Ծովահայեր

Անավարտ զրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ծովահայեր»

Ծովահայերի եթերում մեր մեծ հայրենիքի առասպելական  Վանա լճում ջրասույզ հայոց գանձերի մասին ենք դարձյալ պատմելու: Թեման անսպառ է,  տաղավարում ձեզ հետ է Աննա Մարտիկյանը, իմ հյուրը․․․

Հյուրընկալելու էինք Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանին, ում հետ վերջին շրջանում կազմում էինք Վանում ջրասույզ բնակավայրերի, հուշարձանների քարտեզը․․․

Բայց․․․

Մեր զրույցը, գործը մնաց  անավարտ․․․

Ինչպես եմ ավարտելու մեր սկսած գործը, առայժմ վեր է իմ պատկերացումներից․․․

«Մարդ  հանրագիտարան» , «մարդ ինստիտուտ». այսպես անվանում էին ու անվանում են Սամվել Կարապետյանին, ով  պատանի տարիքից սիրահարվեց  ու անմնացորդ նվիրվեց երկիր մոլորակի իր անկյունին,  որն անվանում ենք հայրենիք։ 

Նրա արմատները մեր պատմական հայրենիքի հենց սրտում էին՝ Վանի Արճեշ  գավառում:

Անցած տարի, սեպտեմբերին, երբ «Արմդայվինգ»-ի սուզորդների հետ Վանա  լճում տեսագրել էինք պատեր, զարդաքանդակներ, հայկական գրեր, և չէի կարողանում թվագրել, ավելի ստույգ հասկանալ թե ինչ վկայություններ են, այդ գիրն ինչ է նշանակում, մեր պատմական անցլայի ինձ քիչ հայտնի էջերն էլ հանգիստ չէին տալիս՝ Սամվել  Կարապետյանը մի ակնթարթում լուսավորեց։

Առաջին իսկ հանդիպման ժամանակ ոչ միայն ծանոթացա Արծկեի ծովային բերդի պատմությանը, որը տեսել ու տեսագրել էինք լճի հատակին և որի մասին թուրքերն ասում էին, թե ուրարտական շրջանի բերդի պատեր են և սելջուկների տապանագրեր, նաև իմացա պատմական հարուստ աղբյուրների մասին, որոնք Սամվել Կարապետյանը հավաքել, իր լուսանկարներով, հետազոտություններով համալրել ու ամբողջացրել էր Հայաստանի պատմություն 36 հատորյա մատենաշարի «Արծկե» հատորում։ Մեր մի հանդիպումը բավական էր հարուստ նյութ հավաքելու և նոր ծրագրեր կազմելու համար։

Չնայած «Ծովահայեր»-ի թողարկումներից մեկում պատմել էինք Արծկեի մասին, այսօր ձեզ ենք  ներկայացնում Սամվել Կարապետյանի  վերջին հարցազրույցը՝ առանց մոնտաժի։

Այդ օրը մենք խոսեցինք Արծկեի մասին, ես խոստացա Վանա լճի հատակից նոր տեսագրություններ ու հնարավորության դեպքում չափագրումներ բերել, որ կարողանայինք ամբողջացնել ծովային բերդի տեսքը գծագրերով։ Բայց Արծկեն միակը չէր, մենք դեռ պատմելու էինք․

1. Ոստանավանում, Ռշտունյաց գավառում  Գագիկ Արծրունու պալատի պատերի մասին,

2. Ախթամար կղզում ջրասույզ հայոց միջնադարյան հրաշքի՝ արհեստական նավահանգստի մասին,

3. Կողուց Վանքի ջրասույզ  ավերակների մասին,

 4. Կոճերաց վանքի մասին,

5. Արճրա վանքի ավերակների, 13-րդ դարի խաչքարերի մասին,

6. Արճեշ քաղաքի հիշատակների մասին, որոնց վրա Վանի ալիքներն են խաղում,

7. Խառականցի  խաչքարերի մասին,

8. Ուրարտական շրջանի նավահանգստի մասին,

9. Տատվանի  ու հայոց պատմության ջրասույզ այլ  հուշարձանների մասին։

 Մեր վերջին հանդիպման ժամանակ արդեն, դեկտեմբերի վերջերին, երբ ամբողջացնում էինք քարտեզը, արշավական թեժ ամառ էի երազում, մտածում էի՝ իմ սիրելի բարեկամին կհամոզեմ միասին գնանք Վանա լճում ջրասույզ բնակավայրերի հետևից, պլաններ էի կազմում, ոգևորվում, ասում էր՝ «չեմ կարող, չեմ հասցնի»:

Ոչ մի կերպ չէի ընկալում, չէի ուզում հավատալ, որ, ինչպես միշտ, այս անգամ էլ նա ճիշտ էր։ Սամվել  Կարապետյանը հայրենասեր է, ես՝ նաև համառ, կհամոզեմ ու համատեղ արշավը մեծ արդյունք կտա՝ մտածում էի։ Բայց, գոնե  այս  անգամ նա սխալվեր․․․

Մարտի 1 ին հանդիպելու էինք, սակայն այդ օրը նա գնաց ընդմիշտ ձուլվելու իր կյանքի ամենամեծ սիրուն՝ հայրենի  հողին։

Մեր անավարտ զրույցը ստիպված եմ միայնակ ավարտել, իր թողած հսկայական ժառանգության շնորհիվ։

Նույն մտորումներն են տանջում նաև Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի մասնագետներին՝ Րաֆֆի Կորտոշյանին, Աշոտ Հակոբյանին և մյուսներին։ 

Սամվել Կարապետյանի ֆենոմենն անբացատրելի է. չունենալով վերամբարձ տիտղոսներ՝ նա դարձավ մարդ-ինստիտուտ,  մեկ առ մեկ գտավ, վերականգնեց, վերաարժևորեց մեր մշակույթի կործանվող բեկորներն ու ժառանգեց սերունդներին։

Մեր սիրելի բարեկա՛մ, քո գործերով դու անմահ էս․․․

Back to top button