ԿարևորՎերլուծական

Թուրքիան փորձում է լարվածություն առաջացնել Ադրբեջանի միջոցով

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և կառույցի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Չավուշօղլուն Twitter-ում գրել է, որ Մինսկի խմբին կոչ է արել ավելի արդյունավետ աշխատել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ:

Նա նշել է, թե «հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման շրջանակում»։

Շատ փորձագետներ վերջին օրերին Տավուշի մարզի Կոթի եւ Ոսկեպար գյուղերի ուղղությամբ հակառակորդի կողմից արձանագրված կրակոցները պայմանավորում են հենց Սիրիայում ռուս–թուրքական լարված հարաբերություններով։

Թուրքագետ Սուրեն Սարգսյանը չի բացառում սա․ «Պրոքսիպատերազմներ են եւ դրա շրջանակներում հնարավոր է լարվածություն առաջացնի Թուրքիան Ադրբեջանի միջոցով։  Այսպիով գուցե Ադրբեջանը փորձում է մեսիջ հասցնել միջնորդներին»։

Թուրքագետը կարեւորեց Հայաստանի կողմից Հնդկաստանից ռադիոտեղորոշիչ 4 ռադարային համակարգ ձեռքբերելու գործարքը։ Այս նոր ռադարային համակարգերի ձեռք բերումը կարեւոր է ոչ միայն պաշտպանունակությունը բարձրացնելու համար, այլեւ որ ձեռք է բերվում Հնդկաստանից, ասում է քաղաքագետը։

Հնդկաստանի հետ 40 մլն դոլար արժողությամբ գործարքը ու  ռադիոտեղորոշիչ համակարգերի ձեռքբերումը կարեւոր է Պակիստան- Հայաստանի գոյություն չունեցող հարաբերությունների համատեքստում նաեւ։ Պակիստանը միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը։

Այսօրվանից մինչեւ  մարտի 6-ը Ադրբեջանում  հրամանատարաշտաբային խոշոր զորավարժություններ տեղի կունենան, որին  ներգրավված անձնակազմի և տեխնիկայի թիվը ադրբեջանական կողմը չի հայտնում, միայն նշվում է, որ վարժանքները լայնամասշտաբ են:

Նման կարգի զորավարժություններ Ադրբեջանում անցկացվում են տարեկան 3-4 անգամ՝ ըստ տարվա եղանակների:

Հանգստյան օրերից հետո Տավուշի մարզում վիճակը հանդարտ է` վստահեցնում է Կոթիի վարչական շրջանի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։

Փետրվարի 28–ին, հակառակորդը կրակել էր Կոթիի ուղղությամբ։  Գյուղապետի խոսքով՝ տուժածներ եւ գույքային վնասներ չկան։

Փետրվարի 29-ի մարտի 1-ի լույս գիշերը ադրբեջանական կողմը գնդակոծել էր նաեւ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղը: Այստեղ եւս տուժածներ եւ վնասներ չկան։

Back to top button