Ծովահայեր

Կորուսյալ պատմությունը՝ Սևանա լճի հատակին. «Ծովահայեր»

Սևանա լճում հայտնի և անհայտ բնակատեղիներ, հուշարձաններ ու պատմության առեղծվածային էջեր ջրի երես դուրս եկան անցած դարի կեսերին լճի մակարդակի իջեցման հետևանքով։

Ովքե՞ր և ի՞նչ հայտնաեբերեցին, պատմությանն անհայտ ի՞նչ էջեր են դեռ ննջում Սևանի հատակին. «Ծովահայեր»-ի տաղավարում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, հնագետ Լևոն Պետրոսյանն է։ 

Ջրի երես դուրս եկած կորուսյալ պատմությունը

 2015 թ.-ի ամռանը մեր հերթական սուզումը Սևանա լճում ինձ համար շրջադարձային եղավ։  Ռաֆայել Մկրտչյանի հետ մեր ստորջրյա զբոսանքն ու դասընթացն էինք անում, երբ ստորջրյա հոսանքին ենթարկվելով՝ զոոպլանկտոնների խիտ բազմության հետ լողալով  հայտնվեցինք մի վայրում, որն առաջին հայացքից ինձ գրեթե ոչինչ չասաց, սակայն Ռաֆայելը, ով ստորջրյա հնագետի որակավորում էր ստացել  Սանկտ Պետերբուրգում, զարմանքից քարացավ և սկսեց ստորջրյա նշանային համակարգով ինձ ինչ-որ բան բացատրել։ 

 Հայտնվել ենք մի վայրում, որն առաջին հայացքից հնամյա բնակավայրի տարածք էր հիշեցնում. ջարդված մեծ սալեր, խոյի, կամ ավելի ճիշտ՝ ոչխարի գլուխ պատկերող քանդակ, հարակից քանդակն էլ՝ երեքնուկի է նման։ Ռաֆայելը ժեստերի լեզվով փորձում է հասկացնել թե ինչ կարող է լինել մեր տեսածը: Մեկը, օրինակ, նմանեցնում է սարկոֆագի ու կատակով մումիայի նման ձեռքերը խաչելով՝ ակվալանգով, հիդրոկոստյումով ու լաստերով փորձում մեջը տեղավորվել։  Քիչ ավելի հեռու ինչ-որ որմնաքանդակ հիշեցնող պատկերներ կան, պարզելու համար նախ պետք է մաքրենք, սակայն չունենք համապատասխան գործիքներ։

Տեղանքի մեծ քարերից շատերը հետաքրքիր կառուցվածք ունեին, նման էին այն քարե տարաներին, որոնց մեջ հնում ձեթ են հանել։  Բայց փոսանման կառուցվածքով ու միակողմանի բացվածք ունեցող տարբեր չափերի քարերը բավականին շատ էին այս տարածքում, միգուցե ոչ թե մարդը այլ բնությունն է կերտել՝ մտածում ենք ու մի քիչ ավելի հեռվում հանդիպում քարե կանոնավոր շարվածքի մեկ շերտի։

Պատի այս շերտը դժվար թե բնությունն ինքնուրույն  կարողանար շարել։ Մտածում ենք միգուցե բնակավայր ենք գտել, օգնության ենք կանչում մեր սուզորդ ընկերոջը՝ Արտակ Էլմասակյանին, և քանի որ ծնունդով գյումրեցի եմ, ցանկություն եմ հայտնում Գյումրիի դրոշն իջեցնել մեր հայտնված տարածքում: Ավագ ընկերներս չեն մերժում, դեռ մի բան էլ օգնում են։

 Թե ի՞նչ վայր կարող է լինել և արդյո՞ք այստեղ հնում բնակավայր է եղել, թե ոչ, չեմ կարողանում գտնել որևէ պատմական աղբուրում։

 Պատմական աղբյուրներում տեղեկություն չկա նաև Լճաշենի հնավայրի մասին, որը բացվեց անցած դարի կեսերին, Սևանա լճի մակարդակի իջեցման արդյունքում։  

 Պատմության թանգարանում մի ամբողջ բաժին նվիրված է Լճաշենի մշակութային գոհարներին։  Հսկայական սայլերը, գործիքները, միջին վիճակագրական քաղաքացու համար հեքիաթային թվացող  քաղաքակրթության վկայությունները ցուցասրահում կարծես լեզու են առնում ու վեր է հառնում հազարամյակների պատմությունը.

Հնագետ Լևոն Պետրոսյանի հետ շրջում ենք Հայաստանի Պատմության թանգարանում, որտեղ մի ամբողջ բաժին նվիրված է Լճաշենի մշակույթին:

«Հայաստանի բրոնզեդարյան հուշարձանների մեջ ամենաերևելին Լճաշենն է։ Լճաշենը նաև առանձնահատուկ է նրանով, որ այստեղի դամբարանադաշտի տվյալները մեզ ապացուցում են՝ մ.թ.ա. չորրորդ հազարամյակի կեսերից մինչև մ.թ.ա. 4-րդ դարի կեսը անընդհատ զարգացող մշակույթ է։ Մշակութային օջախներ շատ կան, բայց շատ քչերն են, որ կարողանում են զարգացման ամբողջական շղթան ցույց տալ»,- ասում է Լևոն Պետրոսյանը:

 Լճաշենի մշակութային գանձերը Հարություն Մնացականյանից հետո շարունակել է բացահայտել Լևոն Պետրոսյանը, ինչը համարում է կյանքի լավագույն ձեռքբերումներից մեկը.

«204 դամբարան և 27 դամբարանաբլուր պեղել է Հարություն Մնացականյանը, մոտավորապես նույնքան՝ մի 5-10-ով պակաս պեղել է ձեր խոնարհ ծառան։ Դրանից հետո իմ պեղումները շարունակվեցին 80 ականների երկրորդ կեսին»- ասում է Լևոն Պետրոսյանը:

Լճաշենի համար 55 դամբարանը մեզ ոչինչ չասաց, բայց Լևոն Պետրոսյանի մեջ արթնացրեց լավագույն հիշողություններ։ Այն տարբերվում էր, հատակագծում կլոր էր, և 3 մետր խորությամբ հայտնվում է, միգուցե, ժամանակի իշխաններից  մեկը՝ ոսկե թագը գլխին։

 «Բացվեց նրա գլխի վրա ի՞նչ… ոսկե սկավառակը դրված նրա ճակատային մասում, հետո ոսկե ժապավեն, որն օղակում էր գլուխը՝ միանալով սկավառակին։ Հնարավոր է, որ սա եղած լինի թագի նախատիպը։ Սա տարիքով ամենահինն է, Հարություն Մնացականյանի կողմից պեղված դամբարանաբլուրներից հայտնաբերված այդ հոյակապ նյութերը սրանից շուրջ 700 տարի հետո են եղել։ Սա երրորդ հազարամյակի երկրորդ կեսի՝ 22-23-րդ դարերի դամբարան է»,՞ պատմում է Լևոն Պետրոսյանը:

 Լևոն Պետրոսյանի ուղեկցությամբ մեկ առ մեկ բացահայտում ենք Հայաստանի պատմության թանգարանի Լճաշենի բաժնի գանձերն ու մտածում, որ միգուցե, լճի մեկ այլ հատվածում դեռ ննջում են  մեկ այլ քաղաքակրթության վկայություններ։ 

  Իսկ թե ինչ կարող է լինել մեր տեսածն ու տեսագրածը լճի մեկ այլ հատվածում՝ մասնագիտական ուսումնասիրության կարիք ունի։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close