ԿարևորՀասարակություն

Շրջայց Արմավիրի խանութներում. սննդամթերքի պակաս չկա

Արմավիրում պարենային սննդամթերքի պակաս չկա, խանութների դարակները լիքն են, բայց վերջին օրերին նկատվել է մի քանի ապրանքատեսակների գների բարձրացում: Տնտեսվարողներն ապրանքների թանկացումը կապում են դոլարի փոխարժեքի բարձրացման հետ: Թանկացել է նաև ալյուրը: Արմավիրի մարզպետարանի աշխատանքային խումբը վերահսկում է  պարենի գնաճը

Արտակարգ դրություն հայտարարելու պահից սկսած՝ առաջին  2 օրվա ընթացքում, Արմավիր քաղաքի խանութներում իրարանցում էր,  մարդիկ շտապել էին պարենի մեծ պաշար հավաքել: Ներքին վախ կար, որ մեկ ամսվա ընթացքում ապրանքները կսպառվեին և ամանօրյա գնումներին հավասարազոր սննդամթերք ու տնտեսական պարագաններ էին գնել:  Խանութներում ապրանքները չպակասեցին, բայց պարենային որոշ մթերքներ թանկացան:

«Մի քանի ապրանքներ թանկացել են՝ ձու, մակարոնեղեն, դե ալյուրը թանկացել է, մակարոնը 20 դրամով է թանկացել: Թանկացած ապրանքները նոր ենք ստացել, պահեստավորված չունեինք»:

Տնտեսվարողը նշեց, որ  իրենց խանութում 10 դրամով թանկացել է հացը: Ապրանքների թանկացումը  պայմանավորում են ամերիկյան արտարժույթի բարձրացմամբ: Տարադրամի փոխանակման կետերում 1 դոլարի փոխարժեքը  499 դրամ է: Ալյուրի թանկացումն ինչպես է ազդել հացի գնի վրա՝  հացի արտադրությամբ զբաղվող Վահրամ Կիրակոսյանը պատասխանեց.

«Զուտ իրավիճակից ելնելով հացը չենք թանկացրել: Պահեստավորված ալյուր չունեմ, նորն եմ առել, բայց գինը չեն թանկացրել, պարկի մեջ մոտ 500 դրամ է թանկացել»:

Տնտեսվարողն ասում է, որ որոշակի թանկացումներ կան նպարեղենի բաժնում՝ ոսպ, դեղին ոլոռ, հնձկաձավար, թանկացել է նաև շաքարավազը:  Գնային տատանումները 10-100 դրամ են, եթե հաշվի առնենք, որ տարբեր խանութներում ապրանքների տարբեր գնանշումներ կան: 25 կգ քաշով մեկ պարկ ալյուրի գինը օրեր առաջ 5150 դրամ է եղել, հիմա՝ 5600դրամ:  

«Գրեչկան, օրինակ, շատ է թանկացել՝ 100 դրամով, ընդ որում՝ ինչ ստանում ենք, հիմնականում թանկացած է, և սա ոչ թե խուճապի հետ է կապված, այլ դոլարի գնի թանկացման: Հայաստանում արտադրվող մսամթերքի գների փոփոխություն չկա, Արաքսի հավն է մի քիչ թանկացել, երևի կերի հետ է կապված»:

Տնտեսվարողների կողմից կամայական գնաճը զսպելու նպատակով Արմավիրի մարզպետարանը վերահսկողություն է սահմանել մարզի խանութներում վաճառվող պարենային ապրանքների վրա, տվյալները փոխանցվում են կառավարություն: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ այդ նպատակով մարզպետարանում ստեղծվել է աշխատանքային խումբ.

«Կոնկրետ այս պահին շատ քիչ, 2-3  ապրանքատեսակների գնաճի տարբերություն ենք արձանագրել, որոնց տատանումներն եղել են 5-10 դրամ, արձանագրվել են և ուղարկվել»:

Խանութներից մեկում երեկ առավոտյան  մակարոնի բարձրացված գինը մոտ 50 դրամով իջեցրել էին:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները զգուշացրել են տնտեսվարողներին հացի վաճառքը կազմակերպել փաթեթավորված: Խանութներում հիմա առօրյա գնումներ են, փակ տարածություններում գնորդները գրեթե չեն կրում դիմակներ, ձեռնոցներ: Պաշտպանիչ միջոցներ չունի նաև առևտրի կետերի աշխատողների մի մասը:  

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունը բազմաբնակարան շենքերի շքամուտքերում  փակցրել է  իրազեկման թերթիկներ՝ հանրային միջոցառումների կազմակերպումը սահմանափակելու վերաբերյալ: Միաժամանակ տեղեկացնում են՝ միմյանցից պահպանել հեռավորություն, ձեռքով չբարևել, չգրկախառնվել, չհամբուրվել, պահպանել սանիտարահամաճարակային կանոնները:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close