Ծովահայեր

Ծովային թանգարան՝ լեռնային երկրում. «Ծովահայեր»

Եթե Հայաստանն ունենա ծովային թանգարան, այն կդասվի աշխարհի առաջավոր թանգարանների շարքին՝ ասում է Ծովային հետազոտությունների «ԱՅԱՍ» ակումբի նախագահ Կարեն Բալայանը։

1994 թ.-ից ուսումնասիրել է աշխարհի լավագույն ծովային թանգարանների փորձն ու վստահ է՝ հայկականը մեր երկիր կբերի ծով ու օվկիանոս ունեցող երկրների ծովային հետազոտողներին։

Երեսունհինգ տարի աշխարհի տարբեր երկրներից ցուցանմուշներ ու նյութեր են հավաքել, որոնց առյուծի բաժինը գտնվում է արտերկրում և Հայաստան կգան, երբ թանգարանի տարածքի հարցը լուծվի։  

Ծովային թանգարանը մեծ ծախսեր է պահանջում, բայց՝ դա էլ հոգ չէ, քանի որ արդեն հովանավոր ունի, ով նույնպես սպասում է տարածքին, որ հայկական ծովագնացության պատմության պահպանման ու հանրահռչակման մեջ իր լուման ունենա։

Սակայն թանգարանի ընդամենը տարածք ունենալու 14 տարվա ջանքերը դեռ արդյունք չեն տվել։ 35 տարի առաջ մի խումբ երազող երիտասարդներ որոշեցին աշխարհին ցույց տալ, թե ինչպիսի նավաշինարարներ ու նավաստիներ են եղել հայերը միջնադարում և ինչպիսին են հիմա։ Այսօր մնում է իրականացնել միայն ամենադյուրինը թվացող, բայց և տարիներ ձգձգվող թանգարանի տարածք ունենալու հարցը, որ նախագիծն ամբողջանա։

 Հանրայինի արխիվներում պահպանվել են դեռ 30 տարի առաջ արված տեսագրություններ, որտեղ երիտասարդները Սևանի ափին տեղադրել էին իրենց երազաքների նավի մանրակերտը, տեղի քահանան օծում էր, նրանք էլ խանդավառությամբ  պատմում էին իրենց պլանների մասին։

 «Այսօր մենք  սկսեցինք նավի կառուցումը, ինչին պատրաստվում էինք վեց տարի։ Հայկական «Կիլիկիա» նավն է, 20 մետր երկարությամբ, 5 մետր լայնքով, մոտ 50 տոննա ջրատարողությամբ։ Նավը կառուցելու նպատակն է վերականգնել մեր պատմությունը,  վերարտադրել նավի վրա կենցաղը, բժշկությունը, սնունդը։ Նավի փորձարկումը սկզբից կանցնի Սևանում, հետո մենք կտանենք Սև ծով և հին հայկական առևտրական ուղիներով, Սև, Միջերկրական ծովերով կանցնենք և կայցելենք հին ու ժամանակակից հայ գաղութներ՝ Վենետիկ, Ջենովա, Մարսել։ Այնուհետև նավը կբերենք Հայաստան և ուզում ենք, որ այն դառնա թանգարանային ցուցանմուշ», — արխիվային տեսանյութում պատմում է  Կարեն Բալայանը:   

 Տղաներն ասացին ու արեցին։ Նախ՝ Կարեն Բալայանի գլխավորությամբ կազմավորեցին ծովային հետազոտությունների ակումբ, Կիլիկիո հայոց ամենամեծ նավահանգստային քաղաքի պատվին  անվանեցին «Այաս»  ու սահմանեցին ուսումնասիրման ոլորտները․ նավաշինություն, նավագնացության պատմություն, նավամոդելավորում, ստորջրյա հետազոտություններ, զինանշանագիտություն և նավարշավների կազմակերպում։  Վեց տարի ուսումնասիրեցին ձեռագրեր ու մանրանկարներ Հայաստանի Մատենադարանում, Ռուսաստանի, Լոնդոնի, Վենետիկի արխիվներում ու գրադարաններում, հետո անտառներում ընտրեցին կաղնու և սոճու ծառեր, յուղով,  խեժով մշակեցին ու նավը կառուցեցին ճիշտ այնպես, ինչպես մեր նախնիներն էին կառուցել 900 տարի առաջ։

Այդ տարիներին մեր երկիրը պատերազմի ու շրջափակման մեջ էր. ցուրտ ու մութ, բայց և ապագայի հանդեպ անսահման հավատով լեցուն  տարիներ։ Տասնմեկ տարի կառուցեցին, պատրաստի նավը հին հունական ավանդույթի համաձայն մայրաքաղաքի կենտրոնում ժողովրդին ի ցույց դրեցրին, հետո տեղափոխեցին  Սևան։

 2002 թ.-ի մայիսի 25-ին «Կիլիկիա» նավն առաջին անգամ լողաց Սևանի ալիքների վրա։ 2004 թ.-ին «Կիլիկիան» մեծ դժվարությամբ  700 կմ ցամաքային ճանապարհ անցավ լեռներով ու ձորերով, 10 օրում հասավ Սև ծով։   Մեկնարկեց նավագնացությունը 9 ծովերով (նախապես պլանավորել էին 7 -ը), այնպես,  ինչպես միջնադարում։ 

Երեք տարում «Կիլիկիան» հայկական դրոշով կտրեց անցավ 15 000 ծովային մղոն կամ՝ 28 000 կմ,  օղակեց Եվրոպան։  «Կիլիկիայի»  անձնակազմը հանգրվանեց  25 երկրի 63 նավահանգստում, առանց ժամանակակից օժանդակ պարագաների, ճիշտ այնպես, ինչպես  1000 տարի առաջ արել  են միջնադարյան նավագնացները։ Այցելեցին եվրոպական բոլոր այն քաղաքները, որտեղ հնում եղել են հայ ծովագնացներն ու վաճառականները։ Նրանք վերապրեցին մեր նախնիների սխրանքը, աշխարհին ապացուցին, թե ինչպիսի ծովագնացներ էին հայերը հնում և ինչպիսի ծովագնացներ են հիմա։

«Կիլիկիան» հանգրվանել է Սևանի ափին՝ սպասելով իր երկրորդ առաքելությանը՝ թանգարան դառնալուն, որ սերունդներին պատմի  հայկական ծովագնացության ու նավաշինության հարուստ ավանդույթների մասին։  

Back to top button