ԿարևորՀասարակություն

«Բարության դարակներ»՝ Կապանի սուպերմարկետներից մեկում

Կապանի սուպերմարկետներից մեկում տեղադրվել են «բարության դարակներ»։ Ցանկացողները կարող են սննդամթերք կամ այլ ապրանք գնել, իսկ անվճարունակները՝ անվճար օգտվել դրանից։ Նախաձեռնողների խոսքով՝ այն միտված է մեղմելու անապահով մարդկանց հացի խնդիրը։

Անվճարունակ մարդկանց սննդամթերքով կամ այլ ապրանքներով օգնելու համար միջնորդ են «Բարության դարակները»։ Այսուհետ ցանկացողները կարող են այս դարակներում թողնել սուպերամարկետից ձեռք բերված ցանկացած ապրանք, իսկ անվճարունակ մարդիկ կարող են դարակներից վերցնել օրական երկու միավոր ցանկացած ապրանք՝ անվճար։

Նախաձեռնության հեղինակը կապանցի Ռաֆիկ Հովհաննիսյանն է։ Նա նույնպես պարբերաբար սննդամթերք է դնում դարակաշարերին։ Ասում է՝ ոգեշնչվել է ֆեյսբուքում տարածված Полка добра-ի մասին պատմող տեսանյութից։

 «Թող անապահով մարդիկ քիչ լինեն, բայց եթե կան մարդիկ, որ թեկուզ հացի խնդիր ունեն, թող լինեն մեր նման մարդիկ, որպեսզի օգնեն նման մարդկանց, թեկուզ օրվա հացի խնդիր լուծելու համար։ Չկան մարդիկ, որոնք ապահով են ու վերցնում են, հիմնականում այն մարդիկ են վերցնում, որոնք անապահով խավն են և իրենց անապահով են զգում, ուրեմն անվճարունակ են, դրա համար են վերցնում»։

Ռաֆիկ Հովհաննիսյանի խոսքով, հիմա ավելի շատ տանում են, քան` դնում։

 «Պետք է այնպես ստացվի, որ մարդիկ ցանկություն ունենան դնելու։ Սկզբի ժամանակներում քանի որ նոր էր, դարակները լիքն էր, մարդիկ տեղյակ չէին, ինչ է, ոնց է։ Հետո, երբ մարդիկ տեղեկացան, ավելի շատ վերցնում են, քան դնում են»։

Սերժիկ պապը «Բարության դարակից» օգտվողներից է, այսօր էլ մեկ շիշ ձեթ ու մեկ փաթեթ ոսպ վերցրեց, ասում է՝ հանրօգուտ նախաձեռնություն է։

 «Թոշակով չես իմանում վարձերը մուծես, ապրես։ Մեծահասակ ենք, էլ չենք աշխատում, բան չենք անում։ Հնարավորություն է տալիս, որ այս ապրանքներից օգտվենք։ Լավ նախաձեռնություն է, բոլորին շնորհակալություն»։

Տիկին Արուսյակն էլ է օգտվողներից, սակայն ամեն օր չէ, որ գալիս է, նշում է․

 «Ամեն օր ո՞ւր գամ, մի անգամ վերցնում եմ՝ դա է։ Մենակ ես չեմ, որ ամեն օր գամ վերցնեմ։ Վերմիշել է պետք, վերմիշել եմ վերցնում։ Շնորհակալ ենք»։

 «ԴԱՍ» սուպերմարկետի կառավարիչ Մարատ Մուրադյանի խոսքով , առաջարկն ընդունեց, քանի որ սրանով որոշակի սոցիալական խնդիր է լուծվում։

 «Մեր գանձապահները, քանի որ 10 տարի է աշխատում ենք, արդեն գիտեն մեր հաճախորդներին, իրենք են առաջարկում տատիկ- պապիկներին։ Քանի որ կան տատիկ- պապիկներ, որ մոտենում են գանձապահներին օրվա ընթացքում, ասում են՝ ինձ տվեք 300 դրամի, դրանից ոչ ավելի։ Իրենք հասկանում են, ում պիտի առաջարկեն, որ ճիշտ օգտվեն տվյալ դարակներից։ Լինում  են դեպքեր, երբ մեր քաղաքացիները չեն կարողանում հասցնել դնել ապրանքներ, որ օգտվի այն խավը, որի համար է նախատեսված, մենք ենք լրացնում այդ պակասը։ Այնքան, որ քաղաքացին գա ու դատարկ դարակներ չտեսնի»։

Նման նախաձեռնությունները միտված են գոնե հացի խնդիր լուծելուն։ Մնում է հուսալ, որ «բարության դարակները» օրինակ կծառայեն մյուս առևտրի կետերին։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close