ԿարևորՀասարակություն

Սփյուռքի մասնագետների համար մեկնարկում է «իԳործ» ծրագիրը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» բացառիկ ծրագիրը և սփյուռքահայ մասնագետներին հրավիրում աշխատելու Հայաստանի պետական մարմիններում: Ծրագիրը նպատակ ունի նպաստել պետության կառավարման գործում սփյուռքի ինտելեկտուալ ներուժի ներգրավմանը և մասնագիտական հայրենադարձության գործընթացի ակտիվացմանը:

Ըստ պետական օղակների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների՝ ծրագրի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները գործունեություն կծավալեն Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր նախարարություններում և կառավարությանն առնթեր մարմիններում՝ ներդնելով սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների և ծրագրերի մշակման գործում:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ունենալ մագիստրոսի կամ ավելի բարձր գիտական աստիճան: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մասնակիցներին կտրամադրի ավիատոմս և 336 հազար դրամ գումար կեցության ծախսերը հոգալու համար: Ծրագիրը կտևի մեկ տարի և կմեկնարկի հուլիսի 1-ից:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը մինչ ապրիլի 15-ը հետևյալ հղումով՝  http://diaspora.gov.am/hy/pages/97/igorts:

Ծրագրի մանրամասներն ու կարևորությունն են այսօր ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Back to top button