ԿարևորՀասարակություն

Ձորագյուղում սոցիալապես ապահով են «խոպանի» շնորհիվ

Ձորագյուում օրհնում են Ռուսաստանին՝  իրենց աշխատանքով ապահովելու ու  ընտանիքի կարիքները բարելավելու համար: Ասում են՝ գնում են այնտեղ, որտեղ աշխատանք կա՝ Վլադիկավկազից մինչև Վլադիվոստոկ:

Ընտանիքները չեն դժգոհում, գիտակցաբար են մոտենում խնդրին: Արտագնա աշխատանքը օգնում է նաև համայնքի բարեկարգմանը: Հուզող խնդիրներից է երեխաների մարմնակրթական և գեղագիտական դաստիարակությունը, որպեսզի շնորհալի երեխաները հետագայում փայլեն աշխարհի հարթակներում:   

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի մուտքի կամարը հիշեցնում է  արքայանիստ բերդ-ամրոցի դարպաս, որի վրա փորագրված են համայնքի հին ու նոր  անունները՝ Շողագա, Ձորագյուղ, հիշատակվել է նաև նախնիների հայրենի քաղաքը՝ Ալաշկերտը: Մուտքի կամարից արդեն գնահատվում է գյուղի սոցիալական վիճակը: Տեղացիներն ասում են, որ  իրենց ունեցվածքը խոպանի արդյունքն է.

«Ձորագյուղը հարուստ գյուղ է, Ռուսաստանի արտագնա աշխատանքի  շնորհիվ է: Աշխատուժի 99 տոկոսը խոպան է գնում: Աստված Ռուսաստանին կյանք տա՝ Վլադիկավկազից մինչև Վլադիվոստոկ են գնում, որտեղ փող տալիս են, էնտեղ գնում են: Մեր միակ ելքը, մեր միակ ապրելու հույսը Ռուսաստանն է առայժմ, էս ինչ որ տեսնում ես Ռուսաստանն է բերել»:

Խոպանի փողերով է տեղադրվել նաև այն տաղավարը, որն առաջին հերթին աչքի էր ընկնում դարբնի  գեղեցիկ աշխատանքով և որտեղ ամեն օր տեղացիները  հավաքվում ու քննարկում են երկրի անցուդարձը:

Ձորագյուղի չափահաս դարձած տղաները բանակից հետո  հայրերի ու պապերի հետ գարնանը մեկնում են արտագնա աշխատանքի, աշնանը՝ վերադառնում: Գյուղն էլ թողնում են տարեցների ու կանանց հույսին: Չեն բողոքում, ընտանիքներում գժտություններ չեն ունենում: Ասում են դա իրենց համայնքին բնորոշ հատկանիշներից է.

«Մեր ընտանիքները սիրով, նամուսով կսպասեն մինչև ամուսինները աշնանը գան, խնդիր չկա, հարցին գիտակցաբար են մոտենում, լավ, ուրիշ ի՞նչ անեն: Ի տարբերություն ուրիշ շրջանների, ուրիշ մարզերի, ուրիշ գյուղերի այստեղ արմատապես իրար ճանաչում են: Գյուղում նորեկներ չկան, այլազգիներ չկան, Ալաշկերտից ինչ որ եկել են, իրենք են, իրար ճանաչում են, հարգում և դա զսպողօղակ է բոլորիս համար և՛ նամուսի տեսակետից, և՛ իրար հարգելու տեսակետից»:

Պատմում են, որ այստեղ տարբերվում են նույնիսկ ամռան ու ձմեռվա թաղումները, եթե ձմռանը թաղման թափորի վերջը չի երևում, ապա ամռանն ավելի քիչ մարդ  է լինում, հիմնականում կանայք:

Վերջին տարիներին մեծացել է ընտանիքներով Ռուսաստան գնացողների թիվը: Չնայած դրան գյուղում ծնելիության աճ  կա: Գյուղի 2 դպրոցում 500-ից ավելի աշակերտ է սովորում, մանկապարտեզում էլ՝ մոտ 130 սան կա: Տարեցների անհանգստությունը երեխաների գեղագիտության և մարմնակրթության  զարգացումն է:

«Մեր գյուղի միակ թերությունը, որ սպորտ դպրոց չունենք, երաժշտական դպրոց չունենք, մեր երեխաները գնում են Մարտունի: Գյուղի դպրոցում ու կլուբում միայն պարի խմբակներ  կան»:

11-ամյա Արարատ Զաքարյանը ձայնային լավ տվյալներ ունի, ցանկանում է գյուղում երաժշտական դպրոց գնալ, ուզում է երգիչ դառնալ: Տղայի երազանքի   իրականացման ճանապարհն ընտանիքի հետ ուղղվում է դեպի մայրաքաղաք: Արարատի ընկերների ցանկությունն էլ գյուղում  սպորտով զբաղվելն է, իսկ իրենց հասակակից Սմբատը սուրբ Աստվածածին եկեղեցու պահապանն է, պաիպիկին է օգնում:

Տեր Գրիգորի քահանա Վարժապետյանի կոռն է:  Համլետ Հակոբյանն ասում է, որ ինքը քահանայի 4-րդ ժառանգն է և ապրում են եկեղեցու հարևանությամբ գտնվող քահանայի տանը:  Եկեղեցին խոնարհումից երկրորդ շունչ է ստացել 1992թ-ին, իսկ 4 տարի առաջ վերակառուցվել ու վերաօծվել է, որտեղ կատարվում են ծիսակարգային արարողություններ:

Ձորագյուղում պահպանվել է 9-10 դդ թվագրված Շողագավանքը, Մասրուց Անապատ եկեղեցին, որոնց տարածքում հնագույն բազմաթիվ խաչքարեր կան՝  զորացված հավատքի ուժով: Հավատքը ժողովրդին միավորում է եկեղեցու շուրջ՝ միասնական դիմավորում նոր տարին, մասնակցում տաղավար տոներին:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close