Քաղաքական

1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի չեղարկման նպատակով ստորագրահավաքը մեծ արձագանք է ստացել

Մեկ տարի հետո՝  2021 թ.-ին լրանալու է 1921 թ.  մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի ստորագրման 100-ամյակը: Այս առթիվ հայտարարություն է հրապարակել «Քաղաքական լիգան»։

Արձանագրելով, որ Մոսկվայի պայմանագրով առանց հայկական կողմի ներկայացուցիչների մասնակցության, որոշվել է հայ ժողովրդի և նրա պատմական հայրենիքի ճակատագիրը՝ այն հանձնելով քաղաքական հողմամրրիկին՝ ընդդեմ 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի «Քաղաքական լիգան» նախաձեռնել է առցանց համահայկական ստորագրահավաք։

«Քաղաքական լիգան» 1921 թ.-ի մարտի 16-ի Մուսկվայի պայմանագիրը գնահատում է որպես հայ ժողովրդի նկատմամբ երբևէ իրականացրած անարդար, ստորացուցիչ, իր քաղաքական դաժանությամբ աննախադեպ գործարք եւ հայտարարում․

«1921 թ. Մոսկվայի, ապա՝ Կարսի պայմանագրերով բոլշեւիկյան ռուսաստանը Թուրքիային զիջեց Կարսի նահանգը և Սուրմալու գավառը, իսկ Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանին: Հայաստանի Հանրապետությունը խորհրդայնացվեց:

Բարեկամության և եղբայրության պայմանագրի» կողմերը՝ քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը, օգտվելով հայ ժողովրդի ծանր կացությունից, հանցավոր համագործակցությամբ, մասնատեցին և տիրեցին հայ ժողովրդի բնօրրանի մեծ մասին՝ հայ ժողովրդին թողնելով իր պատմական հայրենիքի 1/10-րդ մասը:

Պայմանագիրը հանցավոր փաստաթուղթ է հայ ժողովրդի նկատմամբ, ուստիև վաղեմության ժամկետ չունի և պարտադիր ենթակա է դատապարտման և վերանայման»:

Նպատակ ունենալով կասեցնելու 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի գործունեությունը՝ «Քաղաքական լիգան» իր այս հայտարարությամբ ազդարարում է համահայկական գործողությունների մեկնարկի մասին եւ նախաձեռնում առցանց ստորագրահավաք՝ «Ո՛չ 1921թ. Մոսկվայի պայմանագրին» նշանաբանով։

Քեմալաբոլշեւիկյան համաձայնագիրը դատապարտելու վերաբերյալ հայտարարություն է տարածել նաեւ հայաստանյան 4 քաղաքական ուժ՝ «Ժառանգություն»,  «Ժողովրդավարական հայրենիք», Հայաստանի Եվրոպական կուսակցությունը եւ «Սասնա Ծռեր» համահայկական շարժումը։

«Մոդուս վինեդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կարծում է, որ այս նախաձեռնության հաջողության համար որոշակի նշմարվող հիմքեր կան՝ նկատի ունենալով ռուս-թուրքական ներկայիս հարաբերություննները։

Նպատակը նույնն է եւ քայլերը մոտեցնում են համագործակցությունը։ «Քաղաքական լիգա»-ի անդամները կարծում են, որ մենք պետք է ազգովին մերժենք հայ ժողովրդին պարտադրված հայ-թուրքական ստորացուցիչ սահմանները: «Քաղաքական լիգա»-ի համակարգող Նարինե Մկրտչյանը մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ նախաձեռնությունն արդեն բավականին մեծ արձագանք է գտել։

Հայաստանի Հանրապետությունը Մոսկվայի և Կարսի պայմանագրերի խնդիրը պետք է ընդգրկի  համահայկական քաղաքական օրակարգում՝ համախմբելով հայկական ներուժը և կյանքի կոչելու հայկական գործոնը՝ կարծում են «Քաղաքական լիգա»-ի ներկայացուցիչները:

Ռուս-թուրքական ամոթալի գործարքի 100-րդ տարելիցը դիմավորենք այն մերժող բազմահազար ստորագրություններով. դիմելով հայ ժողովրդին՝ Հայաստանում և Սփյուռքում «Քաղաքական լիգան» կոչ է անում միավորվել համահայկական այս օրակարգի շուրջ՝ մերժելու մեր կենսական շահերը ոտնահարած, մեր օրրանից մեզ օտարած ռուս-թուրքական հակահայ պայմանագիրը: Նարինե Մկրտչյանը վստահեցրեց, որ Քաղաքական լիգան հետամուտ է լինելու իր այդ նպատակին։

Ստորագրահավաքի նախաձեռնության հեղինակները կարծում են, որ Հայաստանի պետական մարմինները պետք է դառնան ազգային այս կարևոր խնդրի լուծման դրոշակակիրը՝ ընդունելով համապատասխան օրենսդրական ակտեր եւ պատրաստելով միջազգային իրավական փաստաթղթեր եւ հետամուտ լինեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերի դատապարտմանն ու վերանայմանը:  

Back to top button