Ծովահայեր

Սևանի երկրաբանական հարստությունը՝ հայ և ֆրանսիացի գիտնականների օրակարգում. «Ծովահայեր»

Ին՞չ է թաքցնում Սևանը. այն, ինչ անզեն աչքով հնարավոր չէ տեսնել, վարկածներ ու լեգենդներ է ծնում: Նույնիսկ կգտնվեն մարդիկ, որոնք կհաստատեն, որ, օրինակ՝ իրենց աչքով են տեսել, թե ինչպես է խաղաղ Սևանում լճից ջրի մի խոշոր շիթ հանկարծակի դուրս եկել ու շրջել նավակը:

Վերջին տարիներին Սևանը հայտնվել է նաև օտարերկրյա գիտնականների ուշադրության կենտրոնում: Սևանի հատակից ի՞նչ պղպջակներ են դուրս գալիս, արդյո՞ք մաքուր ջրի աղբյուրներն են, թե՞ մեզ առայժմ անհայտ բաղադրության գազ։ Հայ և ֆրանսիացի գիտնականներն արդեն 10 տարի փորձում են պարզել դա:

Հայաստանի գիտության կոմիտեն ֆինանսավորում է, Հայ-ֆրանսիական սուզորդական միության երկրաբանները հետազոտում, ժողովուրդն էլ՝ հրաշքների է սպասում:

Հերթական սուզումը Սևանա լճում երկրաբան Արա Ավագյանի և սուզորդ Վահե Մելքոնյանի հետ է: Մեզ հետ տանում ենք ցանցապարկ, փորձանմուշներ վերցնելու համար դատարկ տարաներ և ձագարաձև հարմարանք, որի օգնությամբ հնարավոր կլինի Սևանի հատակից դուրս եկող գազերն ու ջրերը հավաքել տարաների մեջ:

Ջրի հատակին նմուշներ հավաքելու ամենապատասխանատու գործը մեզանից ամենափորձառու սուզորդինն է՝ Վահեինը:

 «Մենք դիտարկեցինք այդ աղբյուրները, որոնց հետ կան նաև գազեր: Դրանց աշխարհագրական դիրքը մեզ օգնեց Սևանի ժամանակակից նստվածքների տակ հայտնաբերել Նորատուս-Քանագեղ շեղման մի սեգմենտ», — ասում է երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Ավագյանը:

Սևանի հատակից վերցրած գազի ու ջրի նմուշները տանում ենք Երկրաբանության ինստիտուտ: Թվում է, թե ամեն ինչ շատ հեշտ է ու պարզ, մի քանի րոպեում կնայեն, եզրակացություններ կանեն: Սակայն, գիտությունը երկարատև հետազոտություն է պահանջում:

Սևանի մեկ այլ հատվածում,  15-30 մետր խորություններում «Արմդայվինգ» ակումբի սուզուրդների հետ կոշտ, քարացած զանգվածների ենք հանդիպել, զարմացել, բացատրությունն էլ համացանցում փնտրել։

Դրանք ստրոմատոլիտներ կամ միկրոբիոլիտներ են, որոնց հայալեզու տարբերակը հնարավոր չէ գտնել որևէ հանրագիտարանում կամ Վիքիպեդիայում։  

Իսկ օտարալեզու աղբյուրներից տեղեկանում ենք, որ այդ գոյացությունները Երկիր մոլորակի վրա կյանքի առաջին պարզունակ ձևերի և քիմիական միացությունների արդյունքում են ձևավորվել,  ցիանաբակտերիաների, կամ՝ կապտականաչ ջրիմուռների, ջրի ու արևի էներգիայի շնորհիվ թթվածին են սինթեզել և Երկիր մոլորակի վրա ստեղծել թթվածնային միջավայրը՝ հանդիսանալով կյանքի սկզբնաղբյուր։

Ըստ երկրաբանների՝ Ավստրալիայում հայտնաբերած ստրոմատոլիտներն ավելի քան 4 մլրդ տարի առաջ են ձևավորվել:

Մինչև հերթական սուզումը «Արմդայվինգ»-ի սուզորդների՝ Գրիգոր Ավետիսյանի ու Դավիթ Սիրունյանի հետ ջրի տակ անվտանգության ու համատեղ աշխատանքի նշանային համակարգն ենք քննարկում, իսկ Սևանի ափին վրանային ճամբարի երեխաները երգով մեզ դեպի ջրի խորքն են ուղեկցում։

 Հետաքրքրասիրությունը օգնում է հաղթահարել ջրի սառնության անհարմարությունն, ու առաջ ենք ընթանում՝ միլիոնավոր տարիների գոյացություններ փնտրելու։ Մոտ 20 մետր խորանալուց հետո ջրի աղտոտվածությունը գիշերային մթություն է հիշեցնում, մի պահ կորցնում ենք ժամանակի զգացողությունը և հատուկ լուսարձակների օգնությամբ սկսում ենք որոնել այդ առեղծվածային գոյացությունները։

Առաջին քարացած զանգվածին հանդիպում ենք 26 մետր խորության վրա։

«Հիմնականում տեսել ենք 26, 27, 28 մետր խորությունների վրա, քանի որ դրանց մեծ մասը թաքնված է ավազի շերտի տակ, մենք դրանց մեծ մասը չենք տեսնում, տեսնում ենք ամենաշատը  2 -3 մետր տրամագծով զանգվածներ և ավելի մանրներ», — ասում է «Արմդայվինգ»-ի սուզորդ Դավիթ Սիրունյանը:  

Արդյո՞ք այդ գոյացությունները կենդանի են, շարունակո՞ւմ են մեծանալ, թե՞ անշունչ ապարներ են, արդյո՞ք ազդում են Սևանի ջրի բաղադրության վրա. դարձյալ հարցեր․․․ Ամեն մի նոր բացահայտում նոր հարցեր է ծնում:

Պատասխանները դարձյալ փնտրում ենք Երկրաբանական գիտությունների ինստիտուտում, որտեղ Սևանի գոյացությունները ոչ թե միկրոբիոլիտ կամ ստրոմատոլիտ, այլ հենց սևանիտ են անվանել հայ և ֆրանսիացի գիտնականները։

«Սևանիտը նույն միկրոբիոլիտն է, որը գոյացել է Սևանա լճում», — ասում է Արա Ավագյանը:

 Սևանիտների զարգացման համար անհրաժեշտ է ջրային միջավայր, լույս, CO2 գազ և ջրում մագնեզիումի ու կալցիումի պարունակություն։

Սևանի հատակից դուրս եկող ածխաթթու գազն ինչքանո՞վ է նպաստում նոր սևանիտների զարգացմանը, արդյոք կապ ունի՞ ներկայիս ցիանոբակտերիաների՝ կապտականաչ  ջրիմուջների հետ և արդյո՞ք ազդում է ջրի բաղադրության վրա. այս հարցերի պատասխանները փնտրում են գիտնականները: 

Back to top button