիկին Սոնիկի ընտանիքում։ Ռադիոլուրի հետ զրույցում Անահիտը խոստովանում է՝ գժվեցինք․ «Ինքս աշխատող եմ, այս իրավիճակից ելնելով աշխատում եմ  տնից։ Երեխաներիցս մեկը դպրոցական է, երկուսը՝ մանկապարտեզ էին  հաճախում։ Իրավիճակը կարող եք արդեն պատկերացնել․մի կողմից փորձում եմ չուշացնել երեխայիս առցանց դասերը, որպեսզի ճիշտ ժամին, այսպես ասած, դասին ներկա լինի։ Մյուս կողմից իմ առցանց աշխատանքն եմ փորձում հասցնել։ Իսկ երբ տանն ես, տան գործն էլ ավելի շատ է լինում, դա էլ պետք է հասցնել։ Դժվար է, հեշտ չէ։

Դժվար է, բայց Անահիտի ընտանիքում ևս ընբռնումով են մոտենում իրավիճակին, միաժամանակ պահպանելով   անվտանգության ու հիգիենայի բոլոր կանոնները. «Եթե առաջ երեխաներիս պիտի համոզեի, որպեսզի լվացվեն, այժմ իրենք են անընդհատ դա անում։  Մարդն այնպիսի էակ է, որ ամեն ինչին հարմարվում է»։

Մեկուսացում, զրկում․ հոգեբանության մեջ այս վիճակը կոչվում է դեպրիվացիա։ Մասնագետներին հայտի է այս իրավիճակում գտնվող մարդկանց հոգեբանական դրսևորումները։ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի փոխդեկան,  հոգեբան Անահիտ Սահակյանի խոսքով՝ այդ դրսևորումները կարող են լինել շատ տարբեր՝ պայմանավորված նրանով, թե մեկուսացումը հարկադրվա՞ծ է, թե՞ գիտակցված։ Կարևոր է նաև սահմանափակումների ծավալը։ Այն, ինչի հետ գործ ունենք արտակարգ դրության այս պայմաններում, ըստ մասնագետի, մասնակի մեկուսացում է, ուստի հոգեբանական լուրջ խնդիրներ, այդ թվում ՝  հոգեկան շեղումներ, առաջացնել չի կարող։ Ի վերջո, տվյալ դեպքում մեկուսանում ենք, ինչպես ասում են՝  ընտանյոք հանդերձ, իսկ մյուսների հետ շփման բազմաթիվ հնարավորություններ կան՝ հեռախոս, համացանց և այլն։ Այդուամենայնիվ,  մեկուսացման այս տեսակն էլ  տարբեր մարդիկ  տարբեր կերպ են հաղթահարում՝ պայմանավորված անձի  հոգեբանական խառնվածքով․

«Կան մարդկանց տիպեր, որոնք սիրում են անձնական շփումները, օրինակ, էքստրավերտները։ Նրանք սնվում և էներգիա են ստանում մարդկանց հետ շփման շնորհիվ։ Եվ կան մարդիկ, օրինակ, ինտրավերտները, որոնք հաճույքով մնում են տանը և իրենց հարմարավետ տարածքում են զգում։ Տնից դուրս գալն է նրանց համար սթրես»։

Մեկուսացման պայմաններում կարևոր է  անձնական տարածքի գոյությունը։ Անձը կարող է ունենալ խնդիրներ, եթե այդ տարածքը բացակայում կամ ճնշվում  է։ Տվյալ դեպքում՝ ընտանիքում կարող է գրանցվել լարվածության աճ, հատկապես, եթե մինչ այս էլ հարաբերությունները մի բան չէին։ Բայց սա էլ միանշանակ չէ, ընտանեկան ինքնամեկուսացումը կարող է նոր՝ ավելի ջերմ հարաբերությունների խթան դառնալ. 

«Շատերը պարզապես կարոտել են իրենց երեխաներին, նրանց հետ զրուցելուն, ամուսիններով միասին ինչ-որ հարցեր քննարկելուն»։

Ինքնամեկուսացման պայմաններում հոգեբանական լարվածությունն անխուսափելի է, եթե գործ ունենք հարկադիր պարապուրդ և սոցիալական խնդիրներ փոխկապակցվածության հետ։ Հոգեբան Անահիտ Սահակյանն ասում է, որ այս իրավիճակում գտնվող մարդուն ուղեկցում են վախերն ու տագնապները։ Այդուհանդերձ, անգամ այս պայմաններում, առաջարկում է կենտրոնանալ միայն դրականի վրա, գնահատել այն, ինչ ունենք այս պահին։ Սթրեսից ու ավելորդ լարվածությունից խուսափելու համար նաև առաջարկում է հաճելի երաժշտություն լսել, դիտել  դրական տրամադրություն ստեղծող ֆիլմեր, տանը գտնվելու հնարավորությունից օգտվելով  ավարտին հասցնել չհասցրած գործերը, խիստ սահմանափակել վիրուսի մասին համացանցային հաղորդագրություններ կարդալու ժամանակահատվածը։ Հոգեբանը հավելում է․ «Օգտվեք սթրեսի հաղթահարման՝ ձեր կողմից արդեն փորձարկված  անհատական միջոցներից՝ սուրճ, շոկոլադ, փոքրիկ չափաբաժին գինի և այլ հաճույքներ ձեզ թույլ տվեք։ Ի վերջո, եղեք լավատես»։ 

Back to top button