ԿարևորՀասարակություն

Կապանում առևտրային խուճապ չկա

Սյունիքի մարզկենտրոն Կապանում գնորդների շրջանում խուճապ չկա, առևտրի կետերում էլ նշում են՝ պահեստավորված ամեն ինչ կա, հարկ եղած դեպքում հավուր պատշաճի կարող են մարդկանց սպասարկել։

Կապանի առևտրային կետերում հաճախորդներին նախ առաջարկում են ալկոգելով մանրէազերծել ձեռքերը, ձեռնոցներ հագնել, դիմակ կրել, որպեսզի խուսափեն ավելորդ խնդիրներից։  Սակայն սա չի նշանակում, որ խուճապ կա. կապանցիներն առօրյա առևտրի են եկել։

Դավիթ Ալեքսանյանն ասում է․ «Ամեն ամսվա 12-15-ը, որ գաք սուպերմարկետ, կտեսնեք, որ մարդիկ, թե՛ քաջարանցիները, թե՛ կապանցիները, ինչ առևտուր են անում, երբ Քաջարանի ու Կապանի կոմբինատները աշխատավարձերը տալիս են, այն ժամանակ կիմանաք, որ խուճապի չեն մատնվել, ուղղակի աշխատավարձերի տալը համընկել է, մարդիկ իրենց առևտուրն արել տարել են»։

Տիկին Սաթենիկի առևտրային սայլակում նկատեցինք հինգ շիշ ձեթ, հարցրինք, թե ինչու է այսքան շատ գնել, պատասխանեց․ «Գյուղում եմ ապրում, եկել եմ առևտուրս անեմ, գնամ։ Շատը կապ չունի, ամիսը մի անգամ գալիս եմ իմ առևտուրը անում, տանում։ Գյուղում եմ ապրում, հարմար չէ ամեն օր գամ գնամ»։

Կապանի բնակչուհի Գրետա Շահնազարյան․ «Որն ինձ պետք է, վերցնում եմ․ ո՛չ ագահություն, ո՛չ շտապողականություն, առանց խուճապի մատնվելով»։

Կապանի խոշոր  առևտրի կետերից մեկի խորհրդատու-վաճառող Աշխեն Գևորգյանն ասում է՝ խուճապ չկա, պարզապես մարդիկ առաջին անհրաժեշտության ապրանքները շատ են գնում․ «Հիմնական մարդկանց հոսքը կապված չէ կորոնավիրուսի հետ,  կապված է աշխատավարձերի  հետ։ Նրանց առևտուրը սովորականի նման է, ուղղակի իրար հետ համընկել է։ Հիմնականում  սննդի հետ կապված խնդիր չունենք, պակասը լրացվում է, պահեստներում կա, եթե չի էլ լինում, զանգում ենք, բերում են, լրացնում ենք»։

«Ամեն ինչը անցողիկ բան է, ամոթ է, որ թալանում են, 1 կգ եմ վերցնում, տանը չկար, մի հատ էլ 60 դրամանոց անձեռոցիկ, մեկ էլ մի հարյուր գրամ սուրճ»։

Տիկին Անահիտն է, քննադատում է մարդկանց ագահությունը։ Կարծում է` դրա կարիքը չկա։ Եղանք նաև առևտրի կենտրոնի մյուս մասնաճյուղում։ 

Հսկիչ Վերոնիկա Պոզոյան․ «Ժողովուրդը հիմնականում իր ամսական առևտուրն է անում։ Համեմատական կարգով մի քիչ շատ, կարող է մի լիտր ձեթի փոխարեն երկուսը առնեն։ Ամեն ինչ ունենք, դեռ որ պահեստներում ապահովված ենք սնունդով, այդքան շատ խուճապի կարիք չկա»։

Մարզկենտրոնի մյուս խոշոր առևտրի կենտորոնում էլ եղանք, պատկերը նույնն է։ Գրիշա Մարտիրոսյան․ «Խուճապի կարիք չկա, կարծում եմ, ամեն ինչով ապահովված ենք»։

Վաճառողուհի Հասմիկ Վարդանյան․ «Պահեստավորված սնունդ ունենք, կարող ենք տրամադրել։ Իսկ ինչ վերաբերում է կորոնավիրուսին, մարդիկ թեև մոտենում են, այնպես չէ, որ շատ են գնում, հիմնականում առաջիկա շաբաթի համար»։

Սյունիքի մարզկենտրոն Կապանում առևտրային խուճապ չկա, սննդամքերքի պակաս էլ չկա։ Մատակարարումը շարունակվում է։

Back to top button