ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Միշտ չէ, որ հաղթում է ցածր գին առաջարկողը․ գնումների գործընթաց

«Պետական գնումների գործընթացում միշտ չէ, որ նախապատվությունը տրվում է ցածր գին առաջարկողին»,–  «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է  ֆինանսների նախարարության պետական գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը։

Նրա խոսքով՝  եթե  որևէ ընկերություն  ցածր գին է առաջարկում,  բայց չի բավարարում    պատվիրատուի  կամ  մրցութային հանձնաժողովի   պահանջները,   հայտը մերժվում է։

2019–ին  ավելացել են  մեկ անձից կատարվող գնումները ։ Սերգեյ Շահնազարյանը սա պայմանավորել է  հրատապ գնումներով։  

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչն անդրադարձել է նաև   միջազգային  կառույցների կողմից գնումների գործընթացին առաջադրվող պահանջներին։    

«Վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրերի շրջանակում  գնումներն  իրականացվում են միջազգային դոնոր կազմակերպությունների  ընթացակարգերով։ Քանի որ դոնորները տարբեր են, տարբեր են նաև  ընթացակարգերը, ինչը բարդացնում է գործընթացը», – ասել է Շահնազարյանը։

Նրա  խոսքով՝ Համաշխարհային բանկի հետ Հայաստանը բանակցություններ է սկսել գնումներն  ազգային ընթացակարգերով անցկացնելու հարցի շուրջ։  ՀԲ մասնագետները գնահատել են մեր երկրում  գործող  ընթացակարգերը և  ներկայացրել իրենց առաջարկությունները։ Դրանց  մի մասը ենթադրում է  օրենսդրական փոփոխություններ և ներառվել է փետրվարին շրջանառության մեջ դրված օրենսդրական փաթեթում։

«Սա հետաքրքիր փորձ է․ Հայաստանն առաջին երկիրն է, որը ստացել է նման մեթոդ կիրառելու հնարավորություն»,– ասել է ֆինանսների նախարարության  ներկայացուցիչը։

Ցուցադրել ավելի
Back to top button