ԿարևորՀասարակություն

Մարզպետը մեղադրում է քաղաքապետին, քաղաքապետը՝ մարզպետին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բոլորին հրավիրում է  Ծաղկաձոր,  քանի դեռ ձյուն կա։ Հավաստիացնում  է՝  խուճապային տրամադրություններ Ծաղկաձորում  այլևս չկան։ Ավելին՝  քաղաքապետ Արթուր Հարությունյանը եղել  է «Գոլդեն Փելես» հյուրանոցում, բայց  ոչ թե որպես   կասկածյալ կորոնոավիրուսակիր, այլ  կանանց միամսյակի  առիթով։ 

 «Ծաղկաձորում խուճապային տրամադրությունը, որ կար կորոնավիրուսի լուրը հաստատվելու առաջին օրերին,  չեզոքացվել է: Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա առիթով  այցելել է «Գոլդեն փելես» հյուրանոց և ծաղիկներ նվիրել այնտեղ կարանտինում գտնվող կանանց և աղջիկներին: Այնպես որ, համեցեք Ծաղկաձոր, որևէ արտառոց բան չկա»,- ասել է մարզպետը:

Ամփոփելով 2019-ի արդյունքները՝ Կոտայքի մարզպետը խոսեց մարզում իրականացվող ներդրումային ծրագրերից, ասաց,  որ շինարարական   բուռն աշխատանքներ  են նախատեսում մասնավորապես մանկապարտեզաշինության ոլորտում։

Բայց ասուլիսի հիմնական թեման   քրեական գործերն էին, մասնավորապես Աբովյանի քաղաքապետի դեմ հարուցված գործը։ 

Մարտի 2–ին մեղադրանք  է առաջադրվել Աբովյանի քաղաքապետ  Վահագն Գևորգյանին, ըստ որի` նա պաշտոնեական անփութություն է դրսևորել ու  չի կասեցրել  համայնքային հողամասերի ինքնակամ զավթումն ու շինությունների ինքնակամ կառուցումը։  Քաղաքապետը կառուցապատողին վարչական տույժի չի ենթարկել, ինչի  արդյունքում էլ հարուցվել է քրեական գործը։

«Եթե քաղաքապետը վարչարարություն իրականացներ, ապա քրեական  գործ կհարուցվեր նաև կառուցապատողի դեմ։ Ի դեպ, կառուցապատողն այս պահին պատրաստ է վերականգնել համայնքին հասցվածը վնասը և շարունակել կառուցապատումը։ Շինհրապարակը, որտեղ 19 շենք–շինություն է կառուցվում 5.4 հա է, որից 3.7 հա–ն համայնքային սեփականության հողեր են»,–ասաց մարզպետը։

«Ռադիոլուրը» փորձեց կապ հաստատել Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ, սակայն  մեր հեռախոսազանգերը մնացին ան պատասխան։ Բայց օրերս  Աբովյանի քաղաքապետը մամուլի ասուլիս էր հրավիրել, որն, ի դեպ,  որոշել էր   անցկացնել այն տարածքում, որի պատճառով իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Քաղաքի ծայրամասում գտնվող  նորակառույց թաղամասը պատկանում է «Մուլտի գրուպ» կոնցեռնին: 

« Երկու անգամ  մենք վարչական տույժի ենք ենթարկել կառուցապատողին․ մի դեպքում շինարարական աշխատանքներն  առանց թույլտվության կառուցելու համար ,մյուս դեպքում՝ համայնքային հող դուրս գալու հետ կապված։ Նշեմ սակայն որ  համայնքային հող դուրս գալը դեռ վիճարկելի է, քանի որ կատարվում են  գեոդեզիական աշխատանքներ, հարուցված է քրեական գործ ու առաջիկայում կպարզվի նաև»,–ասել էր քաղաքապետը։

Մարզպետն ասում է, որ լսել է քաղաքապետի պարզաբանումը,  բայց կարծում է, որ նա խեղաթյուրում է իրականությունը։

«Մենք քաղաքապետի մամուլի ասուլիսից լսեցինք, որ մարդիկ հողերը գնել են, իրենց հողերի վրա կառուցում են… բլա-բլա… ներգաղթ… 1000 բնակարան.․․ Բայց  իրականացված ստուգման  շրջանակում բացահայտված հիմքերով մեղադրանքներ են առաջադրվել քաղաքապետին։ Պաշտոնապես ունեմ ամբողջ փաստաթղթերի տրցակը՝ Կոտայքի մարզպետարան, քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչություն, գլխավոր դատախազություն և քննչական կոմիտե, որոնք մեղադրանք են  առաջադրել քաղաքապետին»։

Ռոմանոս Պետրոսյանը խոսեց նաև այլ քրեական գործերի մասին, ասաց,  որ իր պաշտոնավարման ընթացքում հարուցվել է 4 տասնյակից ավելի գործ։

«Այդ 4 տասնյակ գործերով անցնում են նախկին ու ներկա համայնքապետեր։ Համայնքի ղեկավարներ , որոնց բարեկամները տիրապետում են մի քանի տասնյակ հողատարածքների, համայնքի ղեկավարներ,  որոնք  սեփականաշնորհել են գյուղում  միակ   վարչական  շենք հանդիսացող մանկապարտեզը։ Այսինքն՝ բառի բուն իմաստով մսխել են տվյալ համայնքի զարգացման ողջ պոտենցիալը»։

Եվ  մի գործի մասին էլ,  որը հանրային պակաս հնչեղություն չունի։  Նոր Գեղիի նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանն իր ծննդյան 72–րդ տարեդարձի առթիվ գյուղի կենտրոնական` Երևանյան փողոցն անվանակոչել էր իր անունով։ Իսկ  65-ամյակի կապակցությամբ էլ   իր անունով   էր  դարձրել գյուղի արվեստի դպրոցը։ Մարզպետը  դիմել է վերաքննիչ  քրեական դատարան՝  անվանակոչությունը   չեղյալ հայտարարելու հայցով։

Նրա խոսքով՝ Ֆրոնտիկ Թևոսյանը պատրաստ է իր ամբողջ ունեցվածքը նվիրաբերել համայնքին, միայն թե մարզպետն այդ անվանափոխությունը չանի: Մարզպետը, սակայն, մտադիր չէ հետ կանգնել իր որոշումից։

«Արվել ու արվելու է ամեն ինչ, որպեսզի որևէ համայնքում անձի պաշտամունք չլինի»։ Ռոմանոս Պետրոսյանը  մարտի 13-ից մեկնում է արձակուրդ` հանրաքվեի քարոզարշավին  մասնակցելու  նպատակով:

Back to top button