ԿարևորՏնտեսական

Բիզնեսը պիտի հասկանա պահի լրջությունը եւ փորձի վերադասավորվել. Արսեն Ղազարյան

Աշխարհում եւ Հայաստանում նոր տնտեսական իրականություն է։ Այն եկավ հաշված օրերի ընթացքում։ Նույնպիսի արագությամբ բիզնեսը պետք է փոխվի եւ հարմարվի նոր իրականությանը։ Ինչպես՞  —  այս հարցը չունի միանշանակ պատասխան։

Շատերն են հիմա, սակայն, մտածում հենց այդ հարցի պատասխանը գտնելու մասին։

Առաջինը, որ միանշանակ կարելի է նկատել՝ օնլայն համակարգերի առավել ներգրավումն է բիզնեսի կարգավորումներում։ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության ղեկավար Արսեն Ղազարյանը, օրինակ, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է, որ օնլայն համակարգերն իրենք արդեն իսկ լայնորեն կիրառում են եւ բավականին հաջող։

Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ, «Ապավեն» միջազգային փոխադրող  ընկերության ղեկավար Արսեն Ղազարյանի փոխանցմամբ՝ փոխադրումների իմաստով այս պահին, որոշակի դժվարություններով, բայց աշխատում է նույն ընթացիկ ռեժիմով։ Առաջին բանը, որ կարելի է արձանագրել նոր իրավիճակում՝ օնլայն համակարգերի առավել մեծ ծավալով ներառումն է բիզնեսի կառավարման գործում։

«Մենեջմենթի մի մասն արվում է հեռահաղորդակցային միջոցներով տանից, բայց հերթապահություններ եւս սահմանել ենք ու բեռնահամալիրն ամբողջ ծանրաբեռնվածությամբ աշխատում է»,-նշեց Արսեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝  բոլոր աշխատակիցները համապատասխան միջոցներով ապահովվել են։ Կատարվում են ախտահանումներ։ Ցուցաբերվում է առավելագույն զգուշավորություն։ 

Վերջին օրերի միակ խնդիրը Վերին Լարսի փակ լինելն էր ձնաբքի պատճառով, ինչի հետեւանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրումները դանդաղել էին։ Այսօր, սակայն, արդեն ճանապարհը բաց է, եւ մեկ-երկու օրից արդեն վերջնականապես բեռնափոխադրումների կազմակերպումը նոր պայմաններում հունի մեջ կընկնի՝ վստահեցնում է Արսեն Ղազարյանը։

«Այնպես էր, այս պահին մենք փոխադրումների իմաստով էլ, դժվարություններով, բայց ընդհատումներ չունենք։ Մենք ունենք այսօր «Ապավենի» բեռնատարներ, որոնք արտահանման եւ ներկրման պրոցեսի մեջ են. բավականին խիստ հրահանգներ ենք տվել ամեն օրվա համար եւ օնլայն ռեժիմով հետեւում ենք կարգապահությանը, որովհետեւ շատ կարեւոր է անձնական կարգապահությունը՝ նորմերի կիրառման»,- ասաց  Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը։

Եթե նոր սահմանափակումներ չլինեն եւ գործի այսօրվա ռեժիմով, ապա Վրաստանի Վերին լարսով էլ շարունակվելու է նույն ծանրաբեռնվածությամբ աշխատանքը՝ ասում է։

Արդյունաբերողների եւ գործարարների միությունն անցած շաբաթ առաջարկ էր ուղարկել կառավարություն։ Արսեն Ղազարյանը տեղեկացրեց, որ առաջարկները վերաբերում էին միջոցառումների որոշակի ցանկի եւ դրանց մի մասը ներառվել էր նաեւ կառավարության հրապարակած միջոցառումների ցանկի մեջ, որը եւ հրապարակեց կառավարությունը։ Մենք ողջունում ենք բիզնեսին աջակցելու կառավարության առաջարկած գործիքակազմը՝ ասաց Արսեն Ղազարյանը։  

«Իմ կարծիքով, ամենակարեւորն այն է, որ բիզնես հանրությունն ինքն էլ հասկանա պահի լրջությունը եւ իրոք փորձի վերադասավորվել, վերախմբավորվել՝ օգտվելով այդ օգնության համակարգերից տեխնիկապես վերազինվել, հումք ձեռք բերել»,- ասաց Ղազարյանը։

Նա  կարեւորեց, որ կառավարությունը եւ վարչապետը հատկապես ընդգծեց գյուղատնտեսական արտադրության ոլորտում կոոպերացիաների ստեղծման անհրաժեշտությունը, որի դեպքում պետության աջակցությունը ֆինանսական իմաստով դառնում է գրեթե 100 տոկոս։

«Գյուղացիական մթերքի արտադրությունը եւ արտահանումը մեր թե՛ պարենային ինքնաբավությունն է, թե՛ մեր արտահանումների տեմպերի  ապահովումն է»,- նշեց Ղազարյանը եւ վստահեցրեց, որ հունվար, փետրվար ամիսների նման իրենք բեռների պակասություն չունեն եւ շուկային անհրաժեշտ բեռները շարունակվում են մատակարարվել՝ բավականին խիստ ու էֆեկտիվ վերահսկողության համակարգի կիրառմամբ։ 

Ցուցադրել ավելի
Back to top button
Close