ԿարևորՀասարակություն

Կապանի հացի արտադրամասում կրկնակի եռանդով են աշխատում

Կապանի հացի արտադրամասերից մեկում  աշխատակիցները մեծ պատասխանատվությամբ կատարում են իրենց աշխատանքը։ Արտակարգ իրավիճակի պայմաններում էլ այդ ամենը կրկնապատկվում է։ Հացթուխները վստահեցնում են, որ խուճապի պատճառ չկա, պահեստավորված ամեն ինչ կա։

Կապանի հացաթխման արտադրամասերից մեկում ենք, այստեղ եռանդով հացթուխներն իրենց գործն են անում։ Հունցած խմորը տիկին Վարսենիկը գրտնակում տալիս է գլխավոր հացթուխին, նա էլ ձեռքի ճկուն շարժումներով լայն բացում է խմորը, վայրկյաններ անց թոնրի թարմ լավաշը պատրաստ է։

Աշխատակցուհի Հայկանուշ Կոստանդյան. «Խմբակային աշխատանք է, սիրով գալիս ենք աշխատանքի։ Հիմա, որ արտակարգ իրավիճակ է, գիշերվա ժամը 12-ից եկել ենք աշխատանքի, մինչև ցերեկվա 4-ը աշխատելու ենք։ Հոգնել բառ չկա, վարիչն էլ մեզ հետ միասին գիշերվա ժամը 12-ից այստեղ է, որպեսզի ողջ ժողովուրդի պահանջարկը մենք կատարենք։ Չէ բառը չունենք մենք»։

Գլխավոր հացթուխ Սաթինե Մինասյանն ասում է․ «Անկախ նրանից, որ աշխատել ենք՝ գնացել տուն, նորից հետ եկել, նշանակություն չունի, միշտ արել ենք, միշտ հասել ենք»։

Կիկնակի արագությամբ հացը թխվում, վառարաններից հանվում, տեղում  սպառվում է։ Կապանի հացաթխման կետերից մեկում վստահեցնում են` պարկերով ալյուր գնելու կարիք չկա։ Սուսաննա Պապյան։

«Հացը խնդիր չի լինելու, անձնակազմով բարձրաձայն ասում ենք, որ մենք այդ խնդիրը չենք ստեղծի, արտաժամյա էլ կաշխատենք, որ դա չստեղծվի»։

Նաև խմորեղեն ենք պատրաստում, աշխատակցուհին ասում է՝ կապանցիները քաղցր շատ են սիրում, դրա պակասն էլ չի լինի։ Հրուշակագործ Աղունիկ Արշակյանն ասում  է։

«Եթե պետք լինի տորթ, մնացած տեսականիները, պարտադիր կմնանք, լրացուցիչ ժամով կաշխատենք, պետք լինի՝ հերթափոխով կաշխատենք, կապահովենք մեր բնակիչների բոլոր պահանջները»։

Հացաթխման արտադրամասում վստահեցնում են՝ հացը միշտ կլինի, պահեստավորված ամեն ինչ կա։

Back to top button