ԿարևորՀասարակություն

ՀՀ քաղաքացիներին մարտի 25-ին միջանցք կտրամադրվի կարանտինային տարածքով Հայաստան հասնելու

Վրաստանի իշխանությունները վաղը երկրի կարանտինային տարածքով (Մառնեուլի) միջանցք կտրամադրեն Վրաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիների տեղափոխումը դեպի վրաց-հայկական սահման կազմակերպելու համար։ Այս մասին «Ռադիոլուրին» տեղեկացրել են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

Մառնեուլիիում և Բոլնիսիիում կարանտինային ռեժիմ մտցնելուց հետո երեկ Հայաստանի քաղաքացիները ժամերով սպասել են վրաց հայկական սահման տանող Մառնեուլիի մատույցներում, սակայն չստանալով թույլտվություն անցնել տարածքը, հետ վերադարձել Թբիլիսի։

«Դեսպանությունը ակտիվ աշխատանք է տարել վրացական կողմի հետ, որպեսզի միջանցք տրամադրվի խիստ կարանտինային գոտիով մեր քաղաքացիները տեղափոխվեն Հայաստան։ Երեկ մենք հայտարարություն ենք տարածել՝ տեղեկացնելով իրավիճակի մասին, Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ անելով կապ հաստատել դեսպանատան հետ, ուղարկել իրենց տվյալները։ Արդեն մոտ երեք տասնյակ քաղաքացի է դիմել մեզ, նրանք վաղը կտեղափոխվեն սահման», — «Ռադիոլուրին» տեղեկացրեց Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի քարտուղար Հարության Հայրապետյանը։

Վրաստանի իշխանությունները Քվեմո Քարթլիի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ են մտցրել այն բանից հետո, երբ պարզվել է, որ տեղացի մի կնոջ մոտ կորանավիրուս է հաստատվել, իսկ վերջինս մասնակցել է բազմամարդ սգո արարողության, նրա շփման շրջանակը օրեցոր ավելանում է, վարակի աղբյուրը դեռևս պարզ չէ։

Մարտի 23-ին վաղ առավոտից վերահսկվում են այս շրջանների մուտքերն ու ելքերը, երեկ ամբողջ օրը շրջանով Հայաստան մեկնողներին չթույլատրեցին անցնել տարածքը։ Նրանք անորոշության մեջ էին հայտնվել՝ նշելով, որ «պատանդ» են մնացել Թբիլիսիում։ Միայն տարեց քաղաքացիներին բացառության կարգով ոստիկանները Մառնեուլիից ուղեկցել են դեպի սահման։  

Կարանտինային ռեժիը չի վերաբերում բեռնատարներին։ Երեկ ևս Մառնեուլիի ճանապարհը բաց է եղել տրանզիտ բեռնատարների համար. «Բեռնատարների մասով որևէ խնդիր չկա, այստեղ ավելացել է միա ախտահանումը, որը մինչև կարանտինային ռեժիմ մտցնելը չկար»,-պարզաբանեց Հայրապետյանը։

Ինչ վերաբերում է վրաց-հայկական սահմանային անցակետերին, Վրաստանի կառավարության ղեկավարի գլխավորությամբ գործող միջգերատեսչական կազմակերպչական խորհուրդը մարտի 22-ին որոշում է կայացրել, որ քաղաքացիների համար (խոսքը չի վերաբերում բեռնափոխադրումներին) վրաց-հայկական անցակետերից կաշխատի միայն Սադախլոյի անցակետը, որը հնարավորություն կունենան հատել միայն իրենց հայրենիք վերադարձող ՀՀ  և Վրաստանի քաղաքացիները։ Սադախլոյի անցակետը հնարավոր է հատել միայն ժամը 10:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close