ԿարևորՀասարակություն

Վերջին հանդիպումը Սամվել Կարապետյանի հետ

Դեկտեմբերն էր։ «Ծովահայեր» ռադիոհաղորդումն էի նախատեսում սկսել։ Իսկ առանց Սամվել Կարապետյանի ծրագրիս իրականացումը չէի պատկերացնում։ Կեսօրից հետո էինք պայմանավորվել։  Մարմինը քայքայող հիվանդությունը թույլ չէր տալիս անկողնուց վեր կենալ։ Բայց ծրագիրս նրան էլ դուր եկավ։

Ու մոռանում էր հիվանդությունը, երբ խոսվում էր Հայաստանի, նրա պատմության եւ ժառանգության մասին։ Մոռանում էր հիվանդությունը, երբ մտածում էր, որ մի նոր ծրագիր էր ստեղծվելու` պատմելու համար Հայաստանի, նրա պատմության ու ժառանգության մասին։ Մոռանում էր հիվանդությունը, երբ մտածում էր, որ մարդիկ մի նոր բան են լսելու, տեսնելու ու կարդալու Հայաստանի, նրա պատմության ու ժառանգության մասին։

Դեկտեմբերն էր։ Վանի ջրասույզ բնակավայրերի քարտեզն էի ուզում կազմել Սամվել Կարապետյանի օգնությամբ։ Նրա հետ վերջին հանդիպումն էր։ Բայց ամեն հանդիպման պայմանավորվածությունն ինձ կենսական էներգիա էր հաղորդում, մտածում էի, թե միասին դեռ շատ անելիք ունենք։

Դեկտեմբերն էր։ «Չեմ հասցնի»,-  երբեմն- երբեմն կրկնում էր նա։ Խանդավառված պատմում էի նոր գաղափարների, նոր նախաձեռնության մասին։ Չէի ուզում լսել նրա «չեմ հասցնին»։ Մտածում էի, որ չապրելու իրավունք չունի, չէ՞ որ այնքան ծրագրեր ուներ, այնքան ծրագրեր ունեինք։

Թվում է, թե անգիր գիտի մեր մեծ հայրենիքի յուրաքանչյուր սանտիմետրը իր հազարամյակների պատմությամբ։

Դեկտեմբերն էր, վերջինն հանդիպումն էր։ Վերջին հարցազրույցը։ Արծկեի ջրասույզ բերդի մասին էր պատմում, մեր պատմական ջրասույզ հուշարձանների նոր հասցեներ հուշում։

Շատ պատմություններ զետեղված էին նրա «Հայաստանի պատմություն» 36 հատորյա մատենաշարում։  Ամեն այցիս նվիրում էր լույս տեսած մի հատորը։ Ամեն այցիդ մի նոր հատոր կնվիրեմ` խոստանում էր։ Ու անհամբերությամբ սպասում էի հերթական այցին։ 

Մեր պատմության մեջ առաջին անգամ լույս տեսավ ոչ թե «Հայոց պատմություն» այլ հենց Հայաստանի պատմությունը։ Նրա համար կարեւոը  հայերի պատմությունը չէր, այլ Հայաստանի.

Հայրենիքի հանդեպ իր նվիրումով հսկայական ժառանգություն  թողեց սերունդներին։  

Ոմանք Սամվել Կարապետյանին միանշանակ չէին վերաբերվում, ասելով, որ նա քրիստոնեությանը եւ ընդհանրապես կրոններին չի հավատում։ Նրա հավատքն ու կրոնը միակն էր` հայրենիքը։ Մնացյալը հայրենիքի ածանցյալներն էին նրա համար, իսկ հայրենիքը` Մեծ Հայքն էր։

Դեկտեմբերն էր, վերջին հանդիպումը։ Նշագրեցինք Վանի ջրասույզ բնակավայրերը։

Պայմանավորվեցինք, կհանդիպենք մարտի 1-ին` գարնան առաջին օրը։ Անհամբերությամբ սպասում էի։ Նա դեռ շատ գրքեր ուներ նվիրելու, նա դեռ շատ պատմություններ ուներ պատմելու մեր հայրենիքի եւ մեր կորցրած ժառանգության մասին։ Կորուսյալ ժառանգության, որ իր կյանքի ողջ ընթացքում գտավ, վերակենդանացրեց ու ժառանգեց սերունդներին։

Back to top button