ԿարևորՀասարակություն

«Հայկական Վիրտուալ Կամուրջ»–ը` կամուրջ աշխարհի ու Հայաստանի միջև

Հայաստանը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է Լոնդոնում  այս օրերին անցկացվող արհեստական բանականությանը նվիրված համաժողովին  մասնակցությունը։ Այս մասին կառավարության նիստում հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և ներկայացրել մեկ այլ նախագիծ, որը նիստում  հաստատվել է։ 

Նախարարությունը մշակել է «Հայկական Վիրտուալ Կամուրջ» ծրագիրը, որն ամեն տարի  հատուկ մասնագիտական ծրագրերով Սիլիկոնյան հովիտ այցելելու հնարավորություն կտա մի քանի տասնյակ ձեռներեցների։

Ծրագրին պետական բյուջեից յուրաքանչյուր տարի կուղղվի 1,3 մլրդ դրամ։

Հայաստանում  մեկնարկում է նոր՝  «Հայկական Վիրտուալ Կամուրջ» ծրագիրը, որի  արդյունքում այս տարի  45 հայ ձեռներեց հնարավորություն   կստանա   հատուկ մասնագիտական ծրագրերով այցելել  Սիլիկոնյան  հովիտ՝  «գիտության և նորարարությունների» կենտրոն,  ստանալ ձեռնարկատիրական և բիզնես գիտելիքներ ստանալ,  սեփական  արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություններ, հանդիպել ներդրողների հետ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի խոսքով՝   ծրագրի միջոցով Հայաստանը կկապվի  աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով  Սփյուռքի ներուժը։

 «Հայաստանը պետք է անհրաժեշտաբար տեխնոլոգիական ՀԱԲ–ի վերածել, որպեսզի տեխնոլոգիական կենտրոններից դեպի ՀՀ ազատ մուտքի ու ելքի հնարավորություն լինի»,– ասում է Արշակյանը։

Ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը  Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական ներկայացվածություն ապահովելն  է: Այդ նպատակով Սան Խոսե քաղաքում վարձակալվելու է մինչև 250քմ տարածքով բնակարան, որտեղ «Վիրտուալ Կամուրջ» ծրագրով Սիլիկոնյան հովիտ այցելած մասնակիցները 3 շաբաթ կաշխատեն, հանդիպումներ կկազմակերպեն և կապրեն այդ կենտրոնում: Սա նոր կապեր ստեղծելու և մշտական հայկական տեխնոլոգիական ներկայացվածություն ապահովելու լավագույն միջոցն է ՝ ասում է նախարարը։  Հակոբ Արշակյանի  տեղեկացմամբ՝ ծրագրի բաղադրիչներից մեկն էլ «Ներուժ» ստարտափ  ծրագիրն է, որն այս տարի էլ կանցկացվի։

«47 ստարտափ 17 երկրից շուրջ  80 մասնակցով  անցյալ տարի Հայաստան են այցելել»։

Հայաստան–Պարսից  Ծոցի  երկրներ համագործակցությունը նույնպես օրակարգում է։  ԱՄԷ–ի, Կատարի,  Աբու դաբիի  ՏՏ շուկաներում    հայաստանյան ընկերությունները ներգրավվածությունը  կմեծանա։  Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչն ենք համարելու ծրագրի հաջողությունը․ «Ծրագրին մասնակից ընկերությունների  գործնական կապերը կընդլայնվեն, ապրանքներն ու ծառայությունները կաճեն։ Քանի որ առաջին անգամ է ծրագիրն  իրականցվում, տարեվերջին մենք հստակ արդյունքներ կունենանք»։  

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականից, որի համար ՀՀ պետական բյուջեով յուրաքանչյուր տարի կհատկացվի 1,3 մլրդ դրամ։    Փոխվարչապետն առաջարկեց  ուշադրության կենտրոնում պահել   ծառայություններ մատուցող ընկերություններին։

«Նրանք ավելի շատ են,  գուցե պետք է  մտածել, թե ինչպես նրանց միջազգային շուկա դուրս բերել»։

2019–ին  ծառայություններ մատուցող  հայկական ՏՏ ընկերությունները Սինգապուրում, Կատարում ու Ուզբեկստանում մասնակցել են ցուցահանդեսների։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի տեղեկացմամբ՝ շուրջ 8 մլն դոլարի պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ 300 հազարն արդեն   վերածվել է  բիզնեսի ու պայմանագրերի։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը  2019–ին  2018–ի համեմատ 30 տոկոս աճ է գրանցել։

Back to top button